• Latest news

Նիդեռլանդների բնակիչը բոլորից երկար է ապրել ուրիշի սրտով

2 ապրիլի, 2024  08:14

Գինեսի ռեկորդների գիրքը հաստատել է, որ Նիդեռլանդների 57-ամյա բնակիչ Բերտ Յանսենն այն մարդն է, որը պատմության մեջ բոլորից երկար է ապրում պատվաստված սրտով։ Նա այդ վիրահատությանը ենթարկվել է ավելի քան 40 տարի առաջ, տեղեկացրել է BBC-ն։

17 տարեկանում Յանսենի մոտ հայտնաբերել են կարդիոմիոպատիա՝ հիվանդություն, որն ազդում է սրտի արյուն մղելու ունակության վրա։

Բժիշկները որոշել են, որ բուժման համար անհրաժեշտ է սրտի փոխպատվաստում, իսկ այն ժամանակ Նիդեռլանդներում նման վիրահատություններ չէին կատարում։ Այդ ժամանակ Յանսենի բժիշկը դիմել է բրիտանական Հարֆիլդ հիվանդանոց (Լոնդոն), որը մասնագիտացած է սրտի հիվանդությունների հարցում։

Նրա բուժմամբ զբաղվում է հանրահայտ եգիպտա-բրիտանացի վիրաբույժ Մագդի Յակուբը, որն ավելի ուշ ստացել է ասպետի կոչում բժշկության մեջ ունեցած ավանդի համար։

Սրտի պատվաստումն իրականացվել է 1984թ. հունիսի 6-ին, 18-ամյա Յանսենի հիվանդանոցում հայտնվելուց մեկ շաբաթ հետո։

«Ամեն ինչ շատ արագ կատարվեց,- պատմում է պացիենտը։- Հարֆիլդում գտնվելուց մեկ շաբաթ եւ Լոնդոնում լուրջ ավտովթարից հետո միանգամից երկու դոնորական սիրտ հայտնվեցին։ Դրանցից մեկը հարմար էր ինձ, եւ այն փոխպատվաստեցին»։

Յանսենն ասում է, որ «մինչեւ հիմա երախտապարտ է անհավանական ընծայի համար», որը նա ստացել է իր դոնորից։

Պացիենտի խոսքով՝ վիրահատությունից հետո նա արագ վերականգնվեց եւ այդ ժամանակվանից ապրում է լիարժեք կյանքով։ Այժմ Յանսենը կին եւ երկու երեխա ունի, եւ նա զբաղվում է գլայդերով թռիչքներով։

«Ես երազել անգամ չէի կարող, որ նման ճանապարհ կանցնեմ,- ասում է նա,- իմ կարծիքով՝ ամենակարեւորն այն է, որ իմ դեպքը կարեւոր փուլ դարձավ այլ մարդկանց համար։ Հիմա պաշտոնապես ընդունված է, որ դոնորական սրտով կարելի է այսքան հեռուն գնալ»։

«Ենթադրում եմ, որ հնարավորի սահմանները կարելի է նորից ընդլայնել, եւ ինձ համար հաճելի կլիներ, եթե մեկ ուրիշը ժամանակի ընթացքում կարողանա գերազանցել իմ ռեկորդը»,- ավելացնում է Յանսենը։

Յանսենի վիրահատությունը սրտի փոխպատվաստման 107-րդ դեպքն է Հարֆիլդի հիվանդանոցում։

Մագդի Յակուբը նման առաջին վիրահատությունը կատարել է 1980թ., եւ այդ ժամանակվանից սրտի փոխպատվաստումը գրեթե սովորական բան է դարձել. հազարավոր պացիենտներ ապրում են դոնորական սրտով, միայն 2022-2023թթ. հիվանդանոցում 54 անգամ նման վիրահատություն են կատարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել