• Latest news

Քիմիաթերապիայի 6 կուրս եւ 5 կիթառ. փոքրիկ Անահիտի դեմքին վերջապես ժպիտ է հայտնվել (ֆոտո)

7 հունիսի, 2018  21:40

Ընդամենը մի քանի ամիս առաջ 5-ամյա Անահիտին տեսնելիս կարելի էր մտածել, թե նա ընդհանրապես չի ժպտում: Փոքրիկ աղջկա համար չափից ավելի հասուն եւ չափից ավելի թախծոտ հայացք ուներ: Բայց այսօր նա միանգամայան փոխվել է. նույնիսկ երբ դեմքը լուրջ է, աչքերը ժպտում են:

Անահիտը հաճելի վարդագույն զգեստով է եւ մոխրագույն ժակետով, նրա մազերը սկսել են աճել, նա առույգ է, ակտիվորեն շփվում է մյուս երեխաների եւ մեծահասակների հետ:

Կես տարի առաջ Անահիտն ավարտել է բուժումը՝ քիմիաթերապիայի 6 կուրս, որոնք անհրաժեշտ էին Բերկիտի լիմֆոմայի դեմ պայքարելու համար: Դեկտեմբերի 30-ին նա Հրազդան՝ տուն է վերադարձել հիվանդանոցում երկար ժամանակ անցկացնելուց հետո: Եվ նույն օրն էլ նվեր է ստացել, որի մասին վաղուց էր երազում՝ իսկական կիթառ:

Անահիտի մայրը՝ Նարինե Ադամյանը, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ երբ արդեն իրերն էին հավաքում, որ «Մուրացան» կլինիկայից հեռանան, որտեղ աղջիկը մի քանի ամիս բուժվել է, մի անծանոթ զանգահարեց եւ ասաց, որ փոքրիկ Անահիտի համար նվեր ունի: Հիվանդանոցին տաքսի մոտեցավ, եւ վարորդը զարմացած Նարինեին անհայտ բարերարից կիթառ ու նոտատետր փոխանցեց:

«Անահիտն այնքան ուրախացավ, որ անհնար է բառերով փոխանցել: Նա ուղղակի երջանիկ էր: Ահռելի կիթառ, գրեթե նրա հասակի չափով»,- պատմում է աղջկա մայրը:

Աղջկան երկար երազած կիթառը նվիրած մարդու անունը ընտանիքն այդպես էլ չիմացավ: Սակայն նա միակը չէր, ով կարդալով Անահիտի մասին՝ ցանկացել էր նրան նվեր անել. աղջկա մոր խոսքով՝ հաջորդ օրերին եւս 30 մարդ է իրեն զանգահարել եւ ասել, որ ցանկանում է Անահիտին կիթառ նվիրել: Նարինեն նրանց ասում էր, որ աղջիկն արդեն կիթառ ունի, ոմանք շարունակում էին պնդել եւ այնուամենայնիվ, բերում էին կիթառները, մյուսներն ասում էին, որ եթե այդպես է, ինչ-որ այլ բան կնվիրեն՝ խաղալիք, հագուստ…

«Գիտեք, ինչն է հետաքրքիր: Այդ մարդկանցից ոչ մեկը չցանկացավ ներկայանալ: Բոլորն ասում էին, որ կարդացել են Անահիտի մասին եւ ցանկանում են նրան ուրախացնել, իսկ իրենց անձը նշանակություն չունի… Մենք անչափ շնորհակալ ենք այդ բոլոր բարի մարդկանց, նրանք իսկապես Անահիտի մեջ շատ դրական զգացումներ առաջացրին»,- ասաց նրա մայրը:

Նոր տարուն Անահիտն արդեն ուներ 5 իսկական կիթառ (այդ թվում՝ մեկ բաս կիթառ) եւ եւս 7 խաղալիք կիթառ: Ավելորդ գործիքները նա եւ նրա մայրը որոշել են բաժանել անապահով ընտանիքների երեխաներին, որոնք երաժշտության հանդեպ հետաքրքրություն ունեն:

Հիմա Անահիտը իր զարմուհու մոտ սովորում է կիթառ նվագել եւ անհամբեր սպասում է, թե երբ կկարողանա երաժշտական դպրոց ընդունվել: Անահիտը, սակայն, այս տարի դպրոց չի գնա՝ ո՛չ հանրակրթական, ո՛չ երաժշտական: Քանի որ նա բոլորովին վերջերս է հաղթահարել ծանր հիվանդությունը, նա առաջիկա ամիսներին պետք է զգույշ լինի, չմրսի եւ վիրուսային հիվանդություններով չվարակվի, իսկ դպրոցներում բավական դժվար է այս հիվանդություններից խուսափել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել