ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թվականի մարտի 6-ին հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի եւ հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ Նախարարի կողմից հաստատված հրամաններով Երեւանի եւ մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվել է ինսուլինի եւ հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով:Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Այդպիսով, շաքարային դիաբետով հիվանդները կապահովվեն անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով եւ հակադիաբետիկ հաբերով։ Հիշեցնենք, որ բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները եւ հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։

Նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված  շաքարային դիաբետով հիվանդներին, մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով, հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։