Փափուկ փաթաթանը հոդերի ցավերը մեղմելու համար օգտագործում է հիվանդի մարմնի ջերմությունը: Այն հատուկ նյութ է պարունակում, որը անդրադարձնում է մարմնի ենթակարմիր ճառագայթումը, հաղորդում է The Daily Mail-ը:
Փաթաթանն օգտագործում է ենթակարմիր ճառագայթումը՝ լուսային ալիք, որը մարդկային բջիջների մեջ ջերմություն առաջացնելու նպատակով տատանումներ է ստեղծում: Փաթաթանը օգնում է հոդացավերի, սպորտային վնասվածքների, պարանոցային մկանների կարկամության եւ արթրիտի ժամանակ:
Գործարար եւ ընկերության տնօրեն Սայմոն Էվերինգեմը այդ տեխնոլոգիայի մասին միանգամայն պատահաբար է իմացել:
«Երեք ու կես տարի առաջ ես ճանապարհորդում էի Չինաստանում, եւ ինձ մոտ սկսվեց պարանոցային մկանների սարսափելի կարկամություն: Իմ գործընկերներից մեկը ինձ փաթաթան տվեց եւ առաջարկեց այն կապել: Ես թերահավատորեն էի տրամադրված, սակայն արդեն 10 րոպե հետո զգացի, թե ինչպես է ջերմությունը պատում ցավոտ շրջանը եւ ցավը թուլանում է»,- պատմում է նա:
Էվերինգեմը ուսումնասիրել է տեխնոլոգիան՝ Մեծ Բրտանիայում սեփական արտադրությունը սկսելու նպատակով, եւ 18 ամիս առաջ նոր փաթաթանը ներկայացվել է բժիշկներին բժշկական փորձարկումների համար:
«Մենք օգտագործում ենք խիստ մանրացված կենսակերամիկական բյուրեղներով ներծծված գործվածք, որը համատեղելի է մարդու մարմնի հետ: Դա այն է, ինչն անդրադարձնում եւ ուժեղացնում է մարմնի ջերմությունը»,- պարզաբանեց նա:
Փաթաթանները համապատասխանեցված են ափին, ծնկին, դաստակին, մեջքին, պարանոցին եւ արմունկներին տեղադրելու համար եւ մարմնի յուրաքանչյուր մասի համար տարբեր կառուցվածք ունեն: Փաթաթանները սկզբնական փուլում կրում են օրական մինչեւ 4 ժամ, աստիճանաբար հասցնելով մինչեւ 8 ժամի:
Դրանք խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ժամանակ, կամ մաշկի ալերգիկ հիվանդություններով, տենդով, բարձր արյան ճնշմամբ եւ կարդիոխթանիչների առկայությամբ մարդկանց:







