• Latest news

Երեխային կրծքով կերակրելու 8 պատճառ

26 սեպտեմբերի, 2015  11:58

Նորածինների համար արհեստական կաթնախառնուրդներ արտադրողները հավաստիացնում են, որ դրանք գրեթե համարժեք են մայրական կաթին, կամ էլ նույնիսկ՝ ավելի օգտակար, քանի որ իբրեւ թե շատ վիտամիններ եւ այլ հավելումներ են պարունակում: Կարո՞ղ են արդյոք այդքան գեղեցիկ փաթեթավորումով վաճառվող արհեստական կաթնախառնուրդները փոխարինել մայրական կաթը: Թե՞ կրծքով կերակրելը կարող է մորն ու երեխային տալ մի բան, որը չեն կարող տալ արհեստական խառնուրդները:

Այս բոլոր հարցերի պատասխանները փորձել է գտնել NEWS.am Medicine–ի խմբագրությունը: Այս հոդվածում ներկայացված են կրծքով կերակրելու, ինչպես նաեւ արհեստական կերերի բոլոր «կողմ» ու «դեմ» փաստարկները:

1. Մայրական կաթը համապատասխանում է տվյալ երեխայի պահանջներին

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մանկական առողջության բաժնի ղեկավար Նունե Փաշայանը, մայրական կաթը զարմանալի եւ բացառիկ մի նյութ է, որը մոր օրգանիզմն արտադրում է երեխայի պահանջներին համապատասխան: Մայրական կաթի բաղադրությունը փոխվում է ոչ միայն ըստ երեխայի տարիքի, այլեւ ըստ օրվա ժամի ու նույնիսկ եղանակի: Ավելին, երկվորյակների կամ եռյակի կերակրող մայրերի կաթը տարբերվում է այն կնոջ կաթից, ով միայն մեկ երեխա ունի:

2. Մայրական կաթն ամրապնդում է երեխայի իմունիտետը

Մայրական կաթում պարունակվող նյութերն ամրապնդում են երեխայի իմունային համակարգը ու պաշտպանում նրան հիվանդություններից ու վաղաժամ մահից: Միեւնույն ժամանակ երեխաները, որոնք սնվում են արհեստական կերերով, ավելի հաճախ են հիվանդանում եւ աղեստամոքսային տրակտի խնդիրների հետ բախվում: Եթե շրջեք մանկական հիվանդանոցում, զարմանալի օրինաչափություն կնկատեք. հիվանդ երեխաների մեծ մասն արհեստական կերերով են մեծացել:

Ավելին, ըստ հետազոտությունների, կյանքի առաջին վեց ամիսներին բացառապես մայրական կաթով սնված երեխաների շրջանում մահվան վտանգը 14 անգամ ավելի ցածր է այն երեխաների համեմատ, որոնք արհեստական սնունդ են ստացել: Այս մասին մեզ պատմել է «Վստահություն» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

3. Մայրական կաթը կապ է ստեղծում մոր ու երեխայի միջեւ

Կրծքով կերակրելը օգնում է մոր ու երեխայի միջեւ սերտ կապ հաստատել, հավաստիացնում են հոգեբանները: Այս իմաստով շատ կարեւոր է առաջին շփումը: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց նեոնատոլոգ Սիրանույշ Էդիլյանը, երբ երեխային ծնվելուց անմիջապես հետո դնում են մոր փորին կամ առաջին իսկ հնարավորության դեպքում մոտեցնում նրա կրծքին, երեխայի օրգանիզմում սկսվում են մի շարք ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք անհրաժեշտ են նրա հետագա առողջության համար:

4. Մայրական կաթը զարգացնում է երեխայի մտավոր ունակությունները

Արհեստական կաթնախառնուրդն ու կովի կաթը, դրանցում պարունակվող սպիտակուցների ու ճարպերի շնորհիվ, նպաստում են երեխայի արագ աճին, սակայն նրա մտավոր ունակությունների վրա ոչ մի կերպ չեն ազդում: Իսկ մայրական կաթում կան նյութեր, որոնք անհնար է ստանալ սինթեթիկ ճանապարհով. դրանք նպաստում են երեխայի մտավոր զարգացմանը ու նրա IQ–ի բարձրացմանը: Ինչպես ցույց է տվել բրազիլական Պելոտասի դաշնային համալսարանի մասնագետների հետազոտությունը, այն երեխաները, որոնց մեկ տարի կրծքով են կերակրել, ավելի խելացի են մեծանում ու ունենում են ավելի բարձր IQ, քան նրանց այն հասակակիցները, որոնք արհեստական կերով են մեծացել:

5. Կուրծք ուտող երեխան սովորում է շփվել

Կուրծք ուտելու միջոցով երեխան բավարարում է ոչ միայն սնվելու, այլեւ շփվելու իր պահանջը: Կուրծք ուտելու շնորհիվ երեխայի մոտ զարգանում են նաեւ ծնոտային ապարատը, բերանի ու լեզվի մկանները: Ապագայում այդ ամենն օգնում է նորմալ հարաբերություններ ձեւավորել շրջապատի մարդկանց հետ:

6. Արհեստական կերերը կարող են վտանգավոր ինֆեկցիաներ պարունակել

Ոչ մի արհեստական կաթնախառնուրդ ստերիլ չէ: Կերերում կարող են լինել զանազան մանրէներ, օրինակ կորինոբակտերիաներ, որոնք 40 տոկոս դեպքերում մահացու են երեխաների համար; խառնուրդներում կարող են լինել նաեւ սալմոնելա, ստաֆիլակոկ ու շատ այլ միկրոօրգանիզմներ, որոնք կարող են երեխայի հիվանդության պատճառ դառնալ: 

Ինչպես նշեց Սուսաննա Հարությունյանը, վտանգներ կարող են քողարկված լինել նաեւ շշերի ու ծծակների մեջ, որոնք ամբողջովին վնասազերծելն ու ախտահանելը գրեթե անհնար է:

7. Կրծքով կերակրելը պաշտպանում է քաղցկեղից եւ այլ ուռուցքներից

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Մալաթիա» բուժկենտրոնի մանկաբարձության ու գինեկոլոգիայի բաժնի ղեկավար Արման Նազինյանը, կրծքով կերակրելը ինչ-որ չափով պաշտպանում է կնոջը կրծքի ուռուցքից՝ թե բարորակ, թե չարորակ:

Ըստ այլ տվյալների՝ կրծքով կերակրելը կնոջը պաշտպանում է նաեւ ձվարանի, արգանդի քաղցկեղից, ինչպես նաեւ օստեոպորոզից ու անեմիայից:

8. Արհեստական կերերը շատ թանկ են

Հայաստանում արհեստական կաթնախառնուրդների գները սկսվում են մեկ տուփի համար 3500 դրամից: Մեկ ամսվա ու առավել եւս տարվա կտրվածքով բավականին մեծ գումար է ստացվում, հատկապես երիտասարդ ընտանիքների համար, որոնց ծախսերն առանց այդ էլ ավելացել են երեխայի ծնվելուց հետո: Արժե՞ արդյոք այդքան շատ գումար ծախսել լավ գովազդվող մթերքի համար, որն իրականում ոչ մի կերպ չի կարող փոխարինել մայրական կաթին ու նույնիսկ կարող է վտանգավոր լինել: Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս անպայման մտածել այս հարցի շուրջ մինչեւ արհեստական կաթանախառնուրդ գնելը: Առավել եւս որ մասնագետների գնահատականով՝ կանանց 97 տոկոսը ցանկության դեպքում կարող է ինքնուրույն կերակրել երեխային:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է