Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակման դեպքից հետո շատերին մտահոգեց հարցը, թե արդյոք ճիշտ է կազմակերպվում մյուս բուժհիմնարկներում, մասնավորապես՝ ատամնաբուժարաններում, բժշկական գործիքների մանրէազերծման գործընթացը:
Ատամնաբուժարաններում գործիքների մանրէազերծման կազմակերպման վերաբերյալ NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանն ասաց, որ ատամնաբուժական կլինիկաներին լիցենզիա տրամադրելիս հատուկ ուշադրություն է դարձվում գործիքների մանրէազերծման սենյակների առկայությանը, դրանց վիճակին, տեխնիակական հագեցվածությանը, իսկ պահանջներին եւ չափանիշներին չհամապատասխանող կլինիկան գործունեության թույլտվություն պարզապես չի ստանում:
Մյուս կողմից, տեխնիկապես հագեցած մանրէազերծման սենյակի առկայությունը դեռեւս չի նշանակում, որ այն ճիշտ է օգտագործվելու: Ի վերջո, Քաջարանի հիվանդանոցում կար մանրէազերծման սենյակ, կենտրոնն էլ վերանորոգված էր՝ տեխնիկայով հագեցած: Եսայանը համաձայնեց այդ մտքին: «Կլինիկայում կարող է լինել ժամանակակից սարքավորում եւ լավ նյութեր (մանրէազերծման համար), սակայն անփութության եւ անաբարեխղճության պատճառով հնարավոր է գործիքների մանրէազերծման հետ կապված խնդիրներ առաջանան», - նշեց նա:
Ատամնաբույժի խոսքով՝ Քաջարանում տեղի ունեցած դեպքից հետո շատ բան կարող է փոխվել, քանի որ այն շատ լավ դաս էր առողջապահության ոլորտի բոլոր աշխատողների համար եւ այն կստիպի նորովի նայել հիգիենայի խնդրին, մարդկանց ավելի պատասխանատու կդարձնի:
Եսայանն ընդգծեց, որ հանրապետության բոլոր բուժհասատատություններում, այդ թվում՝ ատամնաբուժարաններում, ստուգումներ անցկացնելու մասին Առոջապահության նախարարի հրամանը շատ արդիական էր, եւ կարող է վերհանել հնարավոր խնդիրները եւ լուծել դրանք:
Իսկ ատամնաբուժարանների այցելուները, նրա խոսքով, ցանկալի է, որ ուշադրություն դարձնեն, թե օրինակ, ինչպիսի գործիք է օգտագործում ատամնաբույժը, ինչ վիճակում է նրա համազգետսը: Բացի այդ, նրանք կարող են նաեւ ամեն դեպքում ճշտել՝ մանրաէազերվա՞ծ են արդյոք գործիքները, թե՞ ոչ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր