Ծնկահոդի էնդոպրոթեզավորում. խնդրի վերջնական լուծում՝ առանց ցավի. «Իզմիրլյան» ԲԿ մասնագետ

19 ապրիլի, 2018  19:54

Հայաստանում վերջին շրջանում աճում է ծնկահոդի էնդոպրոթեզավորման թիվը: Այս վիրահատությունը հաջողությամբ իրականացվում է, մասնավորապես, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց օրթոպեդիայի եւ սպորտային վնասվածքների բաժանմունքի օրթոպեդ-վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանը:

Նրա խոսքով՝ հայ վիրաբույժները բավական վաղուց են յուրացրել ծնկահոդի էնդոպրոթեզավորման տեխնիկան, սակայն կատարվող վիրահատությունների ծավալը դեռեւս մի քանի տարի առաջ շատ փոքր էր՝ ամբողջ հանրապետությունում տարեկան 20-30 վիրահատություն: Իսկ հիմա միայն «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեսկզբից կատարվել է այդպիսի 10 վիրահատություն: Կատարվում է նաեւ ուսահոդի էնդոպրոթեզավորում, սակայն ավելի փոքր թվով:

Ինչպես նշեց Ստեփան Մաթոսյանը, զարգացած երկրների ցուցանիշների համեմատությամբ սա փոքր թիվ է, սակայն դա պատճառաբանվում է այն հանգամանքով, որ զարգացած երկրներում արթրոզի արդեն երկրորդ փուլում տարեցներին պարտադիր էնդոպրոթեզավորում են կատարում, որի դիմաց վճարում է կա՛մ պետությունը, կա՛մ ապահովագրությունը: Իսկ Հայաստանում վճարում է հիվանդը, ուստի մարդիկ վիրահատության են դիմում արդեն բավականին բարձիթողի արթրոզի դեպքում:

Բժիշկը հավելեց, որ այդուհանդերձ, ինչպես կոնքազդրային, այնպես էլ ծնկահոդի էնդոպրոթեզավորման ծավալը տարեցտարի աճում է նաեւ մեզ մոտ, քանի որ հոդերում դեգեներատիվ պրոցեսի դեպքում սա միակ միջամտությունն է, որը հիվանդներին թույլ է տալիս լիովին վերականգնվել եւ առանց ցավի ու հաշմվելու նորմալ կյանք վարել: Ինչպես հայտնեց Ստեփան Մաթոսյանը, «Իզմիրլյան» ԲԿ-ում ծնկահոդի պրոթեզավորման ժամանակ օգտագործվում են 2 արտադրողների՝ Zimmer-ի եւ DePuy Johnson&Johnson-ի շատ որակյալ իմպլանտները: Ֆիրմաները հիվանդանոցում կոնսիգնացիոն պահեստ ունեն, որտեղ կա էնդոպրոթեզների ամբողջ շարքը: Հիվանդը պրոթեզի համար վճարում է ֆիրմային, վիրահատության ժամանակ պահեստից վերցվում է անհրաժեշտ չափի էնդոպրոթեզը, այնուհետեւ ֆիրման շարքը համալրում է:

Ինչ վերաբերում է ուսահոդին, ապա, բժշկի խոսքով, աշխարհում այս հոդի էնդոպրոթեզավորումն ավելի քիչ թվով է կատարվում, քան կոնքազդրային հոդի կամ ծնկահոդի, քանի որ վերին վերջույթների շարժումների սահմանափակումները մարդկանց կյանքի որակն այնքան չեն վատթարացնում, որքան ստորին վերջույթներինը: Այստեղ վիրահատության հիմնական ծավալը բաժին է ընկնում պտտող թեզանիքի պաթոլոգիայի բուժմանը: «Ուսահոդի դեպքում մենք ավելի շատ բախվում ենք վնասվածքային հետեւանքների հետ, քան դեգեներատիվ պրոցեսի: Ամենատարածվածը պտտող թեզանիկի վնասվածքն է, որի դեպքում առաջանում են պտտվող շարժումների սահմանափակումներ եւ ցավ»,- ասաց նա՝ հավելելով, որ թեզանիկի վերականգնման համար կատարվում են ուսի ինչպես բաց վիրահատություններ, այնպես էլ արթրոսկոպիկ: Մեթոդի ընտրությունը կախված է ինչպես վիրահատության ծավալից, այնպես էլ բժշկի եւ հիվանդի նախընտրությունից: «Իզմիրլյան» ԲԿ-ում մեծ ծավալով արթրոսկոպիկ վիրահատություններ են կատարվում նաեւ ծնկահոդի վրա:

Ավելի լավ հասկանալու համար, թե ինչու է առաջանում հոդերի վիրաբուժական բուժման անհրաժեշտությունը, բժիշկը ներկայացրեց, թե ինչ է արթրոզը, արթրոզի ինչ տեսակներ կան եւ բուժման ինչպիսի մեթոդներ են կիրառվում:

Արթրոզ

«Սա հոդերի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություն է, որն ախտահարում է հոդային աճառը, որից հետո պրոցեսը փոխանցվում է ոսկրերին, կապաններին, հոդաշապիկին, ներհոդային կառույցներին եւ այլն: Աճառը մեր օրգանիզմի յուրահատուկ հյուսվածք է, որի մեջ չկան ո՛չ նյարդեր, ո՛չ անոթներ: Այս պատճառով շարժումներ կատարելիս, ասենք՝ քայլելիս մենք ցավ չենք զգում, չնայած աճառները քսվում են մեկը մյուսին: Սակայն այս հատկությունը հակառակ կողմ էլ ունի: Վնասվելու դեպքում աճառներն այլեւս չեն վերականգնվում, քանի որ օրգանիզմում վերականգնվում են միայն սնուցում ստացող հյուսվածքները: Երբ աճառը մաշվում է, ոսկրի մեջ գտնվող նյարդային վերջավորությունները հայտնվում են մակերեւույթին մոտ, եւ այդ ժամանակ մարդը շարժումներ կատարելիս ցավ է զգում»,- պարզաբանեց բժիշկը:

Առաջնային եւ երկրորդային արթրոզներ

Առաջնային արթրոզներին են դասվում ինվոլյուտիվ օստեոարթրոզները եւ դիսպլաստիկ արթրոզները:

Հոդերում ինվոլյուտիվ օստեոարթրոզներն առաջանում են ժամանակի ընթացքում՝ առանց արտաքին ազդեցության, այսինքն՝ դրանք կապված են հոդերում տարիքային փոփոխությունների հետ:

Դիսպլաստիկ արթրոզներն առաջանում են հոդերի բնածին արատների պատճառով, օրինակ՝ հոդերի մի մասը թերզարգացած է, ինչի պատճառով խախտվում է հոդի կառուցվածքը, խանգարվում է բիոմեխանիկան, մի հատվածը ծանրաբեռնվածության տակ է ընկնում, մյուսը սկսում է մաշվել եւ այլն:

Երկրորդային արթրոզներն այն արթրոզներն են, որոնք առաջանում են այս կամ այն հիվանդության հետեւանքով: Օրինակ՝ վնասվածքների, կոտրվածքների, մետաբոլիկ կամ հորմոնալ խանգարումների:

Արթրոզների կանխարգելում

Ստեփան Մաթոսյանը նշեց, որ առաջին հերթին՝ բոլոր բացասական գործոնները պետք է բացառել՝ ավելորդ քաշը, ֆիզիկական ծանր աշխատանքը: Անհրաժեշտ է վերահսկողության տակ վերցնել հորմոնալ, մետաբոլիկ խանգարումները: Դիսպլաստիկ արթրոզների դեպքում վիրահատություններ կան, որոնք խոչընդոտում են հիվանդության հետագա զարգացմանը:

Արթրոզի բուժում

Բուժումը կարելի է բաժանել 2 մեծ խմբի՝ կոնսերվատիվ եւ վիրաբուժական:

Կոնսերվատիվ բուժումը ներառում է դեղորայքային թերապիա եւ առողջ կենսակերպի վարում: «Հետաքրքիր է, որ ֆիզկուլտուրան հոդերի համար օգտակար է, սակայն սպորտը՝ վնասակար: Սպորտի բոլոր ձեւերը, բացառությամբ թերեւս լողի, վերջնարդյունքում բերում են հոդերում արթրոզի զարգացման, քանի որ սպորտն օրգանիզմի համար ոչ համաչափ ծանրաբեռնվածություն է»,- նշեց նա:

Դեղորայքային թերապիան խոնդրոպրոտեկտորներով թերապիա է. դեղեր, որոնք պաշտպանում են աճառային հյուսվածքը: Թերապիայի առավել տարածված ձեւն է հիալուրոնաթթվով ներարկումները, որը աճառների սինովիալ հեղուկի բաղադրամասն է, եւ դեֆորմացվող արթրոզների դեպքում նվազեցնում է կլինիկական ախտանշաններն ու կանգնեցնում հիվանդության հետագա զարգացումը: «Սակայն նման բուժումը համադարման չէ: Եթե օստեոարթրոզը 3-4-րդ փուլում է, այս ներարկումները մեծ արդյունք չեն ապահովում»,- ասաց օրթոպեդը:

Վիրահատություններ

Բժշկի խոսքով՝ կա վիրահատությունների 2 խումբ, որոնք կիրառվում են դեֆորմացնող արթրոզների դեպքում: Մի խումբը ախտանիշային պալիատիվ վիրահատություններն են, որոնք վիճակը մեղմում են, բարելավում: «Այս վիրահատություններից են, օրինակ, արթրոսկոպիկ վիրահատությունները. մենք մտնում ենք հոդի մեջ, հեռացնում ցանկացած տեսակի անհարթությունները, ժողովրդի լեզվով ասած՝ «շլիֆովկա» (հղկում) ենք անում: Սակայն այս դեպքում եւս, եթե արթրոզը 2-րդ փուլից անցել է, ապա վիրահատությունը կա՛մ օգուտ չի տա, կա՛մ կարճաժամկետ օգուտ կտա: Կան շտկվող օսթեոտոմիաներ: Երբ դեֆորմացված արթրոզի հետեւանքով վերջույթի առանցքը տեղաշարժվում է, այդ դեպքում մենք առանցքն ուղղում ենք եւ զուգահեռ արթրոսկոպիկ հղկում կատարում, սակայն սա նույնպես խնդրի վերջնական լուծում չէ: 3-4-րդ փուլի արթրոզի դեպքում կարող են օգնել միայն ռադիկալ վիրահատությունները՝ արթրոդեզը եւ հոդերի էնդոպրոթեզավորումը»,- ասաց բժիշկը:

Նրա պարզաբանմամբ՝ արթրոդեզը վիրահատություն է, որի ժամանակ վիրաբույժները հոդերն անշարժացնում են՝ հեռացվում է վնասված աճառային հյուսվածքը, ոսկորները դրվում են մեկը մյուսի վրա եւ ֆիքսվում մետաղական հեղույսներով, որպեսզի շարժումներ եւ ցավ չլինեն: Արթրոդեզը հաշմող վիրահատություն է, սակայն որոշակի պայմանների առկայությամբ, բժշկի խոսքով, սա միակ հնարավոր տարբերակն է:

«Իհարկե, արթրոզի ժամանակ հնարավորության դեպքում պետք է կատարել էնդոպրոթեզավորում՝ սա այսօրվա դրությամբ միակ վիրահատությունն է, որը կարող է հիվանդին նորմալ կյանքին վերադարձնել: Որոշակի ռեաբիլիտացիայից հետո նման հիվանդները լիովին վերականգնվում են եւ կարող են ակտիվ կենսակերպ վարել»,- ամփոփեց Ստեփան Մաթոսյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
ՀՀ առողջապահության նախարարությանը կհաջողվի՞ կյանքի կոչել հակածխախոտային օրինագիծը
Այո
Ոչ
Չգիտեմ