«Էրեբունի» բժշկական կենտրոնի միջամտական սրտաբանության եւ անգիոգրաֆիայի բաժանմունքը հիմնվել է 2003թ. փետրվարին եւ կրում է ռուսաստանաբնակ ակադեմիկոս Բագրատ Գեղամի Ալեքյանի անունը, ով մեթոդական աջակցություն է ցուցաբերել Էրեբունի ԲԿ-ում այս ուղղության ձեւավորման գործընթացում:

Բաժանմունքը՝ համապատասխանելով միջազգային չափանիշներին, իրականացնում է սրտանոթային հիվանդություններով պլանային եւ անհետաձգելի բուժծառայության կարիք ունեցող պացիենտների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում եւ բուժում: Բաժանմունքում ստեղծված են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման եւ միջամտական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Անգիոգրաֆիան սրտի եւ անոթների կոնտրաստային ռենտգենաբանական հետազոտության տեսակ է, որն իրականացվում է արյունատար անոթների անցանելիության խանգարման ախտորոշման եւ գոյություն ունեցող ախտաբանության ներանոթային վերացման նպատակով:
Սրտի եւ անոթների ախտորոշիչ կաթետերացմանը զուգահեռ բաժանմունքում իրականացվում է.
- արյունատար անոթների խցանման կամ նեղացման տեղակայման որոշում, այլ մեկնաբանմամբ՝ կրծքավանդակում
- ցավի պատճառի ախտորոշում,
- ներսրտային արյան մեջ թթվածնի խտության որոշում՝ օքսիմետրիա (հեմոդինամիկայի գնահատում),
- ներսրտային արյան ճնշման չափում,
- սրտի հյուսվածքներից նմուշի ստացում (բիոփսիա)՝ հետագա հետազոտության նպատակով,
- սրտի բնածին արատների հայտնաբերում,
- սրտի կծկողական ֆունկցիայի գնահատում,
- սրտի փականների վիճակի գնահատում,
- աորտայի եւ ծայրամասային անոթների կոնտրաստային վիզուալիզացիա.
- աորտայի եւ նրա ճյուղերի անգիոգրաֆիա,
- քնային զարկերակի եւ ներուղեղային զարկերակների անգիոգրաֆիա,
- երիկամային զարկերակների անգիոգրաֆիա,
- արգանդի զարկերակների անգիոգրաֆիա,
- վերին եւ ստորին վերջույթների զարկերակների անգիոգրաֆիա:

Բաժանմունքում սրտի եւ անոթների ինտերվենցիոն կաթետերացման ընթացքում իրականացվում են հետեւյալ բուժական միջամտությունները.
- նեղացած կորոնար զարկերակների վերաբացում կամ անգիոպլաստիկա (բալոնային դիլատացիա եւ ստենտավորում),
- սրտի ռիթմի խանգարումների բուժում՝ աբլացիայի եղանակով,
- ստենոզի ենթարկված ծայրամասային զարկերակների ստենտավորում, այդ թվում՝ երիկամային զարկերակների,
- ուռուցքը սնող զարկերակների էմբոլիզացիա (արհեստական խցանում),
- միոմատոզ արգանդի զարկերակների էմբոլիզացիա,
- սրտի միջնապատերում (միջնախասրտային, միջփորոքային) եւ խոշոր անոթներում առկա բացվածքների փակում:
Ներանոթային միջամտություններն իրականացվում են սեդատիվ (հանգստացնող) դեղորայքի օգտագործմամբ եւ բացառապես անցավ են: Բաժանմունքում կիրառվող հիմնական մուտքը տրանսռադիալ ճանապարհն է՝ ճաճանչային զարկերակի միջոցով, ինչը ո՛չ միայն նվազեցնում է միջամտության հետեւանքով տեղային բարդությունների ռիսկը, այլ նաեւ հիվանդների համար առավել հարմարավետ է՝ ինքնասպասարկման եւ աշխատունակության արագ վերականգնման ու հոսպիտալացման ժամկետների կրճատման առումով:
Սրտի կաթետերացումից հետո վերականգնողական գործնթացը, սովորաբար, տեւում է մի քանի ժամ: Ներանոթային միջամտությունների դեպքում (անգիոպլաստիկա, ստենտավորում) հոսպիտալացման ժամկետը, հիվանդի վիճակից ելնելով, կարող է երկարել մինչեւ 2-3 օր:







