Կենտրանական զինվորական հոսպիտալը, 20 տարի առաջ զրոյից սկսելով, պատվով անցել է իր կայացման ճանապարհը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն այցելել էր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ հոսպիտալի 20-ամյակը նշելու համար։

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին հոսպիտալում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչից հետո այն կդառնա կատարյալ կառույց։

Ռազմա-բժշկական վարչության պետ Կամսար Խաչատրյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց, որ հոսպիտալը հաջողությամբ ինտեգրված է հանրապետության քաղաքացիական բժշկական համակարգին, եւ սպասարկում է ոչ միայն զինվորականներին, ինչը, անշուշտ, նրա հիմնական առաքելությունն է, այլ նաեւ քաղացիական անձանց։  Հոսպիտալի ձեռքբերումների ցանկում Կ. Խաչատրյանը նշեց ոչ միայն լուրջ սարքավորումներով  համալրումը, այլեւ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը։ Ըստ նրա, մարդկային գործոնին մեծ ուշադրություն է դարձվում, եւ հոսպիտալում հպարտանում են իրենց բժիշկներով, որոնք շատ ուշադիր են հիվանդների հանդեպ եւ վերաբերվում են նրանց հարազատի պես։ «Որոշ դեպքերում բարի խոսքն էլ կարող է բուժել մարդուն», - ասաց նա, հավելելով, որ կայուն հոսպիտալը այսօր բանակի գոյության կարեւորագույն պայմաններից մեկն է։

Նախարար Սեյրան Օհանյանը նաեւ հիշեցրեց, որ 2014 թվականից Հայաստանում բարձրացվել են զինծվորականների աշխատավարձերը՝ այդ թվում եւ բուժաշխատողների։ Ինչ վերաբերում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների համար գործող որոշ արտոնությունների ՝ այդ թվում, ժամկետային զինծառայողների ծնողների անվճար բուժման հնարավորության վերացմանը, նախարարը նշեց, որ ոչ մի արտոնություն չի վերացվել։ «Բոլոր նախկինում գործող արտոնությունները պահպանվել են», - հավաստիացրեց նա։

Յանա Ավչիյան