• Latest news

Մի հիվանդության պատմություն. Քաղցկեղով ու նեկրոզով հիվանդը ողջ է մնացել հակառակ ամեն ինչին

2 նոյեմբերի, 2015  12:40

Ռուզան Ճ.-ն Եվրոպա էր մեկնել, Լյուքսեմբուրգ` հուսալով միավորվել ամուսնու հետ, որին արդեն քանի տարի է` չէր տեսել:  Այդ ուղեւորությունից նա միայն դրական ակնկալիքներ ուներ, բայց նրա բոլոր հույսերը մի վայրկյանում հօդս ցնդեցին: «Դուք կրծքագեղձի քաղցկեղ ունեք: Ցավում եմ», - ասել էր բրիտանացի բժիշկը դեմքի սառն արտահայտությամբ:  

Սա մի կնոջ պատմություն է, որը բախվել է սարսափելի ախտորոշմանը, բարդ բուժում է անցել, որի կողմնակի հետեւանքները քիչ էր մնում` սպանեին նրան: Բայց նա ողջ է մնացել, չնայած ամեն ինչին: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ռուզանը ներկայացրել է իր պատմությունը, ինչպես նաեւ խորհուրդներ է տվել, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր համանման իրավիճակում են հայտնվել: 

Ախտորոշումը

Երբ Ռուզանն իմացել է, որ քաղցկեղով է հիվանդ, ցանկացել է Երեւան վերադառնալ եւ այստեղ սկսել բուժումը, սակայն եվրոպացի բժիշկները նրան ասել են, որ ոչ մի րոպե չի կարելի հապաղել, անհրաժեշտ է շտապ վիրահատություն անել: Նա ստիպված է եղել համաձայնել: 

Վիրահատությունից առաջ բժիշկները հարցրել են, թե նրա հարազատներից ում հետ կարող են կապվել, եթե ինչ-որ բան սխալ գնա:  Նա չի կարողացել որեւէ հեռախոսահամար տալ: Քաղցկեղի լուրը չափից ավելի հզոր հարված էր եղել առանց այն էլ հազիվ պահպանվող հարաբերությունների համար. կնոջ ախտորոշման մասին իմանալով` Ռուզանի ամուսինը մեկնել էր ու նա լրիվ մենակ էր մնացել օտար երկրում:  Իսկ դուստրն անչափահաս էր, եւ բժիշկներն իրավունք չունեին նրան վատ լուրեր հաղորդելու: 

Այդպես Ռուզանը վիրահատության էր գնացել լրիվ մենակ: 

Բուժումը լավ էր անցել...

Վիրահատությունը հաջող անցավ, դրան հետեւեց ռադիոթերապիան: Ռուզանն իրեն այնքան էլ լավ չէր զգում. վիրահատությունից հետո գրիպով էր հիվանդացել, իսկ փորլուծությունը քաշի կտրուկ նվազման պատճառ էր դարձել:   154 սմ հասակ ունեցող Ռուզանն ընդամենը 37 կգ էր կշռում: Չնայած այդ ամենին, բժիշկները ճառագայթային թերապիա էին սկսել, որը, ինպես եւ կարելի էր ակնկալել, վատացրել էր նրա վիճակը. նրա մոտ ուշաթափություններ էին սկսվել, նրան երեք անգամ հիվանդանոց էին տեղափոխել, իսկ քաշն ընկել էր մինչեւ 30 կիլոգրամ:

Հերթական հետազոտությունից հետո պարզվել էր, որ ճառագայթային թերապիան ներսից այրել է կրծքամկանը, երակները, զարկերակները, ջլերը, քրտնագեղձերը, կողերը եւ նյարդային վերջույթները:  Ուսահոդը լրջորեն վնասվել էր: Առողջ հյուսվածքների նեկրոզ էր սկսվել: Բժիշկները վստահ էին, որ նեկրոզը, շարունակելով զարգանալ, կընդգրկի թոքը եւ սիրտը: 

«Նրանք իմ ներկայությամբ նրբանկատորեն վիճում էին. «Իսկ ձեր ինչին է պետք երկրորդ ձեռքը»: Ես դա ընկալեցի որպես նրանց պատրաստակամություն` որեւէ խնդրի դեպքում հեռացնելու ձեռքս», - պատմել է Ռուզանը:

«Բժիշկները խաչ էին քաշել ինձ վրա…»

Բժիշկները վստահ էին, որ Ռուզանին այլեւս ոնչով հնարավոր չէ օգնել եւ խաչ էին քաշել նրա վրա: Նրան միայն ուժեղ ցավազրկողներ էին տալիս: Եվ ուղղակի վերջին էին սպասում: 

Սակայն Ռուզանը չէր պատրաստվում հանձնվել: 

«Շատ եւ շատ դժվար էր` ինքդ քեզ դուրս քաշել փոսից` այնպիսի ցավեր ունենալով, երբ անհնար է սթափ գլուխ հանել, մտածել, պայքարել, երբ միակ բանը, որի մասին երազում ես, մահն է, որը պիտի ազատի չարչարանքից:  Աներեւակայելիորեն դժվար էր այդ պահին քո մեջ ուժ գտնել, ծրագիր կազմել եւ պայքարել բոլոր ճակատներում», - պատմել է Ռուզանը:

Այնուամենայնիվ, Ռուզանն իր մեջ գտավ այդ ուժերը: Հանուն իրեն եւ հանուն իր դստեր: 

Նախ եւ առաջ նա սկսեց համացանցում կարդալ այն ամենը, ինչ գտավ քաղցկեղի մասին: Նա պատահաբար գտավ բրիտանական «CancerActive» կայքը, կարդաց դրա էջը եւ վերականգնման անհատական ծրագիր կազմեց:  Իսկ Սլովակիայից ընկերները նրան տվեցին Լոնդոնում գտնվող չինական բժշկության կենտրոնի կոորդինատները: Ինչու չփորձել, որոշեց Ռուզանը: Կորցնելու բան չկա:

Պայքարը

Ռուզանը հստակորեն հետեւում էր բոլոր խորհուրդներին, որ տալիս էին չինական բժշկության կենտրոնում, խմում էր բոլոր դեղերը, որ նշանակում էին, հատուկ քսուք էր օգտագործում այրվածքների բուժման եւ մեռած հյուսվածքների վերականգնման համար: Նա նույնիսկ ուռուցքային հիվանդների յոգայի դասընթացների էր գրվել:

«Պարապմունքների առաջին ամսին ես ուղղակի պառկում էի գորգին ու լաց էի լինում: Ոչ միայն չէի կարող որեւէ բան անել, այլեւ մեդիտացիայի «Ես ինձ լավ եմ զգում իմ մարմնում» նախադասությունն ինձ ստիպում էր հեկեկալ:  Ես գնացի մարզադահլիճ (այն հիվանդանոցում, որտեղ ինձ վիրահատեյ էին)` ֆիզիաթերապիայի: Ինձ հեծանիվ էին նստեցնում, ես չէի կարողանում ոտնակները պտտել, ինձ կանգնեցնում էին վազքուղու վրա, ես արցունքն աչքերիս հազիվ քարշ էի տալիս ոտքերս: Մի անգամ չդիմացա ու աշխատակցուհուն հարցրեցի` ինչու եմ ես բոլորից վատ:  Նա ինձ խելամիտ պատասխան տվեց. «Ձեզ երբեք մի համեմատեք ուրիշների հետ: Այստեղ ձեր վիճակում գտնվող ոչ մեկը չկա: Ձեր վիճակում մարդիկ անկողնուց վեր չեն կենում: Այն, որ դուք էստեղ եք հասել, արդեն սխրանք է»», - այժմ վերհիշում է Ռուզանը:

Նա նաեւ որոշել էր ասեղնաբուժություն փորձել: Դրանով զբաղվող չինուհին սկզբում չի ցանկացել վերցնել նրան, բայց Ռուզանը համոզել է: 

«Նա չէր ուզում ինձ վերցնել, որովհետեւ իմ վիճակն անհույս էր եւ նա չէր հավատում, թե կկարողանա ինձ ոտքի կանգնեցնել:  Ես նրան աղաչում էի վերցնել ինձ: Շունչս կտրվում էր ասեղների ցավից, ամեն սեանսից հետո օրերով ցավը չէր անցնում, բայց ես չէի հրաժարվում դրանից ու նրան համոզում էի, որ բուժումն ինձ օգնում է:  Իմ լարված ջանքերի եւ չարչարանքների երկու ամիսը ոչ մի արդյունք չտվեցին: Թութանհամոնն արդեն վեր կացած կլիներ գերեզմանից, իսկ իմ օրգանիզմում ոչ մի փոփոխություն չէր նկատվում:  Ու հանկարծ` երրորդ ամսում ես աննշան տարբերություն նկատեցի», - պատմել է Ռուզանը: 

Այդ ժամանակ նա կրկնապատկել է ուժերը` ավելի հաճույքով մարզվելով, ավելի հաճույքով է գնացել ասեղնաբուժության, պատրաստակամությամբ արել է, ինչ որ ասել են: 

Այդպես նրա ինքնազգացողությունը սկսել է քիչ-քիչ բարելավվել: Ամեն փոքր փոփոխությունը զգալի ջանքեր էր պահանջում, բայց ամեն օր մարմինը մի քիչ ավելի շատ էներգիայով էր լցվում, անհամեմատ ավելի հեշտանում էր շարժվելը, մտածելն ու պայքարելը: 

Ու մի հրաշալի օր հետազոտությունները ցույց տվեցին, որ այն նեկրոզը, որը մասնագետների կարծիքով պիտի դեռեւս մի քանի ամիս առաջ սպանած լիներ նրան, կալցինացիայի էր ենթարկվել, քաղցկեղը նահանջում էր:

Վերադարձ Երեւան

Վեցերորդ ամսում Ռուզանը Երեւան եկավ ու դարձյալ հետազոտվեց: Հայ բժիշկները նրան բացատրեցին, թե նրա մոտ ինչու էին բարդացումներ սկսվել ռադիոթերապիայից հետո: Ցածրահասակ եւ բավականին նիհարած Ռուզանը ճառագայթային թերապիայի այնպիսի չափաբաժին էր ստացել, որը նախատեսված է խոշորամարմին մարդկանց համար:  Նրա թուլացած օրգանիզմի համար ստանդարտ չափաբաժինը ուժից վեր բեռ էր եղել:  

Հայ բժիշկները նաեւ հաստատել էին, որ ներկայումս նա քաղցկեղ չունի (իհարկե, անհրաժեշտ կլինի պարբերաբար հետազոտվել), իսկ ոսկորներին ոչ մի սարսափելի բան չի եղել:

«Չեմ ասի, թե լրիվ առողջ եմ: Մինչեւ հիմա չեմ կարողանում ձեռքս բարձրացնել: Սակայն ինձ լավ եմ զգում եւ շատ առողջներից ավելի առողջ տեսք ունեմ: Այդ հիվանդության հետ կապված մի բան եմ հասկացել. երբեք չի կարելի հանձնվել: Երբեք: Նույնիսկ երբ ոչ մի հույս չկա, նույնիսկ երբ բժիշկներն ամեն տեսակ զզվելի բաներ են ասում: Բժշկությունը շատ հիվանդությունների դեպքում անուժ է: Ամեն ինչ կախված է մարդու մտածողությունից», - ասել է Ռուզանը:

Նրա կարծիքով, ցանկացած հիվանդության դեմ պայքարելիս ամենակարեւոր օգնականն ինքը մարդն է, նրա մտքերը, տրամադրվածությունը: 

«Կարծում եմ, որ այստեղ գլուխն ավելի կարեւոր է, քան մարմինը:  Այն ժամանակ մտածեցի, որ արեւելքցի այդ փիլիսոփան իրավացի է: Գուցե հիմարություն է, բայց ես գլուխս եմ մտցրել, որ այն ամենը, ինչ լինում է, օգուտ է, ինձ համար է, հանուն ինձ է: Ես փոխել եմ կյանքի հանդեպ վերաբերմունքը, սկսել եմ ավելի շատ ուրախանալ կյանքով, ավելի շատ նկատել գեղեցիկը, ավելի քիչ ուշադրություն դարձնել վատին:  Կյանքն այնքան կարճ ու հրաշալի բան է, իսկ մենք չենք գնահատում, զուր ծախսում ենք, այրում ենք: Եվ դա հասկանալու համար պետք է նայել մահվան աչքերին, պետք է լսել մահացու դատավճիռը, որ «խելքդ գլուխդ հավաքես»: Ես փորձել եմ օգուտ քաղել այդ իրավիճակից», - պատմել է Ռուզանը:

Իհարկե, շրջապատը եւս կարող է մեծ դեր խաղալ` հարազատների աջակցությունը շատերին կարող է օգնել հաղթահարել հիվանդությունը: Բայց եթե այդ աջակցությունը չլինի, մարդը միեւնույն է` պիտի իմանա, որ հանձնվել չի կարելի: 

«Իմ կողքին նաեւ հրաշալի մարդիկ են եղել, որոնք իրոք օգտակար խորհուրդներ են տվել, բայց նաեւ այնպիսիք, որոնք ասում էին, թե այդ հիվանդությունը իմ մեղքերի համար է ուղարկվել եւ որ պետք է օրական երեք լիտր բազուկի հյութ խմել, որ բուժվեմ: Կային մարդիկ, որոնք դադարեցին ինձ հետ շփվել, որովհետեւ ես տհաճ էի դարձել: Կային եւ այնպիսիք, որոնք ինձ հետ չէին շփվում, որովհետեւ խոսելիք չունեին», - վերհիշում է Ռուզանը:

Ինչ անել, եթե ձեզ մոտ անբուժելի հիվանդություն են ախտորոշել: 

3 խորհուրդ Ռուզանից

1. Շատ կարեւոր է ինքնատիրապետումը

Ինչ ախտորոշում էլ տան ձեզ, նախ պիտի տիրապետեք ձեզ: 

«Դա ամենաբարդն է: Քաղցկեղն այնպիսի հիվանդություն է, որի անունը տալիս միայն մարդիկ սարսափից քարանում են եւ ի վիճակի չեն ոչ պայքարել, ոչ զգոն գնահատել իրավիճակը, ոչ էլ մտածել:  Ահա մի հատված այդ օրերի իմ օրագրից.   «Ինձ բացատրեցին ախտորոշումը, եւ իմ աշխարհը փուլ եկավ` մանր բեկորների բաժանվելով: Սկզբում ես ի վիճակի չէի գործել, մտածել, գլուխ հանել:  Մի բան էի հասկանում` վերջս եկել է: Նայում էի իմ կյանքի բեկորներին, ամեն ինչ դրանցում էր` իմ ապագան: Այդ ամենը մի վայրկյանում ընկավ ու ջարդվեց, ես շշմած նայում էի այդ բեկորներին, ի վիճակի չէի մտորել:  Այո, քաղցկեղն այսօր անբուժելի չէ: Այո, կարելի է հիվանդի կյանքը շատ տարիներով երկարացնել: Այո, քաղցկեղի ամենասարսափելի տեսակով մարդիկ գոնե մեկ-երկու տարի ապրում են, բայց երբ լսում ես ախտորոշումը, կանգնում ես, նայում ես բեկորներին ու զգում ես, որ մեռնելու ես այստեղ եւ հիմա: Հայացքը բեկորներից շրջելով` ես տատիկիս տեսա իր կյանքի վերջին տարիներին: Ոչ մի մարդ այնքան դաժան մահ չի ունենում, որքան քաղցկեղով հիվանդը:   Քաղցկեղը սարսափելի անեծք է: Քաղցկեղից մահը համեմատելի է ինկվիզիցիայի կտտանքների հետ: Ինչո՞ւ ես», - պատմեց Ռուզանը:

Ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել այս ամենն ու հանգստություն ձեռք բերել:  Նախ Ռուզանը խորհուրդ է տալիս կարդալ այն ամենը, ինչ հնարավոր է գտնել քաղցկեղի մասին: Դրա հետ կապված իհարկե որոշակի բարդություններ կարող են առաջանալ, որովհետեւ համացանցում ինչ տեսակ կայք ասես, կգտնես` չոր բժշկականից մինչեւ հիմարավուններ, որոնք պնդում են, թե գազարով կամ ինչ-որ հաբերով հնարավոր է բուժել քաղցկեղը:  Ճիշտ, գրագետ տեղեկությունը ապուշությունից տարբերելը ոչ միշտ է հեշտ, մանավանդ, եթե մարդը վշտից գետնահար է եղել:

«Անձամբ ինձ շատ օգնեց CancerActive կայքը, որտեղ բացատրություն կար, որ քաղցկեղն առաջանում է օրգանիզմում շատ գործոնների համընկնումից, դրա համար էլ համալիր բուժում է անհրաժեշտ:  Եվ այնտեղ քաղցկեղի ամեն տեսակի համար  առանձին խոհուրդներ կան, բայց ընդհանուրն այն է, որ պետք է բարձրացնել իմունիտետը, ամրապնդել ընդհանուր դիմադրողականությունը, մարզվել, շարժվել, որովհետեը քաղցկեղի բջիջները վախենում են թթվածնից եւ ամենակարեւորը` անհրաժեշտ է նյարդերը հանգստացնել, որովհետեւ քաղցկեղի բոլոր դեպքերում միշտ երեք գործոն է առկա. գենետիկան, սթրեսը, իմունիտետի նվազումը: Եվ եթե գենետիկայի դեպքում ոչինչ չենք կարող անել, ապա վերջին երկու գործոնը մեր վերահսկողության տակ են: Այդ կայքի էջերում խորհուրդներ տվող բժիշկները հանդես են գալիս պաշտոնական բժշկության եւ բուժման ժողովրդական մեթոդների միավորման օգտին, խորհուրդ են տալիս, թե ինչպես կարելի է բուժման անհատական ծրագիր մշակել:  Հետո այդ կայքը ներկայացնում է համաշխարհային վիճակագրությունը, ինչից պարզ է դառնում, որ քաղցկեղի նույնիսկ ամենավերջին փուլում գտնվող մարդիկ տարիներով ապրում են, անհրաժեշտ է ուղղակի տրամադրվել ու պայքարել:  Ընդհանրապես անհրաժեշտ է հասկանալ, որ քաղցկեղը առեղծվածային ու անհասկանալի հիվանդություն է, որն ունեցող մարդիկ հենց առաջին փուլում կարող են մեռնել, չնայած բժշկի բարենպաստ կանխատեսմանը եւ միաժամանակ դրա չորրորդ փուլում գտնվող մարդիկ կարող են երկար ապրել` բժիշկներին հիստերիայի հասցնելով:  Այդ պատմությունների իմացությունը, այդ մարդկանց հետ ծանոթ լինելը օգնում է պայքարի տրամադրվել», - պնդում է Ռուզանը:

2. Որոշեք, թե հանուն ինչի պիտի ապրեք

Ինքներդ ձեզ տիրապետելու եւ պայքարել սկսելու համար պիտի որոշեք, թե հանուն ինչի արժե պայքարել ու ապրել: 

Իր ճանապարհին Ռուզանը ծանոթացել է մի իսպանուհու հետ, որի մայրը մահացել էր քաղցկեղից: «4-րդ աստիճանի քաղցկեղ» ախտորոշումը նա շատ վաղուցվանից ուներ, երբ նրա երեխաները 7 եւ 9  տարեկան էին: «Չեմ մեռնի, մինչեւ երեխաներիս ոտքի չկանգնեցնեմ», - ինքն իրեն ասել էր այդ կինը եւ ապրել ավելի քան 20 տարի:

Երբ Ռուզանին թվացել էր, որ էլ չի դիմանում, այլեւս ոչ ուժ ունի, ոչ էլ պայքարելու ցանկություն, իսպանուհին նրան հիշեցրել էր իր մոր պատմությունը:   «Գիտեմ, տեսել եմ այդ վիճակը: Բայց մենք կարող եմ-չեմ կարողը չենք քննարկում: Պարտավոր ես, եւ վերջ: Դու երեխա ունես, դու իրավունք չունես նրան մենակ թողնել այստեղ: Պարտավոր ես եւ վերջ:  Ռադիոթերապիան այրել էր մորս ազդրոսկրը (հետո ստիպված եղավ դա պրոթեզով փոխարինել), նա իրեն այնքան վատ էր զգում, որ ավելի մարդասիրական մոտեցում կլիներ նրան գնդակահարելը, որպեսզի չտանջվեր, բայց նա հասավ իր նպատակին եւ մեզ ոտքի կանգնեցրեց»:

3. Ձեզ ճիշտ մարդկանցով շրջապատեք

Ցանկալի է նաեւ մեզ շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր մեզ կօգնեն պայքարել: Ոմանց համար դա կարող է անհամեմատ ավելի բարդ լինել, քան ինքնատիրապետումն ու հանուն ինչի արժե ապրելու գիտակցումը, եւ այնուամենայնիվ, մերձավորները կարող են շատ օգնել, պնդում է Ռուզանը: 

Իհարկե, որոշ մարդիկ, որոնց  շատ մտերիմ եւ հավատարիմ ես համարում, կարող են երես թեքել ուռուցքային հիվանդից եւ դադարել շփվել նրա հետ միայն նրա համար, որ իրենց հարմարավետ չեն զգում, չգիտեն ինչի մասին խոսեն քեզ հետ, ինչպես իրենց պահեն: 

«Շփվեք մեզ հետ: Պետք չէ գլուխ ջարդել, թե ինչի մասին խոսեք: Որեւէ ֆիլմի, գրքի, խոհարարական բաղադրատոմսի. Ցանկացած ուռուցքային հիվանդ պիտի իմանա, որ ինքը պետք է մարդկանց: Դա պայքարի ուժ է տալիս», - ասել է Ռուզանը:

Լուսանկարի վրա`կոմիքս բիոպսիայի պատասխանին կնոջ արձագանքի մասին

Ամալյա Գաբրիելյան

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է