Եթե մարդու մատանեմատը եւ ցուցամատը գործնականում նույն երկարությունն ունեն, դա կարող է նախանշան լինել, որ նա սուր օսթեոարթրոզ  կունենա՝ ծնկահոդի հետագա փոխարինմամբ, ասված է նոր հետազոտության մեջ:

Ավստրալիայում փորձագետները չափել են միջին մեծ տարիքի ավելի քան 14 500 մարդու մատների երկարությունները եւ նրանց հետեւել 10 տարվա ընթացքում: Այդ ընթացքում նրանցից 580-ը ծնկահոդի լրիվ էնդոպրոթեզավորում են արել, իսկ 500-ը՝ ազդրի լրիվ էնդոպրոթեզավորում:

Պարզվել է, որ բոլոր վիրահատված մասնակիցների մատանեմատը եւ ցուցամատը գրեթե նույն երկարության են եղել, ընդ որում՝ առավել հուսալի են եղել աջ ձեռքի վրա արված չափումները: Հետազոտությունը հրապարակվել է Rheumatology ամսագրում, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Արտրոզը հոդերի բնական մաշվածքն է՝ արթրիտի առավել ամենատարածված ձեւերից մեկը:

Հետազոտողները չեն կարող հիմնովին բացատրել այս ֆենոմենը: Հնարավոր է՝ հետազոտության հավասար  մատանեմատ եւ ցուցամատ ունեցող մասնակիցներն ավելի շատ ծանր ֆիզիկական աշխատանք են կատարել՝ այդպիսով հոդերը ենթարկելով վաղ մաշվածության վտանգին: