• Latest news

«Ես լսում եմ թռչունների դայլայլը». Մեկնարկել է ծանրալսությամբ մարդկանց աջակցության ամենամյա նախագիծը (ֆոտո)

14 սեպտեմբերի, 2023  14:26

Արմեն Կավուկչյանը մեկնում է ձեռքը, որպեսզի տեղադրի նոր լսողական սարքը 42-ամյա պացիենտին, որը նստած է աթոռին՝ անհայտի սպասումով։ Նախկինում նա երբեք լսողական սարք չի կրել, չարացել է, երբ ցանկացել է ֆիլմ նայել, բայց ոչինչ չի լսել, երբ ընկերական շրջապատում ինչ-որ բուռն քննարկում է եղել, իսկ ինքը ուշ է հասկացել խոսքն ինչի մասին է եւ չի կարողացել մասնակցել խոսակցությանը։

1.jpg (10.56 MB)

Մեկ-երկու րոպե, եւ տղամարդու դեմքին աստիճանաբար թեթեւ ժպիտ, իսկ աչքերում՝ փայլ է հայտնվում։ Առաջ նրան հաջողվում էր խոսքը հասկանալ՝ խոսողի շրթունքներին նայելով, իսկ հիմա լսում է թիկունքին կանգնած մարդու բառերը եւ վստահ պատասխանում է Կավուկչյանի հարցերին, նկարագրում, թե ինչ է զգում:  Գիտակցում է, որ հիմա լսում է շատ ավելի լավ, դա նրա համար առայժմ անսովոր է, եւ փորձում է զսպել ուրախությունը։ Թվում է՝ մեկ րոպե առաջ մեր առջեւ նստածը բոլորովին այլ մարդ էր։

377941779_6502748216490975_3048029115845152952_n.jpg (413 KB)

Լսողական սարքը տղամարդուն տրամադրել են անվճար, Armenia Hearing  Aid Project-ի շրջանակում՝ ամենամյա նախագիծ, որի շրջանակում լսողական սարքերն անվճար տրամադրվում են ծանրալսությամբ այն անձանց, որոնք այս կամ այն պատճառով չեն ներառվել աջակցության այլ ծրագրերում։

Հաշվի առնելով գործունեության առանձնահատկությունները եւ լսողական պահանջմունքները՝ տարեց մարդկանց հիմնականում տրամադրվում են միջին դասի լսողական սարքեր, իսկ ավելի երիտասարդներին՝ բարձր դասի թվային լսողական սարքեր, որոնք կարելի է կարգավորել ոչ միայն ձեռքով, այլեւ սմարթֆոնի հատուկ հավելվածով։ Սարքի հետ միասին տրվում է նաեւ լիցքավորիչ, իսկ տեղադրումից հետո պացիենտը ստանում է խորհրդատվություն լսողական սարքի եւ հավելվածի օգտագործման մասին։  Սարքը կորցնելու դեպքում այն կարելի է գտնել այդ նույն հավելվածի օգնությամբ։ Այն նաեւ ձայնը կարգավորելու հնարավորություն ունի՝ ելնելով գտնվելու վայրից։

377949306_3526665967579440_1190061824691765403_n.jpg (441 KB)

Այսպես, օրինակ, Հովհաննեսը, որը ծրագրավորող է, աշխատանքի վայրում եւ ցանկացած այլ տեղում կունենա սարքի ձայնի ընկալումը կարգավորելու հնարավորություն։ Օրինակ, նա կկարողանա չեզոքացնել շրջապատի աղմուկը, եթե դա նրան խանգարի։

377902801_827678375726766_8786948333182792789_n.jpg (474 KB)

Սարքի տեղադրումից հետո գործում է վերահսկման անվճար ծառայություն։ Շահառուն կարող է զանգահարել կամ մոտենալ «Արաբկիր» բժշկական համալիրի տարածքում գործող սպասարկման կենտրոն ցանկացած հարցով՝ կապված լսողական սարքի հետ։ Ծառայությունների մեջ է մտնում սարքի կամ լիցքավորիչի խնդիրների շտկումը, մարտկոցների տրամադրումը, ինչպես նաեւ իրականացվում է պացիենտների տևական վերահսկում։

377918952_864697738718026_8978498918407635119_n.jpg (403 KB)

Արմեն եւ Հայկուհի Կավուկչյանների գաղափարին աջակցում են նրանց ընկերներն ու հարազատները Լոս Անջելեսից, ինչպես նաեւ նրանց 4 որդիները։ Նախաձեռնությանը մասնակցում են բազմաթիվ կամավորներ ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Հայաստանից։ Համատեղ աշխատանքի շնորհիվ մարդասիրական առաքելությունն իրականացվում է արդեն վեցերորդ տարին։

Պաղեստինցի աուդիոլոգ Հանին Լասեն (Hanin Lahseh) նախագծի շրջանակում ամեն տարի այցելում է Հայաստան, որպեսզի իր ավանդը ներդնի մարդկանց առողջության հարցում։ Նա պատմում է, որ իր մասնակցության պատճառը նախագծին մեծ սերն է Հայաստանի եւ հայերի հանդեպ։

5.jpg (13.47 MB)

Սենյակները, որտեղ մարդկանց լսողական սարքեր են տրամադրում, կարելի է անվանել «հրաշքների» սենյակներ, քանզի այնտեղ մտնում է մեկ, բայց դուրս է գալիս բոլորովին այլ մարդ՝ երջանիկ, թարմացած, պատրաստ շրջելու աշխարհը եւ նվաճելու Էվերեստը։

49-ամյա կինը, որի լսողական խնդիրներն առաջացել են 4 տարի առաջ պատահած վթարի պատճառով, դուրս է գալիս սենյակից արցունքներն աչքերին։ «Չլսելը նույնն է, ինչ չապրելը։ Չեք պատկերացնի դա ինչ է... Լսողության խնդիրների պատճառով եղել են իրավիճակներ, երբ մարդիկ ինձանից նեղացել են։ Օրինակ, նրանք բարեւել են, իսկ ես չեմ լսել։ Հիմա ամեն բան այլ կլինի։ Ես անչափ շնորհակալ եմ այս հիանալի մարդկանց՝ լսելու հնարավորության համար։ Լսելը ամեն ինչ է»,- ասում է նա։

4.jpg (10.31 MB)

Մեկ այլ կին փորձում է լսել սովորական պոլիէթիլենային տոպրակի շրշյունը և սեփական պայուսակի փականների ձայնը, ինչը նրան անասելի բավականություն է պատճառում։

«Տեսնու՞մ ես ինչ է տեղի ունենում։ Զգու՞մ ես՝ ինչպես են մարդիկ կտրուկ փոխվում։ Տե՛ս, թե ինչ վայելք է նրանց մոտ առաջանում»,- ասում է Արմեն Կավուկչյանը։

8.jpg (13.65 MB)

Հարցին, թե ինքն ինչ զգացողություններ է ունենում մարդկանց նման արձագանքը տեսնելիս, նա ձեռքը դնում է սրտին, իսկ աչքերը լցվում են։ «Մի հարցրու, չեմ կարող պատասխանել»,- ասում է նա եւ լռում, ու այդ լռությունը, գուցե, շատ ավելի խոսուն է, քան հազարավոր բառեր։

377942261_6565776723511174_6638926194187323091_n.jpg (496 KB)

Հայաստանում լսողական սարքերի առաջին նվիրատվություն ն այս ծրագրով տեղի է ունեցել 2017թ–ին՝ Starkey  Cares-ի եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ 2020թ–ին այն դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի եւ 44-օրյա պատերազմի պատճառով։ Արդեն 2021թ–ին նախագիծը վերականգնվել է՝ ներառելով 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնց մոտ լսողական խնդիրներ էին առաջացել հրթիռների և ականանետների պայթյունների հարվածային ալիքի պատճառով։

6.jpg (10.89 MB)

Հայկուհի Կավուկչյանը պատմում է, որ լսողական սարքերի տեսքը  վանում էր տղաներին։ Նրանք հրաժարվում էին կրել դրանք։ Բայց տեսնելով նոր սարքերը՝ աննշան, սեւ գույնի, հատուկ մուգ մազերով մարդկանց համար պատրաստված, նրանք համաձայնեցին կրել դրանք եւ սկսեցին խորհուրդ տալ իրենց զինակիցներին։ Հայկուհի Կավուկչյանն ասում է, որ իրենց համար ամենահուզիչը զինծառայողների հետ աշխատելն էր։

7.jpg (241 KB)

«Աշխատանքի ժամանակ մենք բացում էինք պատուհանները, որպեսզի մաքուր օդ լինի, իսկ պատուհաններից այն կողմ ծլվլում էին թռչունները։ Սարքի տեղադրումից հետո տղաներն ասում էին, որ լսում են թռչունների դայլայլը, և մենք բոլորս սկսում էինք լաց լինել»,- պատմում է Հայկուհի Կավուկչյանը։

Այսօր Հայաստանում շարունակվում է մարդասիրական նախագծի իրականացումը, հանուն որի Կավուկչյանները երկար ու բարդ ճանապարհ են անցել։ Բայց ամեն բան լիովին փոխհատուցվում է, երբ ամեն անգամ լսողական սարք ձեռք բերած մարդն ասում է, որ այս օրվանից նոր կյանք է սկսում։ 

377948170_1352893855304768_280745540940850439_n.jpg (380 KB)

Այս տարի նախաձեռնությունը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 16-ը։ Նախաձեռնության հայաստանյան գործընկերոջ՝ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նախագծին միացել են «Արաբկիր» բժշկական համալիրի պրոֆեսիոնալ բժիշկները, քիթ-կոկորդ-ականջաբանները, սուրդոլոգները, աուդիոմետրիստները։ Սպասվում է, որ այս տարվա առաքելության ավարտին նախագծի շահառուների ընդհանուր թիվը կգերազանցի 6000-ը։

վերջ.jpg (12.02 MB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել