• Latest news

Յոգուրտն օգտակար է սրտի եւ անոթների առողջության համար

15 փետրվարի, 2018  22:37

Նույնիսկ փոքր քանակությամբ յոգուրտը չափազանց բարենպաստ է ազդում սիրտ-անոթային համակարգի առողջության վրա՝ սրտի կաթվածի հավանականությունը նվազեցնելով մոտ 17-21 տոկոսով: Այս մասին նշված է American Journal of Hypertension հրապարակված հոդվածում:

«Մենք վաղուց էինք ենթադրում, որ յոգուրտի երկարաժամկետ օգտագործումը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, քանի որ համանման արդյունքներ էին հայտնաբերվել մի քանի այլ կաթնաթթվային մթերքներում: Մենք ցույց տվեցինք, որ դա իսկապես այդպես է՝ հետեւելով շատ մեծ թվով տղամարդկանց եւ կանանց, որոնք բարձր ճնշում ունեին, եւ որոնց կյանքին մենք որոշ դեպքերում հետեւել ենք ավելի քան 30 տարի»,- պատմում է Բոստոնի համալսարանից (ԱՄՆ) Ջասթին Բուենդիան:

Բուենդիան եւ նրա գործընկերները, ուսումնասիրելով ԱՄՆ-ում 1980-ից 2012 թվականներին անցկացված  բուժքույրերի  (NHS) եւ բուժաշխատողների (HPFS) շրջանում առողջության մոնիթորինգի նախագծի շրջանակում սոցիալական եւ առողջապահական ծառայությունների հավաքած տվյալները, պարզել են, որ յոգուրտները բարերար են ազդում արյան շրջանառության օրգանների վրա:

Ընդհանուր առմամբ, գիտնականներին հաջողվել է ստանալ ավելի քան 73 հազար միջին տարիքի եւ տարեց ամերիկացիների սննդակարգի եւ առողջության մասին տվյալներ, որոնցից մոտ 4 հազարը մահացել է այս նախագծերի աշխատանքի ընթացքում: Սա Բուենդիային եւ նրա գոծընկերներին թույլ է տվել հասկանալ, թե նրանց սննդակարգի որ բաղադրիչներն են կապված եղել վաղաժամ մահվան հետ, եւ որ բաղադրիչներն են մահը հեռացրել ու առողջությունն ամրացրել:

Ինչպես ցույց է տվել այս տվյալների վերլուծությունը, նույնիսկ փոքր քանակությամբ յոգուրտի օգտագործումը՝ շաբաթական մոտ 2 չափաբաժին, ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց մոտ բավականին ուժեղ է ազդել սիրտ-անոթային համակարգի վրա:

Օրինակ՝ այսպիսի դեպքերում բուժքույրերի եւ բժիշկների սրտի կաթվածների հավանականությունը նվազել է մոտ 17 եւ 21 տոկոսով: Ի հավելումն՝ սրտի եւ անոթների ցանկացած այլ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը նվազել է կանանց դեպքում 16 տոկոսով, տղամարդկանց՝ 31 տոկոսով, եթե նրանք առողջ սննդակարգով են սնվել:

Գիտնականներն առայժմ չգիտեն, թե ինչու է սա տեղի ունենում, սակայն ենթադրում են, որ յոգուրտի բարերար ազդեցությունը կապված է ազոտի մոնօքսիդի արտադրումը խթանելու հետ, որը թուլացնում է անոթները եւ դրանց ստիպում ընդարձակվել, իսկ դրա մեջ պարունակվող ֆերմենտները կարող են խոչընդոտել դրանց պատերին խոլեստերինային վահանիկների առաջացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է