ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Թալինի, Ծաղկահովիտի, Աշտարակի եւ Ապարանի բժշկական կենտրոններում եւ ծանոթացավ բուժհիմնարկների շենքային պայմաններին, կադրային եւ նյութատեխնիկական հագեցվածությանը, դեղերով ապահովվածությանը, ընթացիկ աշխատանքներին: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Արմեն Մուրադյանն իր այցի ժամանակ նաեւ զրուցեց հիվանդների հետ, հետաքրքրվեց նրանց վիճակով եւ բուժման ընթացքով:
Բոլոր բժշկական կենտրոններում նախարարը հետաքրքրվեց շտապ օգնության եւ լաբորատոր-գործիքային ծառայության հնարավորություններով եւ առկա խնդիրներով:
Արագածոտնի մարզպետարանում մարզպետի եւ բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ ափոփեց այցի արդունքները:
«Մարզերի բուժհաստատություններում հիմնականում առկա են կադրային եւ նյութատեխնիկական հագեցվածության խնդիրները: Նախարարությունը ամեն ջանք կգործադրի` աջակցելու կադրերով ապահովմանը, սակայն այս գործում ավելի մեծ անելիքներ ունեն հենց բուժհիմնարկները, համայնքները եւ մարզպետարանը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` յուրաքանչուր մարզի համար որակյալ մասնագետներ ունենալը հպարտության մեծ առիթ պետք է լինի:
Նախարարը բժշկական կենտրոնների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց նաեւ ընդունարաններում առաջին բուժօգնության հնարավորությունները լիցենզիոն պահանջներին համապատասխանեցնելու եւ մասնագիտական անհրաժեշտ հմտություններ ապահովելու խնդրի վրա:
Նա մարզային հիվանդանոցների ղեկավաներին առաջարկեց նախարարության մասնագետների խորհրդատվությամբ կազմակերպել միանգամից մի քանի հիվանդների ընդունման ուսումնամեթոդական վարժանքներ:
Առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպիչը հորոդորեց նաեւ քայլել ժամանակին համընթաց, օգտվել Երեւանի առաջատար բժշկական կենտրոնների հետ հեռակապի հնարավորությունից, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում ընդգրկվելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը նախնական հաշվարկներ է կատարել, թե որքան գումար է անհրաժեշտ Ծաղկահովիտի եւ Աշտարակի հիվանդանոցների արդիականացման համար: Արմեն Մուրադյանը նշեց, որ լրացուցիչ նոր հաշվարկներ կարվեն եւ կներկայացվեն հանրապետության վարչապետին` հնարավորության դեպքում նաեւ այս կենտրոնները Համաշխարհային բանկի վարկային առաջիկա ծրագրերում ընդգրկելու նպատակով:
Անդրադառնալով պոլիկլինիկական ծառայություններին` նախարարն ընդգծեց, որ հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացմանը զուգընթաց կարեւորվում է հիվանդությունների կանխարգելումը եւ վաղ հայնտաբերումը:
Արմեն Մուրադյանը բուժհիմնարկների ղեկավարներին նաեւ հորդորեց ուժեղացնել հսկողությունը դեղերի ձեռքբերման, պահպանման եւ կիրառման գործընթացի հանդեպ:






