Ցանկացած մարդ այս կամ այն պահին կարող է մոռանալ կաթը սալօջախի վրա, վառել ուտելիքը կամ կորցնել բանալին։ Մոռացկոտության այս պատահական նոպաները ուժեղանում են ապագա մայրերի մոտ, եւ հիշողության այդ անկումները կարելի է  վերագրել հղիության ընթացքում ուղեղի ունակությունների փոփոխությանը։ Հորմոնալ տատանումները, մտավոր եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ազդում են հղի կնոջ ուղեղի վրա, հաղորդում է Medical Daily-ին։

Հղիության ժամանակ կանայք բախվում են անվերջանալի ախտանիշների եւ կողմնակի ազդեցությունների հետ, սակայն հիմնական ֆենոմենը հղի կնոջ ուղեղն է։ Զարմանալի չէ, որ հղի կանայք շատ են խոսում այն բանի մասին, որ կորցրել են ուղեղի նախկին սրությունը, սակայն ինչու է այդպես լինում, գիտությանը դեռ հայտնի չէ։

2007 թվականին Clinical and Experimental Neuropsychology ամսագրում տպագրված հոդվածում ասվում էր, որ հղիության եւ կանանց մտավոր ունակությունների անկման միջեւ կապ կա։ Վերլուծվել է 17 տարվա ընթացքում կատարված 14 հետազոտություն, որոնցում հղի եւ նոր ծննդաբերած կանայք համեմատվել են այլ կանանց հետ։ Հղի կանանց հիշողությունը շատ դեպքերում ավելի վատն էր։

Իսկ ահա 2010-ին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ առանձնապես տարբերություն չկա հղի եւ այլ կանանց կոգնիտիվ ֆունկցիաների միջեւ։ Այնուամենայնիվ, հետազոտողները կապ են գտել հղիության վերջին եռամսյակի եւ հիշողության թեսթերի ցուցանիշների նվազման  միջեւ։

Հղիությունը կնոջ նյարդային համակարգի համար կրիտիկական ժամանակ է, քանի որ այդ ժամանակ նա մեծ հորմոնալ տատանումներ է ունենում։

Հղի կանայք շատ են մտահոգվում, թե ինչպես են երեխա ունենալու եւ նրան խնամելու. Ֆիզիկական եւ բարոյական սթրեսը, հնարավոր է, բացատրում է կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը։ Նիդերլանդների Լեյդենի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ հղի կնոջը ոչինչ չի հետաքրքրում ապագա երեխայից բացի։ Հենց այդ պատճառով էլ նրանք ամեն ինչ արագ մոռանում են, եւ դա օրինաչափ է։ Հնարավոր է, դա կանացի ինտուիցիան է։