Շատ մարդիկ, բախվելով օձի կամ կարիճի խայթոցի հետ, կորցնում են իրենց եւ չգիտեն, ինչ անել: Սակայն եթե օձը թունավոր է, իսկ կարիճը՝ սեւ (նույնպես թունավոր), հապաղել չի կարելի, պետք է շատ գրագետ առաջին օգնություն ցույց տալ:
ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը կիսվում է խորհուրդներով՝ առ այն, թե ինչ է պետք անել, եթե Ձեզ կամ Ձեր ծանոթներին օձ է խայթել կամ կարիճ:
Ինչպե՞ս խուսափել խայթոցից
Ինչպես նշեց մասնագետը, ուշադիր լինելու դեպքում շատ խայթոցներից հնարավոր կլինի խուսափել: Օձերը, մասնավորապես, երբեք չեն հարձակվում հենց այնպես: Սկզբում դրանք «զգուշացնում են», որոշակի ձայներ հանում: Ուշադիր նայեք ոտքերի տակ ու Ձեր կողքերը, եթե բնության գրկում եք: Օձ տեսնելուց հետո պարզապես կանգ առեք, մի շարժվեք: Օձը, հասկանալով, որ իրեն ոչինչ չի սպառնում, կհեռանա:
Հայաստանում, ի դեպ, 4 տեսակի թունավոր օձ կա, ամենավտանգավորներն են հայկական իժը եւ գյուրզան: Սակայն տարբերել դրանց կարող են ոչ բոլորը:
Ի՞նչ անել, եթե օձը խայթել է
Տուժածին պետք է անշարժացնել: Նրան չի կարելի թողնել քայլել կամ առհասարակ շարժվել: Փորձեք արտածծել թույնը: Դրանով դուք կհեռացնեք դրա 30 տոկոսն օրգանիզմից: Սակայն, մասնագետի խոսքով՝ չի կարելի անել դա, եթե բերանում վերք կա կամ դուք ունեք ստամոքսի խոց:
Այնուհետեւ պետք է հնարավորինս արագ տուժածին հիվանդանոց հասցնել, որտեղ նրան հակաթույն կներարկեն: Հակաթույնի առաջին չափաբաժինը նախընտրելի է ներարկել խայթոցից վեց ժամ հետո: Ինչքան շուտ դա արվի, այդքան բարձր են տուժածի շանսերը:
Ի՞նչ չի կարելի անել ոչ մի դեպքում
Չի կարելի կտրել խայթոցի տեղը, կամ վառել կամ էլ ժգուտ դնել:
Ի՞նչ է պետք անել կարիճի խայթոցիցից հետո
Թունավոր են միայն սեւ կարիճները, դրանց խայթոցից հետո պետք է հնարավորինս արագ հիվանդանոց հասնել: Ոչ մի առաջին օգնություն այդ դեպքում ցուցաբերել հնարավոր չէ: Պետք է դիմել մասնագետների օգնությանը: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում կարիճների խայթոցի դեմ հակաթույն չկա, այդ պատճառով կլինիկայում տուժածին ախտանշային բուժում են նշանակում: Ամեն դեպքում, մահացու ելքով կարիճի խայթոցներ Հայաստանում երկար տարիներ չեն եղել, այնպես որ բուժումը բավականին արդյունավետ է:
Ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ օրգանիզմին թունավոր խայթոցներից վերականգնվելու համար
Կարիճի խայթոցից հետո 7-10 օր է պահանջվում վերականգնվելու համար, պնդում է Միքայել Գաբրիելյանը: Իսկ ահա թունավոր օձի խայթոցից վերականգնվելու համար 6-12 ամիս կարող է պահանջվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր