• Latest news

Մեկ գենը կարող է որոշիչ դեր ունենալ գլխուղեղի վնասվածքի դեպքում

1 մարտի, 2014  12:37

Գանգուղեղային վնասվածքի (ԳՈՒՎ)՝ ուղեղի կաթվածի կամ ուղեղի ցնցման բուժումը կարող է տարբեր լինել՝ կախված հիվանդի ախտանիշերի լրջությունից: Մեկ գենի առկայությունը կամ բացակայությունը կարեւոր է այն հարցում, թե որքանով լավ կարող է մարդը վերականգնվել ԳՈՒՎ-ից հետո, ցույց է տվել ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը:

PLOS ONE ամսագրում հրապարակված հոդվածում ցույց է տրված, թե ինչպիսի դեր ունի ուղեղի նեյրոտրոպային գործոնը (BDNF) ԳՈՒՎ-ից հետո վերականգնվելու գործում:

«Այն ուղեղում աճի հիմնական գործոնն է, որը նպաստում է նեյրոգենեզին՝ նոր նեյրոնների ձեւավորմանը,- FoxNews.com-ին տված հարցազրույցում ասել է առաջատար հետազոտող Ահարոն Բարբին Ամերիկայի Իլինոյս նահանգի համալսարանից:- Մենք ենթադրում ենք, որ BDNF-ը որոշիչ դեր ունի ԳՈՒՎ-ից հետո վերականգնվելու եւ վնասվածքից հետո նոր նեյրոնների ձեւավորման գործում»:

Ըստ Բարբիի տեսության՝ կան  BDNF գենի երկու տարբեր բազմաձեւություն՝ Met եւ Val տարբերակները: Քանի որ մարդիկ ծնողներից ժառանգում են ամեն գենի երկու օրինակ, նրանք կարող են ունենալ BDNF-ի 3 համակցությունների տարբերակներից մեկը՝ Val / Val, Val / Met կամ Met / Met:

Մասնագետներն ուսումնասիրել են Վիետնամի պատերազմի 156 վետերանի BDNF-ի գենետիկ տարբերակները: Այդ մարդիկ կռվի ժամանակ գլխի վնասվածք են ստացել: Հետազոտության բոլոր մասնակիցները վնասվածքներ են ունեցել՝ կապված ուղեղի նախաճակատային կեղեւի այն մասի հետ, որը պատասխանատու է պլանավորման, խնդիրների լուծման եւ համալիր վերլուծության համար:

Բարբին ու նրա թիմը վետերաններից գենետիկ հետազոտության համար արյուն են վերցրել, որպեսզի պարզեն, թե նրանցից յուրաքանչյուրը BDNF-ի ինչ տարբերակ ունի: Հետազոտության մասնակիցները նաեւ մի շարք ճանաչողական եւ մտավոր թեստեր են հանձնել:

Թեստերի արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ միայն մեկ բազմաձեւությունը հանգեցրել է ճանաչողական գործառույթի մեծ տարբերության: Val/Val համակցություն ունեցող վետերաններն I.Q.-ի թեստի արդյունքում 8 միավոր են հավաքել, շատ ավելի քիչ, քան Val/Met կամ Met/Metհ համակցություն ունեցողները:

«Սա ցույց է տալիս, որ Val/Val համակցությամբ մարդիկ շատ զգայուն են գանգուղեղային վնասվածքների նկատմամբ»,- ասում է Բարբին:

Իմանալով, որ այս տարբերակներն էական դեր ունեն ԳՈՒՎ-ից հետո վերականգնվելու գործում, բժիշկները կկարողանան ինչպես հարկն է ծրագրել բուժումը, ասում է Բարբին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է