Աշխարհում տարեկան 6 միլիոն մարդ մահանում է ծխելու պատճառով, որոնցից 600 000-ի մահվան պատճառը կապված է պասիվ ծխելու հետ։ Այս մասին լրագրողներին պատմեց ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը։
Նրա փոխանցմամբ՝ աշխարհում յուրաքանչյուր 10 վայրկյանում մոտ 1 հոգի մահանում է ծխելուց։ Ըստ հաշվարկների՝ այս թվերը շարունակելու են աճել, եւ 2020 թվականին յուրաքանչյուր 3 վայրկյանում 1 մարդ է մահանալու։
Ինչպես նշեց Անդրանիկ Ոսկանյանը, ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ 25 տարբեր հիվանդություններ ուղղակիորեն կապված են ծխելու հետ. թոքերի քաղցկեղը, քաղցկեղների որոշ այլ տեսակները եւ բրոնխիալ ասթման այդ հիվանդություններից ընդամենը մի քանիսն են։
Թոքերի ուռուցքների պատճառով մահացության 90 տոկոսը եւ քրոնիկ բրոնխիտից մահացության 75 տոկոսը նույնպես ծխելով է պայմանավորված, նշեց գլխավոր թոքաբանը։ «Այս թվերն արդեն ասում են այն մասին, թե ինչ դեր է խաղում ծխախոտը հիվանդացության մեջ», - ասաց նա։
Հայաստանում ծխախոտի պատճառով մահացության վերաբերյալ ստույգ տվյալներ չկան, սակայն, ըստ պաշտոնական վիճակագրության, քաղցկեղ ունեցող տղամարդկանց ամեն երրորդը ունի հենց թոքերի քաղցկեղ, որի առաջացման գլխավոր պատճառներից մեկը հենց ծխելն է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day