• Latest news

Կրծքով կերակրման խրախուսումը Հայաստանում. խնդիրներն ու ձեռքբերումները. Մաս I

12 ապրիլի, 2015  14:48

2014 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանում նոր օրենք է ընդունվել՝ երեխաների կրծքով կերակրման խրախուսման եվ մանկական սննդի շրջանառության մասին: Օրեր առաջ ուժի մեջ մտած օրենքը արգելում է արհեստական կերի ցանկացած գովազդ եւ պարտավորում բուժաշխատողներին ամեն կերպ խրախուսել երեխայի առողջության համար անհրաժեշտ կրծքով սնուցումը:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը փորձել է պարզել, իրականում ինչ է արվում Հայաստանում այս ուղղությամբ, ինչ է փոխվել օրենքի ընդունումից հետո եւ ինչ միջոցներ են ձեռնարկվում մայրաքաղաքի եւ մարզերի բուժհաստատություններում կրծքով կերակրելը խրախուսելու համար:

Նեոնատոլոգ Սիրանույշ Էդիլյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է այն մասին, որ ծննդատանը, որտեղ ինքը աշխատում է, փոքրիկին ծնվելուց անմիջապես հետո դնում են մայրիկի որովայնի վրա՝ ապահովելով առաջին «մաշկ մաշկի» կոնտակտը: Այս կոնտակտը, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է ինչպես նորածնին, այնպես էլ մայրիկին: Այն ոչ միայն նրանց հոգեբանական կապն է ապահովում, այլեւ մի շարք ֆիզիոլոգիական գործընթացներ է սկզբնավորում երեխայի օրգանիզմում, որոնք կարեւոր են նրա հետագա առողջության համար:

Այնուհետեւ բժիշկները մի շարք միջոցառումներ են իրականացնում՝ ինչպես երեխայի, այնպես էլ մայրիկի հետ: Այդ ամենից հետո երեխային մոտեցնում են մայրիկի կրծքին: Նեոնատոլոգի խոսքով՝ դա փորձում են անել հնարավորինս շուտ՝ երեխայի ծնվելուց հետո մեկ ժամվա ընթացքում, եթե, իհարկե, երեխան վաղաժամ չի ծնվել եւ լուրջ առողջական խնդիրներ չունի:

Վաղաժամ ծնված երեխաներին կրծքով կերակրելը իր առանձնահատկություններն ունի: Ամեն ինչ կախված է նրանից, թե քանի շաբաթական է ծնվել երեխան եւ ինչ առողջական վիճակում է: Իսկ եթե կեսարյան հատում է իրականացվել, երեխային, նեոնատոլոգի խոսքով, մոտեցնում են կրծքին, երբ մայրիկն ու նորածինը լքում են վիրահատարանը եւ մոր վիճակը քիչ թե շատ կարգավորվում է: Մասնագետը նշեց, որ նույնիսկ կեսարյան հատումից հետո բուժաշխատողները փորձում են խրախուսել կրծքով սնուցման որքան հնարավոր է վաղ մեկնարկը:

Երբ նորածինն ու ծննդկանը պալատ են տեղափոխվում (հիշեցնենք, որ մեր երկրի ծննդատներում խրախուսվում է համատեղ կեցությունը, որն ավելի արդյունավետ է դարձնում կրծքով կերակրելը), բժիշկներն ու բուժքույրերը օգնում են երիտասարդ մայրիկներին կերակրել երեխային:

Նեոնատոլոգ Հեղինե Սարգսյանը նույնպես պատմել է, որ իր ներկայացրած բուժհաստատությունում մայրիկների հետ աշխատում են նեոնատոլոգն ու բուժքույրը: Եթե կինը առաջին անգամ է ծննդաբերում, նրան մանրամասն բացատրում են, ինչպես ճիշտ մոտեցնել կրծքին երեխային, ինչպես մշակել կուրծքը: Իսկ մշակել այն, պնդում է մասնագետը, պետք է միայն սեփական կաթով, ոչ մի «զելյոնկա», ոչ մի լվացում ու կոշտ սրբիչներ: Երիտասարդ մայրիկներին սովորեցնում են նաեւ, ինչ դիրքով կերակրել երեխային (ի դեպ, դա կարելի է անել ոչ միայն նստած դիրքում, այլ նաեւ պառկած եւ կանգնած՝ ինչպես հարմար է մայրիկին), տեղյակ են պահում, որ պետք չէ կերակրել երեխային ռեժիմով, որ կարելի է նրան մայրիկի անկողնում պառկեցնել՝ առանց վախենալու, որ նա կարող է որեւէ ինֆեկցիայով վարակվել (մայրիկի միկրոբների հետ փոքրիկը արդեն շփվել է):

Երբեմն, իհարկե, հանդիպում են երիտասարդ մայրեր, որոնք չեն ցանկանում կերակրել կրծքով: Ոմանք պնդում են, որ շուտով աշխատանքի են դուրս գալու եւ չեն կարողանա դա անել, ոմանք էլ վախենում են, որ կրծքով կերակրելը կարող է բացասաբար անդրադառնալ կազմվածքի վրա: Կան կանայք, որ վախենում են, թե երեխան սոված կմնա։ Այդպիսի մայրերին ծննդատան բուժաշխատողները փորձում են համոզել, որ կրծքով կերակրելն, ամեն դեպքում, ցանկալի է:

Արդյոք ամեն բան այդքան հարթ է իրականում

Այսպիսով, երեխայի ծնվելուց անմիջապես հետո, եթե ոչ մի խնդիր եւ բարություն չի արձանագրվել, բուժանձնակազմը պարտավոր է ապահովել մոր եւ փոքրիկի «մաշկ մաշկի» առաջին կոնտակտը, իսկ մեկ ժամվա ընթացքում այնպես անել, որ երեխան բռնի մոր կուրծքը։ Արդյոք բոլոր բժիշկներն են այդպես անում: Պարզելու համար NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է վերջերս ծննդաբերած կանանց հետ:

Անին ու Աստղիկը պատմել են, որ սկսել են կրծքով կերակրել երեխային նրա լույս աշխարհ գալուց երկու ժամ անց, իսկ բուժանձնակազմը ամեն կերպ աջակցել է նրանց այդ հարցում: Անին, ընդ որում, արդեն համապատասխան փորձ ուներ եւ գիտեր, ինչ է պետք անել:

Լուսինեին, ավաղ, նույն բախտը չի վիճակվել: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ իր երեխան ծննդաբերությունից հետո մի քանի ժամ գտնվել է վերակենդանացման բաժնում: Այնուհետեւ երեխային բերել են, սակայն նա արդեն կուշտ է եղել: Լուսինեին մեկ անգամ ցույց են տվել, ինչպես է պետք երեխային մոտեցնել կրծքին եւ փոքրիկի հետ մենակ են թողել: Երբ Լուսինեն գանգատվել է, որ երեխան հրաժարվում է կրծքից, հերթապահ բժիշկը կոպիտ սեղմել է փոքրիկի քիթը, որպեսզի նա բացի բերանը: Բժշկի եղունգների պատճառած վերքի սպին մինչ օրս պահպանվել է երեխայի քթի վրա:

Երեխան շարունակում էր հրաժարվել կրծքից եւ ծննդատան բուժանձնակազմը, չփորձելով պարզել պատճառները, միանգամից առաջարկել են Լուսինեին կոնկրետ ընկերության (անվանենք այն «X») արտադրած արհեստական կաթնախառնուրդով կերակրել նրան (արտադրողի ընտրությունը, պայմանավորված էր նրանով, որ, ըստ տվյալ ծննդատան բժիշկների, այդ ընկերության արտադրանքը «ավելի լավն է ու բնական»): Իսկ երբ Լուսինեն կրծքի հատվածում ցավեր է զգացել, եւ պարզվել է, որ նրա մոտ կաթի կանգ է տեղի ունեցել, կինը ստիպված է եղել բուժքույրին երեք հազար դրամ վճարել՝ ուղիները բացելու համար:

Լուսինեն, ի դեպ, այդպես էլ չի սկսել կրծքով կերակրել:

Մեկ ու կես ամիս անց Լուսինեն գնացել է պոլիկլինիկա՝ պլանային զննման եւ պատվաստման: Մանկաբույժը, իմանալով, որ Լուսինեն կրծքով չի կերակրում, հետաքրքրվել է, որ ֆիրմայի արհեստական կաթնակառնուրդն է նա օգտագործում: Իմանալով, որ X ֆիրմայի արհեստական կերերից Լուսինեն անցել է Y ֆիրմայի արտադրանքին, մանկաբույժը նշել է, որ կարող է օգնել X ֆիրմայի արտադրանքից ամենալավն ընտրել:

Ոչ պակաս տհաճ, սակայն թերեւս ավելի երջանիկ վերջաբանով պատմության հերոսուհի է դարձել նաեւ Սրբուհին, որը ծննդաբերել է հունվարի 21-ին քաղաքի մյուս ծայրում գտնվող ծննդատանը:

Երեխային Սրբուհու մոտ են բերել ծննդաբերությունից երկու ժամ հետո, իսկ կերակրելու մասին հարցին պատասխանել են, որ երեխան արդեն կերել է: Սրբուհին, որը բավականաչափ գիտելիքներ ուներ եւ ցանկանում էր անպայման կրծքով կերակրել երեխային, պահանջել է, որպեսզի առանց նրա թույլտվության այեւս ոչինչ չտան երեխային:

Երեկոյան այն կնոջ երեխան, որի հետ Սրբուհին նույն պալատում էր պառկած, սկսել է լաց լինել: Հերթապահ բուժքույրը անմիջապես բերել է արհեստական կաթնախառնուրդով շիշը եւ կերակրել նրան: Իսկ աղջիկների այն հարցին, թե ինչու է նա այդպես վարվում, պատասխանել է. «Եթե կարողանաս նրան այնպես կերակրել, որ սոված չմնա, մենք նրան ոչինչ էլ չենք տա»:

Այդպես երեք օր շարունակ, քանի դեռ աղջիկները ծննդատան էին, բուժքույրերը ժրաջանորեն կերակրում էին երկրորդ կնոջ երեխային արհեստական կաթնախառնուրդով (ի դեպ, աղջիկների այն դիտողությանն ի պատասխան, որ այդ շշով, հավանաբար, կերակրում են նաեւ մնացած երեխաներին, եւ դա, բնականաբար, հիգիենիկ չէ եւ, բացի այդ, շշով կերակրելլուց հետո երեխային չափազանց դժվար է լինելու կրծքով կերակրել, բուժքույրերը սկսել են արհեստական կերը փոքրիկ բաժակով բերել): Դուրս գրվելու ժամանակ վերոնշյալ կինը, որը Աշտարակից էր, ասել է Սրբուհուն, որ հավանաբար ստիպված կլինի արհեստական այդ կերի մի քանի տուփ գնել (ի դեպ, նույն X ֆիրմայի արտադրության)՝ երեխային նաեւ տանը կերակրելու համար:

Ծննդատանը մնալու ողջ ընթացքում բուժանձնակազմը փորձել է Սրբուհուն եւս համոզել երեխային նաեւ արհեստական կաթնախառնուրդովկերակրել, որ «սոված չմնա»: Սակայն, չնայած բոլոր խոչընդոտներին, Սրբուհին շարունակել է եւ այժմ էլ շարունակում է երեխային կերակրել կրծքով:

Դժգոհողները շատ են…

«Ընտանիքի պաշտպանություն» հ/կ նախագահ Արմեն Եփրեմյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ կազմակերպություն են դիմում երիտասարդ մայրեր, որոնց երեխաներին ծննդատներում առանց թույլտվության կերակրել են արհեստական կաթնախառնուրդով: Ի դեպ, բողոքողների քանակը չի նվազել նաեւ օրենքի ընդունումից հետո:

Արմեն Եփրեմյանի խոսքով՝ օրենքի ընդունումից հետո, այնումենայնիվ, դրական որոշ փոփոխություններ կան: Մասնավորապես, արհեստական կերի արտաքին գովազդ երկրում այլեւս չկա, եւ դա շատ լավ է: Սակայն այնտեղ, որտեղ օրենքի խախտումն այդքան ակներեւ չէ, այն շարունակում է խախտվել: Մասնավորապես՝ շատ ծննդատների բուժաշխատողներ շարունակում են երիտասարդ մայրիկներին այս կամ այն արտադրողի արհեստական կաթնախառնուրդներ պարտադրել:

«Վստահություն» հ/կ-ի  ղեկավար Սուսաննա Հարությունյանը, որը քաջատեղյակ է այն ամենին, ինչը վերաբերվում է կրծքով կերակրելուն, իր հերթին նշել է, որ շատ ծննդատներում իրականում չեն օգնում կրծքով կերակրելու հարցում, իսկ գիշերը երեխային կերակրում են արհեստական կաթնախառնուրդով: Չնչին խնդիրների դեպքում նույնպես արհեստական կաթնախառնուրդ են տալիս, սակայն բավական է երեխան այն երկու անգամ ուտի, հատկապես ծծակով, եւ կրծքին նրան սովորեցնել այեւս չի հաջողվի: Ի դեպ, որոշ կլինիկաներում երիտասարդ մայրերին շարունակում են անվճար հիմունքներով արհեստական կաթնախառնուրդ տրամադրել, ինչը նույնպես օրենքով արգելվում է:

Իսկ ինչու՞ են նրանք այդպես վարվում: Առաջին հերթին, պատճառն այն է, որ արհեստական կաթնախառնուրդով երեխային կերակրելը շատ ավելի հեշտ է, իսկ երկրորդ հիմնական պատճառն էլ այն է, որ բուժանձնակազմը երբեմն ղեկավարվում է նյութական շահով: Եթե երեխան, մասնագետի խոսքով, սովորի արհեստական կերին, ծնողները ստիպված կլինեն գնել այն առնվազն մեկ տարվա ընթացքում: Այն, ի դեպ, էժան չէ. մեկ տուփն արժե մոտ 5 000 դրամ, եւ, ինչպես նշել է Սուսաննա Հարությունյանը, արհեստական կաթնախառնուրդների վաճառքը հսկայական եկամուտներ է բերում, որով արտադրողները պատրաստ են կիսվել բուժանձնակազմի հետ, որն ակտիվորեն աջակցել է վաճառքի հարցում:

Այս ամենն, անշուշտ, բոլոր ծննդատներում չէ, որ տեղի է ունենում: Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ 10 երեւանյան ծննդատներից երկուսի մասին նա դեռեւս բացասական ոչինչ չի լսել: Բացի այդ՝ ցանկացած կլինիկայում էլ բարեխիղճ մասնագետներ կան, որոնք իսկապես հոգ են տանում եւ ծննդկանի եւ փոքրիկի առողջության մասին, եւ պարտաճանաչ կերպով կատարում են իրենց աշխատանքը։

Իսկ կանանց կոնսուլտացիանե՞րը

Հատկանշական է, որ, ինչպես նշել է Արմեն Եփրեմյանը, իր գլխավորած կազմակերպությունը դեռեւս ոչ մի բողոք չի ստացել պոլիկլինիկաների եւ կանանց կոնսուլտացիաների վերաբերյալ: Հղիությունը վարող գինեկոլոգները պատշաճ կերպով կատարում են իրենց աշխատանքը եւ կանանց տրամադրում կրծքով կերակրելուն:

Մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը նշել է, որ գինեկոլոգը պատմում է կանանց կրծքով կերակրելու կարեւորության մասին:

Լինում են, սակայն, կանայք, որոնք պնդում են, որ կերակրել չեն ուզում եւ չեն կերակրելու, սակայն նրանք քիչ են՝ հարյուր կանանցից միայն մեկն է այդպես վարվում: Հիմնականում դրանք այն կանայք են, որոնք առաջին երեխայի կերակրման ժամանակ որոշակի խնդիրներ են ունեցել եւ այժմ չեն ուզում, որ դրանք կրկնվեն: Ռուսուդան Վարդանյանի խոսքով՝ մասնագետները հիմնականում փորձում են համոզել այդ կանանց, որ մայրական կաթն անհրաժեշտ է երեխային, իսկ բոլոր խնդիրները ճիշտ մոտեցման դեպքում լուծելի են:

Իսկ այն մասին, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանի մարզերում՝ հոդվածի երկրորդ մասում, որտեղ կանդրադառնանք նաեւ այն հարցին, թե ինչու է մայրական կաթը արհեստական կերից ավելի օգտակար, եւ ինչ կարելի է անել կրծքով սնուցումը քարոզելու համար (հղում):

Եթե հետաքրքիր պատմություններ ունեք, կիսվեք դրանցով՝ նամակ գրելով [email protected] եւ/կամ [email protected] հասցեներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է