Ձվարանների առաջնային անբավարարություն (ՁԱԱ, որի դեպքում օրգանիզմը դադարում է էստրոգեն արտադրել) ունեցող երիտասարդ հիվանդները այժմ կարող են վստահել հորմոնալ թերապիային՝ էստրոգենի մակարդակը վերականգնելու համար։ Առողջության ամերիկյան ազգային ինստիտուտի հետազոտողները Կլինիկական էնդոկրինոլոգիայի եւ նյութափոխանակության ամսագրում հրապարակել են իրենց եզրակացությունները, հաղորդում է Medical Daily-ին։
ՁԱԱ ունեցող կնոջ մոտ սեռական հորմոնների՝ էստրադիոլի, տեստոստերոնի, պրոգեստերոնի եւ էստրոգենի քանակը նորմայի սահմաններում չէ, ինչը նվազեցնում է ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, ինչպես օսթեոպորոզի դեպքում։
«Ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը կարեւոր պայման է ոսկրի առողջության համար։ Այս հետազոտությունը ցույց է տվել, որ հորմոնալ բուժումը ոչ միայն կարող է նվազեցնել ՁԱԱ ունեցող կնոջ ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը կորցնելու արագությունը, այլեւ կարող է հասցնել այն նորմայի մակարդակի»,-ասել է հետազոտության գլխավոր հեղինակ եւ վերարտադրողական Էնդոկրինոլոգիայի ծրագրի գիտաշխատող, դոկտոր Լոուրենս Մ. Նելսոնը։
Եթե ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը վերականգնվի, ապա նման հիվանդների մոտ ոսկրի կոտրվածքների հավանականությունը նվազում է։ Հետազոտողները ուսումնասիրել են հորմոնալ թերապիայի ազդեցությունը 18-42 տարեկան 145 կնոջ ազդրերի եւ ողնաշարի ստորին հատվածի վրա։ Կանայք բաժանվել են երկու խմբի. առաջին խմբի կանայք բուժվել են էստրադիոլի եւ տեստոստերոնի սպեղանիներով եւ պրոգեստին դեղահաբերով, իսկ մյուս խումբը՝ էստրադիոլի սպեղանիներով, պրոգեստին դեղահաբերով եւ պլացեբո սպեղանիներով։ Գիտնականները երկու խմբերից ստացված ոսկրային հանքային խտության արդյունքները համեմատել են վերստուգիչ՝ հորմոնների նորմալ մակարդակ ունեցող կանանց հետ։
Երկու խմբերում էլ բուժումն օգտակար է եղել, եւ հետազոտության վերջում բոլոր կանանց մոտ ոսկրային հանքային հյուսվածքի խտության այնպիսի զգալի բարելավումներ են նկատվել, որ այն գրեթե հավասարվել է ՁԱԱ-ով չտառապող, առողջ կանանց մակարդակին։






