• Latest news

«Դեղերի մասին» նոր օրենքը կօգնի շուկայում կարգավորել գները. փոխնախարար

25 փետրվարի, 2016  01:44

«Դեղերի մասին» նոր օրենքը կօգնի ավելի լավ կարգավորել գները շուկայում եւ պայքարել այդ ոլորտում մենաշնորհի դեմ, պնդում է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է նոր օրենքի մի քանի կետ, որոնք հեղինակների կարծիքով, կօգնեն դեղերի գները վերահսկողության տակ պահել:  

Նախ` գոյություն ունի դեղերի ցուցակ, որոնց արժեքը պետությունը փոխհատուցում է եւ որոնց գները (ինչպես ըստ ազդող նյութի, այնպես էլ ըստ դեղի անվանման) պիտի կարգավորվեն: Օրինակ` այդ ցուցակում է ացետիլսալիցիլային թթուն, դա նշանակում է, որ այդ ազդող նյութով բոլոր դեղամիջոցների գները (ասպիրին, կարդիոմագնիլ եւ այլն) պիտի կարգավորվեն: Սակայն դա չի նշանակում, թե ացետիլսալիցիլային թթվով բոլոր դեղամիջոցները պիտի նույն գինն ունենան. այդ նյութով որոշ դեղամիջոցներ ավելի էժան են, մյուսներն ավելի թանկ են: Առողջապահության նախարարությունը կհաստատի այն դեղամիջոցների գները, որոնք կփոխհատուցվեն պետության կողմից, եւ դա թույլ չի տա, որ դրանց գները բարձրանան: 

Առայժմ այն դեղամիջոցների ցուցակը, որոնց արժեքը պետությունը փոխհատուցում է, մեծ չէ, բայց ժամանակի հետ այն կարող է ընդլայնվել եւ դառնալ շուկայում գների վրա ազդելու գործիք: 

Դեղերի զուգահեռ ներմուծումը, որը նախատեսված է նոր օրենքով, կարող է եւս նպաստել շուկայում գների նվազմանը: 

Ինչպես նշել է փոխնախարարը, նոր օրենքը մենաշնորհների եւ դեղերի ոչ համարժեք գների դեմ պայքարի երրորդ գործիք էլ ունի. նոր օրենքի համաձայն, ներմուծող կազմակերպությունը իրավունք չունի սեփական դեղատներն ունենալ: Դա նշանակում է, որ ներմուծողին պատկանող դեղատունը պիտի գոնե ձեւականորեն այլ իրավաբանական անձ լինի: Արդյունքում ներմուծողը ստիպված կլինի դեղը բոլոր դեղատներում վաճառել նույն գնով, եւ իրեն պատկանող դեղատունը ավելի շահավետ վիճակում չի լինի: 

Այսօր  20 տոկոս ԱԱՀ-ն ազդում է մեր դեղերի գների վրա եւ դրանք ավելի բարձր է դարձնում, քան կարող էին լինել առանց ԱԱՀ-ի: Ցավոք, ինչպես նշել է փոխնախարարը, ԱԱՀ-ի հարցը ֆինանսների նախարարության իրավասության ներքո է, եւ  «Դեղերի մասին» նոր օրենքը ոչ մի կերպ չի կարող ազդել ԱԱՀ-ի վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել