• Latest news

Ուռուցքաբանության ոլորտում, այո, մենք ունենք հաջողություններ, բայց դա սկսել ենք մեկնարկային վատ կետից. Արա Բաբլոյան

3 փետրվարի, 2024  10:25

Ուռուցքաբանության ոլորտում մենք, այո, ունենք հաջողություններ, բայց ո՞ր կետից ենք հաշվարկում մեր հաջողությունները: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ջերմուկում ընթացող Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի բացման ժամանակ իր խոսքում նշեց «Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, մանկական վիրաբույժ-ուրոլոգ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:

«Արդյոք մենք ունենք հաջողություններ կանխարգելման առումով: Գալով ծխելու թեմային, պետք է ասեմ, որ մենք այստեղ դեռ շատ հետ ենք մնում: Դրա համար այն քայլերը, որոնք վերջին տարիներին իրականացվում են կառավարության կողմից, առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում առողջապահության նախարարության կողմից ուռուցքաբանության բոլոր ուղղություններով ծրագրերով զարգացնելուն,  այսինքն նախեւառաջ կանխարգելելու, վաղ հայտնաբերում, վաղ միջամտություն, վերականգնում, այս բոլոր ուղղությունները, այո, պետք է փոխկապակցված լինեն»,-ասաց նա:

Անդրադառնալով առողջապահության ապահովագրմանը, Արա Բաբլոյանն ասաց. «Ինչ խոսք, մենք պետք է մարդկանց կրթենք, դաստիարակենք, որ նրանք հասկանան, որ անկախ նրանից, որ փողը վճարել են ապահովագրվելու, նրանք չեն կարող ստանալ համապատասխան բժշկական ծառայություն անվճար, եթե իրենք նախօրոք չեն գնացել ու չեն մասնակցել այն սկրինինգներին, որոնք կանխարգելելու են հիվանդության ուշ հայտնաբերումը: Այսինքն մենք այս պահին ունենալով լավ արդյունքներ, իրականում չենք կարող ասել, որ այն կետը, որից սկսում ենք, դրա համար մեղավոր է կառավարությունը: Ոչ, այդ վատ կետին, վատ ցուցանիշին  մենք հասել ենք տասնյակ տարիների ընթացքում: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ եթե մենք 2022 թվականին մենք ունենք չարորակ ուռուցքներով հաստատված 20 մլն դեպք, ապա 2050-ին կանխատեսվում է 35 մլն դեպք: Կարծում եմ՝ մեր ջանքերը հենց ուղղված են դրան, որ մենք այդ 35 մլն-ի մեջ չլինենք, մենք լինենք այն թվերի մեջ, որոնք բերելու են 3-4  տոկոսը բարձրացնելու 5-6 տոկոսի եւ ավելի բարձր արդյունքների»,-ասաց Բաբլոյանը: 

Նշենք, որ այսօր Ջերմուկում մեկնարկել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը:  2024 թվականի կոնգրեսի խորագիրն է՝ «Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»:

Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։

Զեկույցներով հանդես կգան ավելի քան 50 մասնակիցներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Արգենտինայից, Վրաստանից և Իրանից:

Կոնգրեսին ներկա են ավելի քան 300 պատվիրականեր` ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն:

Ավանդույթի համաձայն 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կստանան գիտաթոշակ: Դրա գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցության վճարը հոգալու և այլնի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է