• Latest news

Մայրանալ 40–ից հետո. երկու միայնակ կանանց հաջողված պատմությունները

7 սեպտեմբերի, 2023  18:27

Պտղաբերության կենտրոն դիմած քառասունն անց երկու միայնակ կին արտամարմնային բեղմնավորման համար նախապատրաստական և հետազոտական փուլերն անցնելուց հետո առաջին իսկ փորձից հեշտությամբ հղիացել են և գրեթե միաժամանակ որդիներ ունեցել:

Ամուսնության վկայականի բացակայությունը խոչընդոտ չի հանդիսացել նրանց համար. երկուսն էլ ասում են. «երեխա ունենալը կնոջ առաքելությունն է, և աննկարագրելի երջանկություն է պարգևում»:

Պտղաբերության կենտրոնի բժիշկ–վերարտադրողաբան Մարիամ Նահապետյանը պատմում է՝ կարծում էին, որ ընթացքը բարդ կլինի՝ հաշվի առնելով այդ տարիքում կանանց մոտ հանդիպող վերարտադրողական խնդիրները։ Սակայն երկուսի մոտ էլ հղիությունն ու ծննդաբերությունը թեթև են անցել:

51-ամյա Շուշանիկը

3.jpg (2.16 MB)

Կանանցից մեկը 51-ամյա Շուշանիկ Խաչատրյանն է: Պտղաբերության կենտրոնի մասին իմացել է «Ֆեյսբուքում» արտամարմնային բեղմնավորման մասին հայտարարությունից: Սկզբում վստահ չէր. մտածում էր, որ տարիքով մեծ է, հնարավոր է՝ բժիշկներն իրեն մերժեն։ Զանգել, գրանցվել է Պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանի մոտ, բայց մինչև վերջ կամուկացի մեջ է եղել։ Մտերիմ ընկերուհու քաջալերումից հետո է միայն վճռել ու Պտղաբերության կենտրոն հասել 1 ժամ ուշացումով։

Շուշանիկը պատմում է, որ Էդուարդ Համբարձումյանի հետ զրույցի ընթացքում հուզմունքը չի կարողացել զսպել և սկսել է արտասվել, քանի որ այլ տեղեր դիմելուց միշտ լսել է տարիքային սահմանափակումների մասին, իսկ այս կենտրոնը բացառություն է եղել։ Համապատասխան բժշկական հետազոտություններ և նախապատրաստական փուլը անցնելուց հետո Շուշանիկի մոտ հղիություն է գրանցվել, իսկ այս տարվա օգոստոսին նա արու զավակ է ունեցել։

4.jpg (1.58 MB)

«Մինչև վերջին պահը հավատս չէր գալիս, որ այս բալիկն իմն է, որ այս հրաշքը ինձ հետ է տեղի ունեցել: Ես պարզապես դիմել էի դիմելու համար։ Հետո քիչ-քիչ սկսեցի գիտակցել, որ արդեն մայրիկ եմ դարձել: Շնորհակալ եմ Աստծուն և իմ բժիշկներին, որ այսօր ունեմ հրաշալի բալիկ, որը լցրել է իմ կյանքը»,- ասում է Շուշանիկը:

1.jpg (2.97 MB)

Նա պատմում է, որ միշտ է մտածել երեխա ունենալու մասին: Այդ ցանկությունը մեծացել է հատկապես մոր մահից հետո։ Շուշանիկը շատ դժվարությունների միջով է անցել. Գյումրիում 1988 թվականի երկրաշարժի ժամանակ հարազատներ է կորցրել, այնուհետև տեղափոխվել է Երևան և սկսել զրոյից՝ վարձակալելով բնակարան և չունենալով հիմնական աշխատանք:

Այժմ իրավիճակն այլ է. Շուշանիկը ձեռք է բերել սեփական բնակարան և ամուր կանգնած է ոտքերի վրա: Գումար էր տնտեսել մեքենա գնելու համար, բայց երբ իմացել է, որ կարող է երեխա ունենալ, այդ գումարը ուրախությամբ տրամադրել է ԱՄԲ–ի համար։

2.jpg (4.19 MB)

47 տարեկան կինը

Մյուսը 47 տարեկանում է մայրացել, նա ցանկացավ անանուն մնալ։ Պատմեց, որ մտածել է, թե այս տարիքում առողջությունը թույլ չի տա առողջ բալիկ ունենալ։ Պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանի և վերարտադրողաբան Մարիամ Նահապետյանի աջակցությունը զգալիորեն հեշտացրել է ընթացքը։ Կինն օգոստոսին առողջ բալիկ է ունեցել:

«Անփոխարինելի զգացողություն է դա: Այնպիսի տպավորություն է, որ հոգիդ կիսում են, մի մասնիկ են քեզնից վերցնում ու հավերժ կապի մեջ ես մտնում քո երեխայի հետ: Իր ճիչը ինձ համար ամենաքաղցր ձայնն էր, իսկ առաջին հպումը ստիպեց հուզվել, չնայած որ ուրախությունից հազվադեպ եմ լաց եղել, ինձ համար դա ուրախության գագաթնակետն էր»,-ասում է կինը:

Նա պատմում է, որ չի հանդիպել մեկին, որի հետ կցանկանար ամուսնանալ: Երեխա ունենալու մասին վաղուց էր մտածում, բայց չէր համարձակվում. կային որոշ խոչընդոտներ և հասարակական կարծիքի խնդիր:

Տարիներ շարունակ աշխատել է, նյութապես ապահովել իրեն, ինչը, սակայն, նրան ուրախություն չի պարգեւել: Ասում է՝ ուրախությունը կապված է մարդկանց հետ՝ հարազատի, բալիկի, իսկ նյութականը միայն հարմարավետություն է ապահովում, և ոչ ավելին:

«Հասարակական կարծիքը հաճախ շեղում է: Հայկական մշակույթում և ավանդական ընտանիքներում դա ընդունված չէ. ասում են՝ պետք է ամուսնանալ, ընտանիք ստեղծել: Իսկ ես հասարակության համար չեմ ապրում, ապրում եմ երկրին օգուտ տալու և իմ կյանքը ճիշտ կառուցելու համար: Ես դժբախտություն չեմ համարում, որ անձնական կյանքս չի դասավորվել։ Դա չի նշանակում, որ իմ ապագան պետք է դրանով ավարտվի: Իսկ ամուսնանալ՝ ամուսնանալու համար ես երբեք չեմ ցանկացել», – ասում է նա:  

Կնոջ խոսքով՝ սկզբում հարազատների արձագանքը իր երեխա ունենալու ցանկությանը միանշանակ չէր, իսկ հիմա բոլորը երջանիկ են և ուրախ, որ տանը նոր լույս և կյանքն իմաստավորող է ծնվել:

Միայնակ կանանց խորհուրդ է տալիս՝ մայրանալուն առաջնահերթություն տալ՝ անկախ բոլոր խանգարող հանգամանքներից: Եթե կինն ի վիճակի է բալիկ ունենալ, անկախ ամեն բանից, պետք է գործի։ Բայց այդ ամենը պետք է արվի լուրջ պատասխանատվությամբ, որովհետև միայնակ երեխա դաստիարակելը հեշտ  չէ, և պետք է բոլոր առումներով պատրաստ լինել ծնող լինելու և երջանկացնելու այն մեկին, ում լույս աշխարհ ես բերել:

«Ջանի՜կս…արթնացավ…»,- հնչում է կնոջ ձայնն ու հեռախոսազրույցն ընդհատվում է։

Միայնակ կանանց մայրանալու հնարավորություն

«Անսահման ուրախ ենք երկուսի համար էլ: Նրանք ուժեղ և վճռական կանայք են:

Ի շնորհիվ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների, այսինքն ներարգանդային սերմնավորման և արտամարմնային բեղմնավորման, միայնակ կանայք կարող են մայրանալ թե ռեպրոդուկտիվ , թե բարձր ռեպրոդուկտիվ տարիքում: Մենք պատրաստ ենք մշտապես օգնել  և ուղղորդել այդ հարցում», -  ասում է բժիշկ Մարիամ Նահապետյանը:

IMG_5609 կռոպ.jpg (366 KB)

Պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանի խոսքով՝ վերջին օրենսդրական փոփոխությունները ավելի շատ հնարավորություններ են ընձեռում միայնակ կանանց համար։ Նախ՝ մինչև 42 տարեկան կանանց պետպատվերով կատարվում է սերմնավորում։ Մինչև 53 տարեկան կանայք կարող են դիմել արտամարմնային բեղմնավորման, վճարովի հիմունքներով։ Այստեղ նորությունն այն է, որ եթե այս կանայք այլևս չունեն սեփական ձվաբջիջներ, ապա նրանց կարող են տեղադրել դոնորական սաղմիկներ, որոնք նվիրաբերում են սաղմիկ սառեցրած բայց արդեն երեխա ունեցած զույգերը։ Այսպիսի նվիրատվության դեպքում կենտրոնը սաղմիկները տրամադրում է անվճար։ Իսկ եթե կինը ինքնուրույն չի կարող հղիություն կրել, ապա նա կարող է օգտվել փոխնակ մոր ծառայությունից։

maxresdefault177.jpg (268 KB)

«Այսպիսի բան անգամ եվրոպական երկրներում չկա, երբ ես այս ամենը ներկայացրեցի միջազգային գիտաժողովում, շատերը զարմացել էին», – ասում է բժիշկը։ Ըստ նրա՝ Հայաստանում մոտ 30 հազար 40-53 տարեկան միայնակ կին կա։ Եվ երկրում ծնելիության լուրջ խնդիր կա՝ տարեկան ընդամենը մոտ 40 000 երեխա է ծնվում։

Բժիշկը միայնակ կանանց կոչ է անում լինել ավելի խիզախ, կոտրել կարծրատիպերը, և չզրկել իրենց մայրության բերկրանքից։ Հասարակությանն էլ նա կոչ է անում ամեն կերպ խրախուսել այս կանանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է