• Latest news

Ցողունային բջիջների ծերացումը կապված է աճի գործոնների հետ – ուսումնասիրություն

23 հունիսի, 2024  08:29

Մեր ոսկրածուծը՝ մեր ոսկորների ներսում գտնվող ճարպային, դոնդողանման նյութը, էներգիայի անտեսանելի աղբյուր է, որն օրական աննկատ 500 միլիարդ նոր արյան բջիջ է արտադրում: Այս գործընթացը կառավարվում է արյունաստեղծ ցողունային բջիջներով, որոնք մեր օրգանիզմում տարբեր տեսակի արյան բջիջներ են առաջացնում  և ինքնավերականգնվում են՝ ապահովելով արյան արտադրության ամբողջ հավաքական գծի անխափան աշխատանքը:

Ինչպես ցանկացած բարդ համակարգ, արյունաստեղծ ցողունային բջիջները տարիքի հետ կորցնում են ֆունկցիոնալությունը և, իրենց հերթին, մեծացնում են լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ արյան քաղցկեղի հավանականությունը: Մենք գիտենք, որ տարիքի հետ կապված հիվանդությունների զարգացման վտանգը տարբեր է մարդկանց մոտ: Սակայն զարմանալիորեն քիչ բան է հայտնի այն մասին, թե, արդյո՞ք, արյունաստեղծ ցողունային բջիջները տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ են ծերանում:

Եվ դրա համար ծանրակշիռ պատճառ կա․ քանի որ այս արյունաստեղծ ցողունային բջիջները շատ հազվադեպ են հանդիպում, հետազոտողները սովորաբար միավորում են այս բոլոր ցողունային բջիջները՝ դրանք ամբողջապես ուսումնասիրելով:

Blood ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականներն արյունաստեղծ ցողունային բջիջներն ուսումնասիրել են ինը, գենետիկորեն նույնական, միջին տարիքի մկների առանձին բջիջների մակարդակով․  սա առաջին հետազոտությունն է, թե ինչպես են ոսկրածուծի միկրոմիջավայրի աննշան փոփոխությունները հանգեցնում որոշ մկների արյունաստեղծ ցողունային բջիջների ծերացմանը:  

Գիտնականները պարզել են, որ թեև բոլոր մկները նույն տարիքի էին, սակայն այդ մկների ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջները տարբեր ձևով էին ծերանում: Բայց սա դեռ ամենը չէ։ Գիտնականների թիմը կարողացել է նաև կանխատեսել արյունաստեղծ ցողունային բջիջների գործառույթը՝ հիմնվելով աճի երկու գործոնի ակտիվության վրա, որոնք առկա են նաև մարդկանց մոտ: Աճի երկու գործոնը՝ Kitl-ն և Igf1-ը, արտադրվում են մեզենխիմալ ստրոմալ բջիջների (MSCs) կողմից, որոնք շրջապատում են ոսկրածուծի միկրոմիջավայրի ցողունային բջիջները:

Վերլուծելով այս հատկանիշները առանձին մկների մոտ՝ գիտնականները պարզել են, որ աճի այս գործոնների մակարդակի նվազումը կապված է արյունաստեղծ ցողունային բջիջներում տարիքային մոլեկուլային ծրագրերի հետ:

Ուսումնասիրության հեղինակների վկայությամբ, մարդկանց մոտ, որոնք գենետիկորեն բազմազան են և վարում են տարբեր ապրելակերպ, արյունաստեղծ ցողունային բջիջների ծերացման տարբերությունները, թերևս, ավելի մեծ կլինեն, քան մանրակրկիտ վերահսկվող կենդանիների մոդելներում:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է