Ֆլիբանսերին արտադրող Sprout Pharmaceuticals ընկերությունը բողոքարկել է ԱՄՆ  Սննդամթերքի եւ դեղերի վերահսողության (FDA) մերժումը դեղը ԱՄՆ-ի շուկա դուրս բերելու հարցում: FDA-ն ընկերությանը մերժել է այն բանի համար, որ  ընկերությունը չի տրամադրել մանրակրկիտ տեղեկություններ դեղի վերաբերյալ։

Քանի որ այդ դեղամիջոցն առաջին անգամ թույլտվություն չէր ստացել 2011 թվականի հունիսին, ընկերությունն իրականացրեց ավելի քան 3000 նոր հիվանդների մասնակցությամբ 14 նոր հետազոտություն՝ կրկնակի հայց ներկայացնելու համար: Ընդհանուր առմամբ ավելի քան 11000 կին փորձարկեցին դեղամիջոցը:

«Ընկերությունը վստահ է, որ ավելի քան բավարարել է ֆլիբանսերինի հաստատման համար անհրաժեշտ բոլոր պահանջները»,- հայտարարեց Sprout Pharmaceuticals ընկերության տնօրեն Սինդի Ուայտհեդը:

Կանանց մոտ սեքսուալ դիսֆունկցիայի դեղամիջոցների պահանջարկը բարձր է: Կանանց  43%-ը ունեն սեռական բնույթի խանգարումներ, այդ թվում  սեռական ցանկության ցածր մակարդակ կամ ցակնության խանգարումներ, ինչն էլ բերում է միջանձնյա խանգարումների կամ սթրեսի, տեղեկացնում է CBS News.

Տղամարդկանց սեռական դիսֆունկցիայի բուժման մի քանի եղանակներ կան, մինչդեռ կանանց համար գոյություն ունեն շատ քիչ դեղամիջոցներ:  Վիագրա արտադրող Pfizer ընկերություը 2004  թվականին դադարեց այս դեղամիջոցի կանացի տարբերակի մշակումը, իսկ կանանց համար BioSante Pharmaceuticals տեստոստերոնի գելը 2011 թվականին երկու մեծ հետազոտության արդյունքում անհաջողության մատնվեց: Procter and Gamble ընկերությունը 2004 թվականին նույնպես ներկայացրեց կանանց համար նախատեսված տեստոստերոնի պլաստիրներ, բայց սա նույնպես  մերժվել էր FDA-ի կողմից երկարատեւ բարդությունների պատճառով:

Sprout Pharmaceuticals-ը կարծում է, որ ֆլիբանսերինը կարող էր խնդրի լուծում հանդիսանալ: Դեղամիջոցն աշխատում է շնորհիվ սեռական մղումների հետ կապված գլխուղեղի դոֆամին եւ նորադրենալին նեյրոմեդիատորների մակարդակի բարձրացման: Այս դեղամիջոցը նվազեցնում է նաեւ սեռական մղումը ճնշող նեյրոմեդիատոր՝ սերոտոնինի մակարդակը: