• Latest news

Առաջին անգամ 3D տպիչով մարդու աչքի եղջերաթաղանթ են տպել

31 մայիսի, 2018  11:43

Նյուքասլի համալսարանի գիտնականները՝ Չե Կոննոնի գլխավորությամբ, առաջին անգամ 3D պրինտերով տպագրել են մարդու աչքի եղջերաթաղանթ։ Ծրագրվում է, որ փորձարկումներից հետո այն կարելի է փոխպատվաստել հիվանդներին։ Հոդվածը հրապարակվել է Experimental Eye Research ամսագրում։

Այսօրվա դրությամբ 10 միլիոն մարդ եղջերաթաղանթի փոխպատվաստման կարիք ունի՝ կուրությունից խուսափելու համար, եւս հինգ միլիոնը արդեն կորցրել է տեսողությունը, բայց կարող է այն վերականգնել նման փոխպատվաստումից հետո։

Այդ կապակցությամբ աշխարհի բազմաթիվ լաբորատորիաներում իրականացվում է 3D պրինտերով տպագրված եղջերաթաղանթի մշակում։ Որպես «թանաք» գործածվում է հատուկ կազմը, որի մեջ «լողում են» ցողունային բջիջները, որոնք արդեն պատրաստ են դառնալու աչքի եղջերային պատյանի բջիջներ։

Այդ կազմը պետք է առաձգական լինի, որպեսզի որպես «թանաք» օգտագործվի 3D տպագրության համար ու միաժամանակ՝ բավականաչափ կոշտ, որպեսզի պատրաստի եղջերաթաղանթը պահպանի ձեւը։ Վերջապես կարեւոր է, որ դրա մեջ պարունակվող բջիջները ողջ մնան։ Առայսօր ոչ մի գիտական խմբի չի հաջողվել համատեղել այդ երեք պայմանները։

Հիմա այդ խնդիրը լուծված է։ Հետազոտությունը ցույց է տվել, որ տպագրությունից հետո առաջին օրը կենսունակ  է մնացել բջիջների ավելի քան 90 տոկոսը, իսկ յոթերորդ օրը՝ 83 տոկոսը։ Ընդ որում՝ տպագրության համար գործածվում է համեմատաբար ոչ թանկարժեք բիոպրինտեր, իսկ բուն պրոցեսը տասը րոպեից էլ քիչ ժամանակ է  պահանջում։

«Հիմա մենք ունենք գործածման համար պատրաստի կենսաբանական թանաք, որը պարունակում է ցողունային բջիջներ, որոնք օգտատերերին թույլ են տալիս սկսել հյուսվածքների տպագրություն՝ առանց բջիջների բազմացման մասին անհանգստանալու»,- պատմում է Կոննոնը հետազոտության մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելին՝ հեղինակները ցույց են տվել, որ եղջերաթաղանթի ձեւն ու չափսը կարելի է ընտրել յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես։ Դրա համար նրա աչքերը սքանավորվում են, ու համակարգիչը այդ տեղեկությունը վերափոխում է հրահանգների 3D պրինտերի համար։

Զանգվածային պրակտիկա դառնալու համար այդ տեխնոլոգիան պետք է անցնի կլինիկական փորձարկումների փուլը։ Այն, ամենայն հավանականությամբ, մի քանի տարի կտեւի։ Ու միայն համապատասխան մարմինների կողմից հավանություն ստանալուց հետո հնարավոր կլինի օգնել առաջին հիվանդներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել