Քնաբանությունը այսօր Եվրոպական մի շարք երկրների եւ Ամերիկայի բժիշկների ուշադրության կենտրոնում է: Հայաստանում այս ոլորտը դեռ նոր է զարգանում, բայց արդեն կա փոքր քնաբանական կլինիկա՝ երեք մասնագետով: Մասնագետներից մեկը՝ նյարդաբան Սամսոն Խաչատրյանը, պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին, թե քնի հետ կապված ինչ հիվանդություններ է ուսումնասիրում քնաբանությունը, եւ այդ հիվանդություններից որոնք են տարածված Հայաստանում։

Ի՞նչ է ուսումնասիրում եւ բուժում քնաբանությունը

Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ քնի խանգարումների մեջ ամենից հաճախ հանդիպող խնդիրներն են քնի որակի եւ շնչառության հետ կապված խնդիրները.

  • Ինսոմնիան կամ անքնությունը, որն այսօր շատ հաճախ է հանդիպում;
  • Գերքնկոտ վիճակը, որը կարող է օրգանիզմում տարատեսակ խանգարումների կամ քնի հետ կապված այլ հիվանդությունների հետեւանք լինել;
  • Քնի շնչառական խանգարումները՝ ինչպիսիք են բոլորին հայտնի խռմփոցը եւ քնի շնչարգելությունը կամ շնչադադարը, որը կոչվում է նաեւ քնի ապնոէ։ Ապնոէն շատ վտանգավոր երեւույթ է եւ ազդում է ողջ օրգանիզմի վրա, մասնավորապես, սիրտ-անոթային համակարգի եւ ուղեղի վրա; այն նաեւ կարող է առաջացնել նյութափոխանակության խանգարումներ եւ ճարպակալում:

Կան նաեւ խանգարումներ, որոնք կապված են քնի վարքային երեւույթների հետ.

  • Լուսնոտություն՝ սոմնամբուլիզմ, եւ նմանատիպ այլ խանգարումներ;
  • Գիշերային վախեր;
  • Երազային փուլի խանգարումներ, որոնք ուղեկցվում են երազների ժամանակ շարժումներով։ Այդ շարժումները կարող են վնաս հասցնել հենց քնածին կամ նրա կողակիցներին;
  • Քնի շարժողական խանգարումներ, որոնցից ամենատարածվածն է անհանգիստ ոտքերի համախտանիշը, երբ մարդը ոտքերում ինչ-որ անհարմարություն է զգում եւ քնած ժամանակ անընդհատ շարժում է դրանք; սա առաջացնում է երկրորդային անքնություն՝ մարդիկ դրա պատճառով երկար չեն կարողանում քնել կամ արթնանում են իրենց իսկ շարժումների պատճառով:

Երբեմն հանդիպում  են նաեւ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են քնի ժամացույցի շեղումները. Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել Երկրի 24-ժամյա գրաֆիկին՝ նրանց «ներքին» գրաֆիկը, օրինակ, 28-ժամանոց է։

Այս հիվանդություններից որոն՞ք են ամենատարածվածը

Ինչպես նշեց Սամսոն Խաչատրյանը, ողջ աշխարհում ամենատարածվածն են անքնությունը եւ քնի շնչառական խանգարումները: Հայաստանում խոշոր հետազոտություններ չեն անցկացվել, բայց կարելի է ենթադրել, որ այստեղ էլ ամենաշատ տարածված խանգարումները նույնն են, ինչ այլ երկրներում։ Ամեն դեպքում, նյարդաբանի խոսքով, ամենից շատ նրանց կլինիկա դիմում են ապնոէով, անքնությամբ եւ անհանգիստ ոտքերի համախտանիշով։

Ի դեպ, հետաքրքիր է, որ 2006-2007 թվականներին Սամսոն Խաչատրյանը եւ նրա թիմը հետազոտություն են կատարել պարզելու համար, թե Հայաստանում անհանգիստ ոտքերի համախտանիշը որքանով է տարածված տասնութից բարձր մարդկանց շրջանում: Պարզվել է, որ հարցվածների մոտ 8 տոկոսի մոտ այդ համախտանիշն առկա էր, իսկ դա բավական մեծ թիվ է: