Առողջապահության նախարարությունը պատրաստ է կազմակերպել մարզերի որակյալ մասնագետների վերապատրաստումն արտասահմանյան լավագույն կլինիկաներում, քանի որ դա կխթանի թե՛ մարզային հիվանդանոցներում բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, թե՛ այդ կլինիկաների հետ մասնագիտական գործընկերային հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին Արագածոտնի մարզում գտնվող Թալինի բժշկական կենտրոնի այցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը:

Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը ներկայացրեց, որ մշտապես հաջողությամբ համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով իրենց հիվանդանոցին կցված Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ: Իսկ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը ֆինանսավորել է այս կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վերանորոգումը եւ արեւային էներգիայի համակարգի ներդրումը:

Թալինի բժշկական կենտրոնում է աշխատում սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանը, ով վերջերս կատարած անձնվեր աշխատանքի ու մասնագիտական հմտության շնորհիվ փրկել էր հիվանդներից մեկի կյանքը։ Արմեն Մուրադանը բուժաշխատողի տոնի կապակցությամբ, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ դրսեւորելու եւ սահմանային վիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար նրան պարգեւատրել է պատվոգրով։