• Latest news

Ինչու են դեղերն ու բուժծառայությունները Վրաստանում ավելի էժան, քան Հայաստանում

3 մարտի, 2016  01:42

Վրաստանը ջանում է որակի վերահսկման եւ մրցակցության ապահովման միջոցով կարգավորել դեղերի գները: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական գործերի նախարար Դավիթ Սերգեյենկոն` պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ինչու են դեղերը Վրաստանում ավելի էժան, քան Հայաստանում: 

«Դեղային քաղաքականությունը շատ առանձնահատուկ է, եւ ամեն երկիր ջանում է իր հնարավորությունների սահմաններում կառավարել այն: Մենք ջանում ենք դեղերի գնի հարցը կարգավորել որակի վերահսկողությամբ եւ մրցակցության ապահովմամբ:  Որպեսզի դեղագործական ոլորտի նոր խաղացողներ կարողանան մտնել շուկա, որպեսզի դրանով հասնենք գների նվազման», - ասել է նա` դրականորեն պատասխանելով նաեւ այն հարցին, թույլատրված է արդյոք Վրաստանում դեղերի զուգահեռ ներմուծումը:  

Ինչ վերաբերում է նրան, որ Վրաստանում որոշ բժշկական ծառայություններ, ինչպես օրինակ` ստենտավորումը, ավելի էժան արժեն, Դավիթ Սերգեյենկոն ենթադրեց, որ հարցը հավանաբար այն է, որ Վրաստանի կառավարությունը ջանում է բժշկական կենտրոնները  պետական գնումների շրջանակում ապահովել որակյալ եւ մատչելի դեղամիջոցներով եւ բժշկական պարագաներով, ինչպես նաեւ վերահսկում է բուժծառայությունների գները, որպեսզի դրանք չափազանց բարձր չլինեն:  

Հայաստանի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում չի համաձայնել այն պնդման հետ, թե Վրաստանում բուժծառայությունների գներն ավելի ցածր են: Ինչ վերաբերում է դեղերին, պատասխանը, նրա խոսքով, ակնհայտ է.  Հայաստանում դեղերի վրա ԱԱՀ կա, իսկ Վրաստանում` ոչ:  

Նշենք, որ Հայաստանում եւ Վրաստանում դեղերի գների տարբերությունն այնքան շոշափելի է, որ այսօր յուրաքանչյուր հայ տաքսու վարորդ, որն ուղերթ է իրականացնում Վրաստան, իր հետ դեղեր է բերում, եւ այդ մաքսանենգ առեւտուրն արդեն զգալի ծավալներ է ձեռք բերում: Դարձյալ մեր տվյալների համաձայն, Վրաստանում մեկ ստենտի տեղադրումը մոտավորապես երկու անգամ ավելի էժան է, քան Հայաստանում, եւ արդեն կան դեպքեր, երբ Հայաստանի բնակիչները վիրահատության համար Վրաստան են գնում:

Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am Medicine-ը, Վրաստանում դեղերն ավելի էժան են, քան Հայաստանում երկու պատճառով. այնտեղ դեղերի ներմուծման ԱԱՀ չկա եւ թույլատրված է զուգահեռ ներմուծումը:  

Զուգահեռ ներմուծումը թղթի վրա թույլատրված է նաեւ մեզ մոտ, բայց մնացած օրենսդրությունը հակասում է դրան, եւ զուգահեռ ներմուծման փորձ անող ընկերություններն անհաղթահարելի արգելքների են բախվում: Հայաստանի բյուջեն լրացվում է նրանց վրա դրվող տուգանքների հաշվին, բայց դեղերը դրանից չեն էժանանում: 

«Դեղերի մասին» օրենքի նոր նախագիծը, որը Հայաստանի Ազգային ժողովում առաջին ընթերցում է անցել, կրկին օրենսդրորեն ամրագրում է զուգահեռ ներմուծման հնարավորությունը, սակայն ոլորտի շատ խաղացողներ պնդում են, որ նոր օրենքը միաժամանակ եւ ամրագրում է այդ դրույթը, եւ դրա համար խոչընդոտներ է ստեղծում:   

Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, որի պատճառով հիմնականում նման տարբերություն է առաջանում Հայաստանի եւ Վրաստանի գներում, ավելի վաղ Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ այդ հարցը ֆինանսների նախարարության իրավասության ոլորտում է եւ «Դեղերի մասին» նոր օրենքը ոչ մի կերպ չի կարող ազդել ԱԱՀ-ի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել