Հղիության վերջին շաբաթներին կնոջ օրգանիզմում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Կարող են, մասնավորապես, անկանոն ցավեր լինել, որոնց անփորձ հղիները մեծ մասամբ ծննդաբերության մեկնարկի հետ են շփոթում։ Ծննդաբերության վաղ նախանշանների եւ իսկապես սկսված ծննդաբերության մասին NEWS.am Medicine-ի թղթակցին գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն է պատմել:

Ինչո՞ւ է կարեւոր ծննդաբերության մեկնարկը վաղ նախանշաններից տարբերելը

Շատ հղիներ, որովայնի շրջանում անկանոն կծկումներ, իսկ մեջքի երկայնքով՝ ցավեր զգալով, միանգամից հիվանդանոց են շտապում։ Սակայն հաճախ դրանք ընդամենը կեղծ կծկումներ են՝ ծննդաբերության վաղ նախանշաններ, եւ հղիները ստիպված են լինում տուն վերադառնալ եւ իսկական ծննդաբերությանը սպասել։

Շուշանիկ Բախշյանի կարծիքով՝ կինը պետք է վաղ նախանշանները ծննդաբերությունից տարբերել իմանա: Դա շատ կարեւոր է՝ հիվանդանոց ճիշտ ժամանակին ներկայանալու համար:

«Մարդիկ կան` շատ շուտ են գալիս, հետո ստիպված են լինում տուն վերադառնալ, եւ այդպես մի քանի անգամ: Մարդիկ էլ կան, որոնք նախանշանները բաց են թողնում, չեն կողմնորոշվում, չեն հասկանում, որ դա ծննդաբերություն է, եւ ուշացած են գալիս», - պատմել է գինեկոլոգը: - «Առաջնածինների մոտ անգամ տնային ծնունդներ են լինում՝ ահա այդ աստիճան չեն կողմնորոշվում, թե ինչ է կատարվում»։

Ինչպե՞ս տարբերել կեղծ կծկումները` ծննդաբերության իրական նախանշաններից

Արգանդը մկանային օրգան է, եւ ինչպես ցանկացած այլ մկան՝ այն «մարզվելու» կարիք ունի։ Կեղծ կծկումները մարզանքի նման մի բան են եւ արգանդը ապագա ծննդաբերությանը պատրաստելու միտում ունեն։

Կեղծ կծկումներն իրականից անկանոնությամբ են տարբերվում։ Դրանք կարող են, օրինակ, 20 րոպե միջակայքով լինել, ապա` 1 ժամ, իսկ հետո էլ` բոլորովին անհետանալ։ Բացի այդ, մարմնի դիրքը փոխելիս եւս երբեմն անհետանում են:

Ծննդաբերական կծկումները կանոնավոր, աստիճանաբար նվազող միջակայքով են ի հայտ գալիս։

Ծննդաբերության նախանշանների եւ կեղծ կծկումների մասին առավել մանրամասն տեղեկություններ հղիությունը վարող` կոնկրետ կնոջ հոգեբանական վիճակին եւ առողջական խնդիրներին ծանոթ գինեկոլոգը կարող է տալ. հենց նա էլ բոլոր առումներով օպտիմալ ծննդաբերություն կնախապատրաստի։