• Latest news

Կարմրուկով բուժաշխատողը՝ Թոքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքո՞ւմ. ԱՆ–ն հերքում է

27 հունիսի, 2024  18:32

Թոքաբանության ազգային կենտրոնի երկու աշխատակից վարակվել են կարմրուկով, և նրանցից մեկը, NEWS.am Medicine-ի տեղեկություններով, գտնվում է Թոքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջին վարակվողը վիրաբույժ է, որը դիմել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն և այնտեղ բուժում է ստացել։ Սակայն նրա հետ աշխատած անձնակազմը պատշաճ կերպով չի մեկուսացվել, չեն պահպանվել կարանտինի նորմերը։ Ավելին, երկրորդ հիվանդը հոսպիտալացվել է հենց Թոքաբանության ազգային կենտրոնում, ինչը ևս խախտում է։

Մեզ հետ զրույցում Թոքաբանության կենտրոնի նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Վահե Հակոբյանն ասաց, որ կառավարության կողմից գործուղման մեջ է և պարզաբանման համար պետք է դիմել նախարարություն։

Առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ Թոքաբանության ազգային կենտրոնի երկու աշխատակից վարակված է եղել կարմրուկով և ստացել է համապատասխան բուժում։ Հետո հավելեց, որ նրանց վիճակը բավարար է եղել, և նրանք դուրս են գրվել։

«Նրանք, ցավոք սրտի, պատվաստված չեն եղել: Բուժաշխատողները, որպես պացիենտների հետ ամենօրյա շփում ունեցող անձինք, պետք է առավել պատասխանատու վարքագիծ դրսևորեն, պատվաստվեն և չվտանգեն թե՛ իրենց, թե՛ պացիենտների առողջությունը», – ասաց Մարիամ Ծատրյանը։

Դեպքի առթիվ գրառում է արել նաև «Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը։ «Շատ տարակուսելի է հիվանդ բուժաշխատողին  Թոքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պահելը ՝ վտանգելով և բուժաշխատողի, և մնացած հիվանդների կյանքը: Հուսամ ՀՀ առողջապահության համակարգում կգտնվեն պրոֆեսիոնալներ, որոնք իրենց մասնագիտական «դեմքը» կպահպանեն և կպայքարեն հանուն հիվանդների առողջության, այլ ոչ  մասնավոր անձերի բարորության», – գրել է նա։

Անուշ Պողոսյանը հիշեցրել է, որ դեռ 11.03.2023 -ին դիմել է ՀՀ Կառավարություն ՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող «Կարմրուկ» հիվադության հակահամաճարակային վերահսկողության հետ կապված խնդիրների պարզաբանման նպատակով (այդ ժամանակ դեպքերի թիվը մոտ 50 էր): «Հարցման պատասխանից ակնհայտ էր (անդրադարձել եմ նախորդ գրառումներում), որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության իրականացումը մեղմ ասած անհուսալի է, որի արդյունքում ունենք դեպքերի բավականին աճ», – գրել է Անուշ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ  Առողջապահության նախարարությունը վերջերս փոխել է «Թոքաբանության ազգային կենտրոնի» կազմակերպաիրավական ձևը, որպեսզի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանը, որը դատական կարգով վերականգվել էր իր պաշտոնում, չկարողանա կրկին այն զբաղեցնել։ Այնուհետև Թոքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը, որը նախկին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եղբոր որդին է։ Ու քանի որ նա 2024 թվականի զորակոչի «Կենտրոնական բժշկական հանձնաժողովի» նախագահն է, ապա տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց անմիջապես հետո (մայիս ամսից) գործուղվել է «Կենտրոնական բժշկական հանձնաժողով», և Թոքաբանության կենտրոնը փաստացի մնացել է առանց ղեկավար։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի մարտին Հայաստանում արձանագրվեցին կարմրուկի դեպքեր, որոնք տարածվել էին «Ուիգմոր» մանկական հիվանդանոցից: Այդ ժամանակվանից հիվանդությունը շարունակում է տարածվել, ՀՀ ԱՆ–ն ամենշաբաթյա ռեժիմով հայտնում է վարակի նոր դեպքերի մասին, ու, համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ վերցնել փաստացի չի հաջողվում։  

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել