Մենթոլով սիգարետին հակված դեռահասներն օրվա ընթացքում ավելի շատ են ծխում: Կանադայում` շուրջ 5 հազար 9-12-րդ դասարանցիների շրջանում իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են հուշում, որ մենթոլը, սովորական ծխախոտի համեմատությամբ, ավելի լուրջ կախվածություն է առաջացնում, տեղեկացնում է Medical Daily-ն:

Մասնավորապես, պարզվել է, որ 10-12-րդ դասարանցիների շուրջ 10 տոկոսը ծխախոտ է օգտագործում, որոնց երրորդ մասը` մենթոլով: Երկրի կառավարությունը 2010թ. արգելել էր անուշաբույր գլանակներով սիգարետների վաճառքը` բացառությամբ մենթոլի: Ուստի մտահոգություն կա, որ ներկայումս անչափահասներն ավելի հակված են մենթոլով սիգարետ փորձարկել:

Պատկերի տրամաբանությունը կարելի է նաեւ այլ երկրների վրա տարածել: Հարեւան Միացյալ Նահանգներում ավագ դպրոցների աշակարտների շուրջ 23,3 տոկոսը ծխող է համարվում: