Թոքերի հիվանդությամբ միջին տարիքի անձանց մոտ մեծանում է ապագայում դեմենցիայի կամ կոգնիտիվ խանգարումների զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում ներկայացված հետազոտության մեջ:
Ընդհանուր առմամբ, վերլուծվել են 14 հազար մարդկանց տվյալները, որոնց միջին տարիքը կազմել է 54 տարեկանը: Նրանց թոքերի վիճակի ախտորոշման համար անցակացվել է սպիրոմետրիա:
Կամավորներին հետեւել են 23 տարի՝ հատուկ ուշադրություն դարձնելով դեմենցիայի կամ կոգնիտիվ խանգարումների զարգացման փաստերին: Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է դեմենցիայի 1407 դեպք:
Ստացած տվյալների վերլուծությունը վկայում է դեմենցիայի (այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության) եւ թոքերի ռեստրուկտիվ (թոքերի իդիոպատիկ ֆիբրոզ, սարկոիդոզ) ու օբստրուկտիվ (թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդություն) հիվանդությունների միջեւ կապի առկայությունը:
Ընդհանուր առմամբ, ռեստրիկտիվ հիվանդությունների դեպքում դեմենցիայի զարգացման հավանականությունը մեծացել է 58 տոկոսով, իսկ օբստրուկտիվի դեպքում՝ 33 տոկոսով:
Գիտնականները սա բացատրում են թոքերի հիվանդության հետեւանքով արյան մեջ թթվածնի ցածր մակարդակով, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ուղեղի արյունատար անոթների վրա:
Միաժամանակ, հետազոտության մեջ առկա է որոշ սահմանափակում, քանի որ կամավորների թոքերի վիճակը գնահատվել է միայն հետազոտության սկզբում, եւ որոշ փորձարկվողներ մահացել են մինչեւ նրանց կոգնիտիվ ֆունկցիաների գնահատումը: Դրանից բացի, հետազոտությունը պատահական ընտրանքով եւ վերահսկվող չէր, ինչի հետ կապված թոքերի հիվանդության եւ դեմենցիայի պատճառահետեւանքային կապի ապացույցներ չկան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր