• Latest news

Անսարք մամոգրաֆն ու աշխատավարձից անհասկանալի պահումները․ «Ելք» խմբակցության անդամները այցելել են 19-րդ պոլիկլինիկա

29 մայիսի, 2018  17:25

Երեւանի թիվ 19 պոլիկլինիկայում արդեն վաղուց մամոգրաֆը չի աշխատում, սակայն չգիտես ինչու մամոգրաֆիայի անցկացման համար դրամարկղային կտրոններ  շարունակում են տպվել։ Բացի դրանից, բժիշկներին ու բուժքույրերին ստիպում են վճարել կոմունալ ծառայությունների համար, չնայած Երեւանի քաղաքապետարանը այդ ծառայությունների համար գումար է հատկացնում։ Այդ ու նման գանգատներով Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներին էին դիմել երեւանյան թիվ 19 պոլիկլինիկայի ավելի քան 30 աշխատակիցներ։

Այդ գանգատների հետքերով «Ելք» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վարդանյանը լրագրողների խմբի հետ այցելել էին 19-րդ պոլիկլինիկա։

Ի վերջո, պոլիկլինիկայի մամոգրաֆն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ՝ այս հարցի պատասխանը պարզելն այնքան հեշտ չէր, որքան կարող էր թվալ՝ դեպի կաբինետ տանող երկու դռները փակ էին։ Այն հարցին՝ արդյոք այդ դռներից որեւէ մեկով հիվանդներն են մտնում, հարեւան կաբինետի բուժքույրերը անհասկանալի ու խուսափողական պատասխաններ էին տալիս՝ ասելով, որ այդ դուռը «ներքին» է, իսկ հիվանդները այնտեղ են մտնում «արտաքին» դռնից։ «Արտաքին» դռան առաջ, միջանցքում,  բազմոց էր դրված, ու հստակ երեւում էր, որ դրանով վաղուց ոչ մեկը կաբինետ չի մտել։ Իսկ ռադիոլոգին մոտակայքում գտնել չհաջողվեց։

«Իմ տվյալներով՝ մամոգրաֆիայի սարքը երբեք չի աշխատել,- ասաց Դավիթ Խաժակյանը: - Իմ ձեռքին տարբեր ժամանակաշրջանում տրամադրված 10 հազար դրամ արժողությամբ երեք դրամարկղային կտրոններ են՝  մամոգրաֆիայի հետազոտության անցկացման համար։ Ամենաթարմը 2018-ին է տպված։ Բայց այդ սարքը առհասարակ երբեք չի աշխատել։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Մեր տեղեկություններով՝ այստեղ են բերել նոր սարքավորում, որը չի օգտագործվում ու այդպես էլ նոր մնացել է։ Դա թաքցնելու համար ժամանակ առ ժամանակ մամոգրաֆիայի հետազոտության կտրոններ են տպում։ Եթե ուշադրություն դարձնեք, բոլոր այդ կտրոնները տպվել են ամսվա վերջին օրերին։ Այդ կտրոնները ցույց են տալիս իբրեւ մամոգրաֆն աշխատում է, բայց իրականում այն չի աշխատում, ու այդ դուռն իզուր չէր փակ»։

Ռադիոլոգին, որը կատարում է մամոգրաֆիկ հետազոտությունը, դժվարությամբ գտան։ Բացելով դուռը՝ նա ներս թողեց «Ելք»  խմբակցության անդամներին ու լրագրողներին ու սկսեց բացատրել, որ  մամոգրաֆն ինքը աշխատում է, բայց չի աշխատում ժապավենը տպող սարքը, ընդ որում՝ առավելագույնը մեկ ամիս։ Նշենք, որ այդ մամոգրաֆը 1988 թվականին է արտադրված։ Իսկ տնօրենի բուժական գծով տեղակալն ասաց, որ ոչինչ չգիտի մամոգրաֆի ու այն մասին, թե ինչպես է այն աշխատում։ Գանձապահն, իր հերթին, այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե երբ է վերջին անգամ մամոգրաֆիական հետազոտության համար կտրոն տրամադրել։

«Ելք» դաշինքի անդամներին նաեւ դժգոհեցին, որ առաջին՝ քչերն են տեղյակ, թե որքան աշխատավարձ են ստանում, երկրորդ՝ նրանց աշխատավարձից մեծ գումարներ են պահվում կոմունալ ծառայությունների համար, երրորդ՝ պոլիկլինիկայի աշխատակիցների համար արձակուրդ գնալը մեծ խնդիր է, որն առանց անձամբ տնօրենին նվեր անելու չի լուծվում:

Այսօր պոլիկլինիկայի բժիշկների մեծ մասը հրաժարվեց լրագրողների ներկայությամբ այս ամենի մասին բացահայտ խոսել: Պոլիկլինիկայի բժիշկներից միայն մեկը՝ օֆտալմոլոգը նշեց, որ հաշվապահությունում իրեն ասել են, որ իր աշխատավարձից պահում են մոտ 10 տոկոս, հատկապես ձմռանը՝ կոմունալ ծառայությունների համար: Հաշվապահությունում նրան նաեւ ասել են, որ այս ամենը օրենքի շրջանակում է կատարվում: Ավելին՝ չգիտեն, թե որքան է կազմում նրանց աշխատավարձը, որպեսզի հասկանան՝ որքան է պահվում: Երբեմն թվում է, թե պահել են մինչեւ 20-25 հազար դրամ:

Պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը այս բոլոր մեղադրանքները հերքեց՝ պնդելով, որ բոլոր աշխատողները երբ ցանկանում են՝ արձակուրդ են գնում, առանց որեւէ խնդրի, իսկ աշխատավարձից պահումները օրենքի շրջանակում են:

Պոլիկլինիկա այցելելուց հետո ինչպես նշեց Դավիթ Խաժակյանը, պատրաստվում է դատախազություն հայտնել պոլիկլինիկայի ղեկավարության ապօրինի գործողությունների մասին: Մնացյալը քննությունը կպարզի:

«Տնօրենի փաստարկները նույնքան համոզիչ էին, որքան թիվ 16 պոլիկլինիկայի արդեն նախկին տնօրենի փաստարկները»,- նշեց Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ նախկինում NEWS.am Medicine-ի խմբագրությունը եւս բողոքներ է ստացել այս պոլիկլինիկայի աշխատակիցներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել