• Latest news

Ամերիկացիները ստեղծել են առաջին ունիվերսալ ԴՆԹ պատվաստանյութը գրիպի վիրուսի բոլոր շտամների դեմ

31 դեկտեմբերի, 2017  17:45

Բժիշկները, կենսաբանները եւ դեղագործները վաղուց են փորձում գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ ստեղծել: Դա այնքան էլ հեշտ չէ անել, քանի որ վիրուսների շտամները մշտապես մուտացիայի են ենթարկվում:

Միայն ԴՆԹ պատվաստանյութն է կարող նման բան անել, որը բջիջների մեջ գենետիկ կոդ է ներդնում՝ դրանք կողմնորոշելով հակագենի արտադրմանը, որը իմունային պատասխան է առաջացնում:

Այս դեպքում հակավիրուսային ԴՆԹ պատվաստանյութը մարդու բջիջներին կստիպի հակագեներ արտադրել, ախտածինների դեմ պայքարում նաեւ կուժեղացնի հակամարմինները եւ Т բջիջները (իմունային բջիջներ):

Վաշինգթոնի համալսարանի Բժշկական դպրոցի պրոֆեսոր Դեբորա Ֆուլերի ղեկավարած խումբը ԴՆԹ պատվաստանյութ է մշակում՝ օգտագործելով գրիպի վիրուսի գենետիկ բաղադրիչները: Հետազոտողներն ընտրում են «կոնսերվատիվ» բաղադրիչներ, որոնք ժամանակի ընթացքում չեն փոփոխվում: Եթե պատվաստանյութը ներգործի հենց դրանց վրա, ապա նույնիսկ գեների դրեյֆի կամ այլ փոփոխությունների դեպքում շտամներում դրա ազդեցությունը արդյունավետ կլինի, պարզաբանել են հեղինակները:

Առայժմ պատվաստանյութի առաջին տարբերակը պարունակում է A գրիպի վիրուսի 4 տարբեր շտամների սպիտակուցները կոդավորող ԴՆԹ: Այս սպիտակուցները յուրաքանչյուր առանձին շտամին ուժեղ իմունային պատասխան են առաջացնում:

Իմունային պատասխանի հզորությունը մեծացնելու համար հետազոտողները պատվաստանյութին E. coli բակտերիայի (աղիքային ցուպիկ) պլազմիդներ են ավելացրել (ԴՆԹ-ի ոչ մեծ մոլեկուլներ), ինչպես նաեւ B հեպատիտի վիրուսի ԴՆԹ: Այս բաղադրիչները նպաստում են հակագեների արտադրմանը, որոնք ուժեղ իմունային պատասխան են առաջացնում:

Մակակների վրա պատվաստանյութի փորձարկման ժամանակ մասնագետները հայտնաբերել են, երեք դոզայից հետո դեղամիջոցը սկսել է հզոր իմունային պատասխան գեներացնել գրիպի 4 շտամներից յուրաքանչյուրի նկատմամբ: Սակայն, ինչն ավելի կարեւոր է, բջջային պատասխանը տարածվել է նաեւ շտամների վրա, որոնք «խնդրի պայմաններում նշված չէին», այսինքն՝ պատվաստանյութն իսկապես ունիվերսալ է եղել: Ըստ որում՝ պաշտպանությունը 100-տոկոսանոց էր:

Հետազոտողները հայտնում են, որ ԴՆԹ պատվաստանյութի արտադրությունը համեմատաբար էժան է, ինչպես նաեւ արագ. դրա վրա միջինում 3 ամիս է ծախսվում, մինչդեռ դասական դեղամիջոցներն արտադրվում են մոտ 9 ամսում:

Ունիվերսալ պատվաստանյութը հիվանդներին նաեւ կազատի գրիպի դեմ ամենամյա պատվաստումներ կատարելուց: Եվ եթե հանկարծ նոր համաճարակային վիրուսի շտամ հայտնվի, ապա ԴՆԹ պատվաստանյութը, արագ ներգործության շնորհիվ, կկարողանա կանխել համազգային համաճարակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել