• Latest news

Ծխելը Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի թիվ մեկ գործոնն է

10 հոկտեմբերի, 2014  20:51

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոններից առաջին տեղում, միանշանակ, ծխելն է: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց սրտաբան Մարինե Օրդյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում մահացության առաջին պատճառ հանդիսացող այս հիվանդության ռիսկի գործոնների թվարկումը բոլոր երկրներում միանման է, սակայն կախված երկրից՝ գործոնները կարող են փոխել տեղերը: Եթե, ասենք, ԱՄՆ-ում այդ ցուցակի առաջին տեղում կարելի է նշել ճարպակալումը, ապա Հայաստանում դա, միանշանակ, ծխելն է:

Ըստ մասնագետի, ռիսկի մյուս լրջագույն գործոններն են. նստակյաց կենսակերպը, անառողջ սնունդը, շաքարի մակարդակի անվերահսկելիությունը, խոլեստերինի մակարդակը, ալկոհոլի չարաշահումը:

Մարինե Օրդյանը նաեւ մի քանի թիվ նշեց. ամբողջ աշխարհում մահացության պատճառների շարքում սիրտ-անոթային հիվանդությունների մասնաբաժինը 30% է: Մահացությունների այս խմբում հիմնական պատճառները սրտի եւ ուղեղի կաթվածն են, ընդ որում, դրանք հավասարապես խլում են ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց կյանքը: Եթե սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը դիտարկենք ըստ երկրների, ապա միջին եւ ցածր եկամուտ ունեցող բնակչությամբ երկրներն այս ցուցանիշով զգալիորեն գերազանցում են զարգացած պետություններին:

Եվս մեկ համաշխարհային միտում է այս հիվանդությունների երիտասարդացումը: Եթե 20 տարի առաջ 35 տարեկան մարդու մոտ սրտի կաթվածն արտասովոր երեւույթ էր, ապա այսօր տարիքային այդ շեմը նվազել է մինչեւ 28-30 տարեկանի:

Սիրտ-անոթային հիվանդությունների պրոֆիլակտիկայի շուրջ խորհուրդներն ավանդական են. առողջ ապրելակերպ (ներառյալ ֆիզիկական ակտիվությունը, առողջ սնունդը եւ վնասակար սովորույթներից հրաժարվելը), ինչպես նաեւ ավելի շատ դրական զգացողություններ ու պակաս սթրես:

«Սրտաբաններն ասում են, որ ամենակարեւորը դրական էմոցիաներն են: Հարկավոր է ներել մերձավորին եւ չկենտրոնանալ կենցաղային խնդիրների վրա, քանի որ դրանք լուծվում են, իսկ սիրտ-անոթային հիվանդությունները՝ մնում»,- ասաց սրտաբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է