Ամեն տարի Հայաստանում 15-20.000 պլաստիկ վիրահատություն է կատարվում, եւ տարեցտարի այս ցուցանիշն աճում է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ վիրահատվողների մեծ մասը Հայաստանի բնակիչներ են, բայց վերջին տարիներին քիչ չէ նաեւ օտարերկրացիների թիվը: Նրանց գրավում է Հայաստանում առաջարկվող վիրատահությունների գնի ու որակի օպտիմալ հարաբերակցությունը:
Ինչ վերաբերում է առավել տարածված վիրահատություններին. նախկինի պես առաջատարների եռյակում են ռինոպլաստիկան (քթի ձեւի փոփոխման վիրահատություն), կրծքի վիրահատությունն ու լիպոսակցիան:
Պլաստիկ վիրաբույժի խոսքով՝ այսօր բավական տարածված են ոչ միայն կուրծքը մեծացնելու, այլեւ փոքրացնելու վիրահատությունները, ընդ որում` դիմում են ինչպես տարիքով, այնպես էլ երիտասարդ պացենտներ, որոնք չափազանց մեծ կրծքի պատճառով անհարմարությունների են բախվում:
Այսօր՝ հուլիսի 6-ին Երեւանում մեկնարկել է պլաստիկ, վերականգնողական եւ էսթետիկ վիրաբուժության 11-րդ Միջազգային կոնգրեսը, որը կազմակերպվել է Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Ինչպես նշեց Արմեն Հովհաննիսյանը, այսօր աշխարհում պլաստիկ վիրաբուժությունը մեծ արագությամբ է զարգանում` գրեթե ամեն օր նոր տեխնոլոգիաներ եւ մոտեցումներ են հայտնվում: Այս տեխնոլոգիաներից լավագույնները պետք է Հայաստանի պրակտիկա բերել, եւ հատկապես այս նպատակներին են ծառայում սրա նման համաժողովները:
Կոնգրեսին հյուրեր են մասնակցում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից եւ Ղազախստանից: Մի քանի մասնագետներ Հայաստան են եկել՝ դասախոսություն կարդալու, մյուսների դասախոսությունները օնլայն կընթանան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր