Հայաստանում՝ մասնավորապես Երեւանում, բժիշկների թիվը բնակչության համեմատ շատ ավելի մեծ է, քան շատ այլ երկրներում, եւ դա կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, կարծում է մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանը՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից (UCLA)։

Հայաստանում, Շանթ Շեխերդիմյանի խոսքով, 10 000 բնակչին հասնում է մոտ 70 բժիշկ, մինչդեռ այլ երկրներում նույն թվով բնակիչներին հասնում է մոտ 30-35 բժիշկ։

Առաջին խնդիրը, որը, Շանթ Շեխերդիմյանի կարծիքով, առաջանում է բժիշկների մեծ թվի պատճառով, այդ բոլոր բժիշկների եկամուտի ապահովումն է, որը հավելյալ ծախս է համակարգի համար։

Երկրորդ խնդիրն այն է, որ ցանկացած բժիշկ «լավ մարզավիճակում» գտնվելու համար պետք է ունենա բավարար քանակությամբ հիվանդներ, որպեսզի նրա գիտելիքները միշտ օգտագործվեն։ Օրինակ, արեւմուտքում ընդունված է, որ վիրաբույժը պետք է տարեկան ինչ-որ քանակությամբ վիրահատություններ անի՝ իր հմտությունները շտկելու համար։ Իսկ եթե երկրում բժիշկների թիվը մեծ է, իսկ բնակչությունը՝ փոքր, վիրաբույժը չի կարողանում իր տեխնիկան հաճախ օգտագործել եւ կարող է որոշ բաներ ժամանակի ընթացքում մոռանալ։

«Բժշկական կրթությունը չի դադարում, երբ ավարտում ես բժշկական համալսարանը։ Այն պետք է շարունակվի բժշկի ողջ կյանքի ընթացքում», - հիշեցրել է Շանթ Շեխերդիմյանը։

Հիշեցնենք, որ մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Արաբկիր» բժշկական կենտրոնում կազմակերպված գիտաժողովին  եւ դասախոսությամբ հանդես գալու Հայաստանի ամերիկյան համալսարանում։