Հեպատիտ С-ի դեմ նորարարական հաբերը քննադատել են բժշկական ոլորտի մի քանի աշխատողներ, որոնք կասկածում են՝ արդյոք արժե մեկ հաբի համար 1000 դոլար վճարել, թե ոչ: Այսպիսի գին է սահմանել Gilead Sciences արտադրող ընկերությունը:

Փորձագետների աշխատանքային խումբը Քալիֆորնիայից քվեարկել է հօգուտ նրա, որ Gilead ընկերության արտադրած «Սովալդի» դեղը «գնի առումով հասանելի է»՝ նույնանման այլ դեղերի համեմատությամբ:

Բժիշկները երկար ժամանակ հեպատիտ С-ի բուժման ավելի արդյունավետ մեթոդներ են փնտրել: Հեպատիտ С-ն վիրուս է, որը ոչնչացնում է լյարդը, դրանով տառապում է 3-4 մլն ամերիկացի, հաղորդում է Newsmax Helath-ը։

Gilead Sciences-ի արտադրած դեղը, որն անցած տարվա դեկտեմբերին է ընդունվել, մեծապես  տարածվել է բժիշկների շրջանում, քանի որ այն պետք է ընդունել օրական մեկ անգամ, իսկ արդյունավետությունն ավելի բարձր է, քան գոյություն ունեցողներինը:

Համենայն դեպս, որոշ հիվանդներ եւ բուժաշխատողներ սկսել են կասկածել՝ արդյոք արժե՞ այդքան գումար վճարել:

Gilead Sciences-ը հայտարարել է, որ դեղի վրա արված ծախսերը երկարաժամկետ հեռանկարի համար են, քանի որ ավելի քիչ հիվանդներ կտառապեն լյարդի անբավարարությամբ եւ թանկարժեք փոխպատվաստման կարիք չեն ունենա:

Gilead Sciences ընկերությունն իր ներկայացուցչին չի ուղարկել աշխատանքային խմբի հանդիպմանը, բայց ընկերության մամլո քարտուղարը նշել է, որ իրենք ֆինանսական օգնություն են առաջարկում այն հիվանդներին, որոնք չեն կարող իրենց թույլ տալ գնել դեղը: