• Latest news

Հղիության ժամանակ ձկան յուղը եւ պրոբիոտիկները նվազեցնում են ապագա երեխայի մոտ ալերգիայի զարգացման հավանականությունը

2 մարտի, 2018  21:38

Եթե ապագա մայրիկը սնունդի մեջ ձկան յուղ կամ պրոբիոտիկներ է օգտագործում, ապա դա կարող է դրական ազդել երեխայի առողջության վրա: Գիտնականներն այսպիսի եզրակացություն են կատարել՝ երեխայի մոտ ալերգիայի կամ էկզեմայի զարգացման հավանականության վրա հղի կնոջ սննդակարգի ազդեցության հետազոտության հիման վրա՝ իրականացված  մեծ մեթաանալիզի շրջանակում, որը ներառել է ավելի քան 400 տարբեր հետազոտություններ եւ 1,5 մլն մարդու տվյալներ:

Այսպես՝ եթե հղի կինն ամեն օր ձկան յուղի պարկուճներ է օգտագործել՝ 20-շաբաթական հղիությունից սկսած եւ կրծքով կերակրելու առաջին 3-4 ամիսներին, ապա երեխայի մոտ ձվի նկատմամբ ալերգիայի զարգացման հավանականությունը 30 տոկոսով  նվազել է: Ավելին՝ ձկան յուղն օգնել է 38 տոկոսով նվազեցնել գետնընկույզի նկատմամբ ալերգիայի առաջացումը: Ճիշտ է, վերջին եզրակացությունը հիմնված է ավելի փոքր թվով տվյալների վրա, նշում են գիտնականները

Ինչ վերաբերում է պրոբիոտիկներին (որոնք հիմնականում պարունակում են Lactobacillus rhamnosus բակտերիաներ), ապա հետազոտությունը ցույց է տվել, որ եթե կինը 36-38-շաբաթական հղիությունից սկսած եւ կրծքով կերակրելու առաջին 3-6 ամիսների ընթացքում ամեն օր պարկուճի ձեւով պրոբիոտիկային հավելում է օգտագործել, ապա երեխայի մոտ էկզեմայի զարգացման հավանականությունը 22 տոկոսով կրճատվել է: «Պաշտպանության» ժամանակահատվածը տեւել է՝ 6 ամսականից սկսած եւ մինչեւ երեք տարեկան:

Հետազոտության մեջ հաշվի են առել պրոբիոտիկների օգտագործումը պարկուճի, փոշու կամ ըմպելիքի ձեւով (յոգուրտների մեծ մասը բավարար քանակությամբ պրոբիոտիկներ չի պարունակում): Հղիության վաղ ժամկետներում պրոբիոտիկներ չեն օգտագործվել:

Ճիշտ է, Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները նշում են, որ ցանկացած մեխանիզմ, որը կկարողանար նման հարաբերակցությունը բացատրել, մինչ օրս հայտնի չէ:

Սակայն կա մեկ վերապահություն. ձկան յուղի օգտագործման մասին դրական եզրահանգումները վերաբերում են միայն այն հավելումներին, որոնք Օմեգա-3 պոլիհագեցած ճարպաթթուներ են պարունակել: Իսկ ահա Օմեգա-6 պոլիհագեցած ճարպաթթուները ոչ մի կերպ չեն ազդել երեխայի մոտ ալերգիայի զարգացման հավանականության վրա:

Հետազոտության հեղինակները նշում են, որ բոլոր հետազոտությունները (բացի մեկից) դիտարկել են ձկան յուղը որպես հավելում օգտագործելու դեպքերը, այլ ոչ դրա օգտագործումը: Մասնագետներից շատերը մինչեւ հիմա նախազգուշացնում են հղիության ժամանակահատվածում ձկան չափավոր օգտագործման անհրաժեշտության մասին՝ ձկան շատ տեսակներում հայտնաբերված սնդիկի հետքերի պատճառով:

Գիտնականները նաեւ ոչ մի համոզիչ ապացույց չեն գտել, որ հղիության ժամանակ պոտենցիալ ալերգեն որեւէ մթերքի (կաթնամթերք, ընկուզեղեն կամ ձու) օգտագործումն ինչ-որ կերպ ազդում է երեխայի մոտ ալերգիայի եւ էկզեմայի առաջացման հավանականության վրա:

Վերջնարդյունքում հետազոտության հեղինակները ապագա մայրիկներին խորհուրդ են տալիս 36-շաբաթական հղիությունից սկսած եւ կրծքով կերակրելու առաջին 6 ամիսների ընթացքում ամեն օր պրոբիոտիկային հավելումներ օգտագործել: Իսկ ձկան յուղ անհրաժեշտ է օգտագործել ամեն օր՝ 20-շաբաթական հղիությունից սկսած եւ կրծքով կերակրելու մոտ 4 ամիսներին:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ սննդակարգում մյուս «միջամտությունները» ոչ մի կերպ կապված չեն երեխայի մոտ ալերգիայի կամ աուտոիմունային հիվանդությունների զարգացման մեծ հավանականության հետ: Այսպես՝ ամփոփման մեջ է մտել ժամկետների հետազոտումը, երբ երեխան սկսում է կոշտ կերակուր օգտագործել, եւ բազմաթիվ վիտամինների, հանքանյութերի, մրգերի կամ բանջարեղենի օգտագործումը:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են PLOS Medicine գիտական ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է