Քաղցկեղը հաղթահարած տղան առաջին անգամ դպրոց կգնա

28 օգոստոսի, 2017  22:04

3 օր հետո 7-ամյա Հայկ Սիմոնյանն առաջին անգամ դպրոց կգնա: Նա պետք է առաջին դասարանում սովորեր դեռեւս անցյալ տարի, սակայն նրա ծնողները որոշել էին չշտապել. Հայկն այդ ժամանակ պայքարում էր սուր լիմֆոբլաստ լեյկոզի դեմ, եւ չնայած ակնհայտորեն հաղթում էր, ծնողները ցանկացան սպասել կայուն թուլացմանը:

Հայկի հիվանդությունը հայտնաբերվել է գրեթե 3 տարի առաջ: Այդ ժամանակ նրան մանկապարտեզ էին ընդունել, սակայն նա հասցրեց այնտեղ միայն 3 օր հաճախել: Հայկի մայրիկը՝ Հասմիկ Սիմոնյանը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ երբ իրենք պատրաստում էին մանկապարտեզ ընդունվելու փաստաթղթերը, ստիպված էին մի քանի սովորական անալիզներ հանձնել, որոնցից մեկով փոքրիկի արյան մեջ ինչ-որ խանգարումներ հայտնաբերվեցին: Ծնողներն անմիջապես անալիզի պատասխանը ցույց են տվել նեղ մասնագետին, լրացուցիչ անալիզներ են հանձնել…Ախտորոշումը նրանց ցնցել է. սուր լիմֆոբլաստ լեյկոզ: Արյունաստեղծ համակարգի քաղցկեղային հիվանդություն:

«Սկզբում ես ուղղակի հուսահատված էի,- այժմ հիշում է Հայկի մայրը: -Ես չգիտեի ինչ անել: Սակայն երբ երեխայի մոտ ինչ-որ տեղը ցավում է, ծնողը հանձնվելու իրավունք չունի, նա պետք է երեխայի համար ամեն ինչ անի, ինչ կարող է, նա պետք է մինչեւ վերջ պայքարի: Եվ մենք պայքարում էինք, եւ դա իր պտուղները տվեց»:

Հայկն այլեւս մանկապարտեզ չգնաց: Հաջորդող ամիսներին նա քիմիաթերապիա է ստացել Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնում՝ նախ հին մասնաշենքում, իսկ նորը բացելուց հետո ձեռք բերած արդյունքների ամրապնդմանն աջակցող բուժում է ստացել արդեն նորում:

«Բուժումը երկարատեւ էր, ցավոտ, բայց մենք կարողացանք ամեն ինչ հաղթահարել: Հայկը ոգու ուժը եւ դրական տրամադրվածությունը երբեք չկորցրեց, նա ինձ էլ էր աջակցում եւ ինձ թույլ չէր տալիս թուլանալ»,- հիշում է Հասմիկ Սիմոնյանը: «Մենք խնդիրներ ունեինք միայն սնվելու հարցում. բուժման ընթացքում Հայկն ընդհանրապես ախորժակ չուներ, եւ նրան կերակրելը բավականին դժվար էր»,- ասում է մայրը:

Եղել են նաեւ դրական պահեր. մասնավորապես՝ «Կյանք նվիրիր» հիմնադրամը հիվանդ երեխաների համար մի քանի անգամ տարբեր միջոցառումներ է կազմակերպել, նրանց նվերներով ուրախացրել եւ տարբեր աստղերի հետ շփվելով: Մի անգամ նույնիսկ երեխաների մոտ եկավ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

«Հայկը Մխիթարյանի ստորագրությունն ունի, եւ այն խնամքով պահում է»,- հայտնեց նա:

Ծնողներից շատերը, տեղեկանալով, որ իրենց երեխաների մոտ ուռուցքային հիվանդություն կա, անմիջապես որոշում են նրան արտասահման տանել: Հասմիկն, իր խոսքով, երբեք նման միտք չի ունեցել, քանի որ նա տեսնում էր, որ Հայաստանում իր որդին այնպիսի բուժում է ստանում, ինչպիսին կստանար ցանկացած զարգացած երկրում: Դրանից բացի, նրան եւ Հայկին անչափ դուր էր գալիս բուժող բժիշկ Լալա Վաղարշակյանը:

Արդեն անցյալ տարի հիվանդությունը նահանջել է, սակայն ծնողները չեն ցանկացել Հայկին դպրոց ուղարկել, քանի որ նրա օրգանիզմը դեռեւս թույլ էր, եւ վտանգ կար, որ նա կարող էր դպրոցում որեւէ ինֆեկցիայով վարակվել: Ծնողների եւ բժիշկների կարծիքով՝ Հայկն այս տարի դպրոց գնալուն պատրաստ է:

«Մենք շուտով նրան վերջապես դպրոց կուղարկենք»,- ժպտում է Հայկի մայրիկը:

 

NEWS.am Medicine

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ