34-ամյա բրիտանացի Ալեքս Լյուիսը մրսածության հետեւանքով առաջացած հիվանդության պատճառով կորցրել է երկու ոտքերը, ձախ ձեռքը, դեմքի մաշկի մի մասը:

Տղամարդը 2013-ի նոյեմբերին թեթեւակի հիվանդացել է ու կարծել, որ շուտով կլավանա, բայց նրա վիճակն ամեն օր ավելի է վատացել, մինչեւ նա զրկվել է վերջույթներից, հայտնում է Metro-ն:

Հիվանդությունը եղել է այն բանի հետեւանք, որ Ալեքսի օրգանիզմում գիշատիչ բակտերիաներ են բուն դրել: Հաշված ամիսների ընթացքում դժբախտ հիվանդը հաշմանդամ է դարձել: Մահացու միկրոօրգանիզմները գործնականում խժռել են նրան: Նրա ոտքերը, ձեռքերի մատները, քիթը, շուրթերն ու ականջաբլթակները սեւացել են ու սկսել փտել: Բժիշկներն ասել են, որ Ալեքսի կյանքը փրկելու միակ տարբերակը մարմնի հիվանդ մասերը կտրելն է: Հիմա նա կսովորի նորից քայլել՝ պրոթեզների օգնությամբ:

«Մի անգամ ես մի քիչ շուտ պառկեցի քնելու, որովհետեւ ինձ վատ զգացի: Գիշերվա ժամը երկուսին արթնացա, որովհետեւ զուգարանի հույժ կարիք ունեի: Մի քանի րոպե հետո մեզիս մեջ արյուն տեսա: Շուտով մաշկս սկսեց ահավոր կարմիր բծերով ծածկվել, իսկ բիբերս շատ էին լայնացել: Բարեբախտաբար, կինս՝ Լյուսին, ինձ ժամանակին հասցրեց հիվանդանոց»,- լրագրողներին պատմել է  Ալեքս Լյուիսը: