• Latest news

Քաղցկեղը հաղթահարած 5-ամյա աղջիկը երազում է Ամանորին կիթառ նվեր ստանալ

29 դեկտեմբերի, 2017  20:52

Ամանորյա եւ Ծննդյան տոների նախաշեմին հիվանդանոցներում գտնվող երեխաները ավելի մեծ ուշադրության են արժանանում, քան սովորաբար. նրանց մեծ թվով բարեգործներ են այցելում, նվերներ տալիս: 5 տարեկան Անահիտը, որը հիմա գտնվում է «Մուրացան» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքում, նույնպես վերջին շրջանում շատ նվերներ է ստացել՝ ինչպես շոու բիզնեսի ներկայացուցիչներից, այնպես էլ բացարձակապես անծանոթ մարդկանցից: Նվերների թվում շատ տիկնիկներ եւ այլ խաղալիքներ կան, սակայն չկար այն, ինչի մասին աղջիկը արդեն շատ ամիսներ երազում է՝ կիթառ:

Անահիտի մայրը՝ Նարինե Ադամյանը NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց, որ աղջիկը ահա արդեն 6 ամիս բուժվում է Բերկիտի լիմֆոմայի դեմ, եւ չնայած նրան հաջողվել է հաղթել հիվանդությունը, ստիպված կլինի Ամանորը հիվանդանոցում դիմավորել՝ նա պետք է վերականգնվի քիմիաթերապիայի վերջին կուրսից հետո: Մի քանի ամիս առաջ, դեռեւս մինչ այն, երբ նրա մոտ հիվանդությունը հայտնաբերեցին, Անահիտը ծանոթների մոտ կիթառ է տեսել եւ փորձել նվագել: Այդ ժամանակից ի վեր երաժշտական գործիքը նրա մտքից չի հեռանում՝ նույնիսկ բուժման ժամանակ նա ասում է, որ կիթառ է ուզում, սակայն ոչ խաղալիք, այլ իսկական:

Գրեթե կես տարի առաջ Նարինեն, քաղաքից դուրս 20-օրյա ուղեւորությունից վերադառնալով, նկատել է, որ կրտսեր դստեր փորը տարօրինակ կերպով մեծացել է: Աղջկան անմիջապես մանկաբույժի մոտ է տարել, ով նրանց սոնոգրաֆիական հետազոտության է ուղարկել: Սոնոգրաֆիայի մասնագետը, նրան զննելով, ասել է, որ շտապ պետք է հիվանդանոց գնան:

Այսպես աղջիկը հայտնվեց «Արաբկիր» ԲԿ-ում, որտեղ իրականացված հետագա հետազոտություններով որովայնային խոռոչում հայտնաբերվեցին նորագոյացություններ եւ հեղուկ: Բիոպսիան հաստատեց Բերկիտի լիմֆոման, եւ աղջկան ուղարկեցին «Մուրացան» ԲԿ, քիմիաթերապիայի բաժանմունք:

Անահիտը քիմիաթերապիայի 5 կուրս է ստացել, որից հետո նրան համակարգչային տոմոգրաֆիա են կատարել՝ գնահատելու համար բուժման արդյունավետությունը: Պատկերներում նորագոյացությունները որովայնային խոռոչում դեռեւս տեսանելի էին, սակայն որոշ մասնագետներ կասկածեցին տեսածին եւ առաջարկեցին ախտորոշիչ վիրահատություն կատարել՝ հասկանալու համար, թե իրականում բուժումն ինչպես է ընթացել եւ հիվանդությունն իսկապես նահանջել է, թե ոչ:

Բարեբախտաբար, վիրահատությունը ցույց տվեց, որ աղջկա մոտ այլեւս ոչ մի գոյացություն չկա, եւ հյուսվածքաբանական անալիզով հաստատվեց, որ Անահիտի մոտ քաղցկեղային բջիջներ չկան:

Ճիշտ է, վիրահատությունից հետո նրան քիմիաթերապիայի եւս մեկ կուրս էր սպասում, որը պետք է վերջնականապես հիվանդությունը հաղթահարեր:

Հիմա Անահիտը քիմիաթերապիայից հետո վերականգնվում է: Բժիշկների խոսքով՝ առաջիկա ամիսների ընթացքում ծրագրում են նրան արդեն դուրս գրել՝ նա կվերադառնա տուն, որտեղ նրան են սպասում 2 ավագ քույրերը, սակայն դեռեւս մի քանի տարի էլ կմնա բժիշկների հսկողության ներքո:

Ինչպես նշեց Նարինեն, Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների բուժման մեջ ամենաբարդը հարցի ֆինանսական կողմն է:

«Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ աղջկաս հետ, ես հավատացի, որ Հայաստանում կարելի է քաղցկեղը հաջողությամբ բուժել, մեզ մոտ, պարզվում է, հոյակապ մասնագետներ կան: Բուժում կա,  բայց այդ բուժմանն անհրաժեշտ դեղերը շատ թանկ են»,- նշեց աղջկա մայրիկը՝ հավելելով, որ հիվանդանոցում բուժումը կազմակերպվել է պետպատվերի շրջանակում, եւ որոշ դեղամիջոցներ նույնպես պետպատվերի շրջանակում անվճար են ստանում: Սակայն կան դեղեր, որոնք հիվանդներն իրենք պետք է գնեն, եւ այդ դեղերը շատ թանկարժեք են:

Նարինեի խոսքով՝ աղջկա համար անհրաժեշտ դեղերը գնելու հարցում իրենց ընտանիքին օգնել են բարեգործական հիմնադրամները, իրենք բժիշկները, ինչպես նաեւ բարի մարդիկ, որոնք իրենց նույնիսկ չէին ճանաչում, բայց ցանկանում էին ինչ-որ բանով օգնել: Մեծ աջակցություն են ցուցաբերել իրենց երեխաների հետ հիվանդանոցում գտնվող այլ ծնողներ, սակայն արդեն բարոյական:

«Բոլոր ծնողներին խորհուրդ կտայի իրենց երեխաների նկատմամբ չափազանց ուշադիր լինել: Ցանկացած տարօրինակ ախտանշանի դեպքում անմիջապես բժշկի դիմել, դա չհետաձգել: Կարեւոր է անհրաժեշտ պահին լավ բժշկի մոտ հայտնվելը, - ասաց Նարինեն: - Կարեւոր է նաեւ թե՛ Աստծուն հավատալը, թե՛ այն բանին, որ ամեն ինչ լավ կլինի»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել