Միայն պետության կողմից իրականացված ծրագրերը բավական չեն երկրում ծխողների թիվը նվազեցնելու համար, կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նրա խոսքով՝ զարգացած երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում, ծխախոտի դեմ պայքարը շատ ավելի արդյունավետ էր։

Ահարոն Ադիբեկյանը պատմեց լրագրողներին այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ում 30 տոկոսով կրճատվել ծխողների թիվը։

Նրա փոխանցմամբ՝ հականիկոտինային արշավն ԱՄՆ-ում սկսեց այն ժամանակ, երբ օնկոլոգները եւ սրտաբանները սկսեցին ահազանգել քաղցկեղների եւ սիրտ-անոթային հիվանդությունների թվի նկատելի աճի մասին։ Այդ արշավին մասնակցում էր ոչ միայն պետությունը, այլ նաեւ հանրությունը եւ նույնիսկ բիզնեսի ներկայացուցիչները։ Օրինակ, աշխատանքի ընդունվելիս գործատուն հարցնում էր, ծխում է դիմորդը թե ոչ; ծխողների աշխատավարձը ավելի ցածր էր։

Իհարկե, միայն դա ծխողների թիվը նվազեցնելու համար բավական չէր։ Քանի որ շատերը, իրենց կարծիքով, ծխում են սթրեսների պատճառով, բակերում սպորտային հրապարակներ ստեղծվեցին, որտեղ մարդիկ աշխատանքից հետո կարող էին լիցքաթափվել։ Սպորտը ոչ միայն սթրեսներից ազատվելու լավ միջոց էր, այլեւ կարող էր նվազեցնել ծխախոտից կախվածությունը։

Ահարոն Ադիբեկյանի խոսքով, շատ երկրներում ծխախոտի դեմ պայքարի կարեւոր մաս էր կազմում նաեւ ծխախոտի հարկի կտրուկ բարձրացումը, որի հետեւանքով ծխախոտի գինը մի քանի անգամ բարձրացավ։ Շատ դեռահասների գրպանային գումարները արդեն չէին հերիքում ծխախոտ գնելու համար, եւ դա շատերին հեռու պահեց ծխել սկսելուց։

Իր հերթին ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն ասաց, որ Հայաստանում իրականացվող հակածխախոտային ծրագրերը իրոք ոչ մի արդյունք չեն տալիս, իսկ դրանց մեծ մասն ասես ուղղակի գումարներ յուրացնելու համար լինի։ Նրա կարծիքով, արդյունք կլինի միայն այն ժամանակ, երբ հասարակությունը հասկանա ծխախոտի վնասակար լինելը եւ նույնպես միանա պայքարին։

Անդրանիկ Ոսկանյանի կարծիքով, Հայաստանում նաեւ շատ կարեւոր է ամբողջովին վերացնել ծխախոտի գովազդը։ Ճիշտ է, հեռուստատեսությամբ ծխախոտն այլեւս չի գովազդվում, բայց այն կարելի է տեսնել խանութների ցուցափեղկերում, իսկ դա երբեմն ավելի ազդեցիկ գովազդ է, քան հեռուստատեսայինը։