Հետազոտությամբ պարզվել է, որ ինսուլտի՝ արյան խցանումները ցրող tPA դեղամիջոցի օգնությամբ վաղաժամ բուժման պարագայում կարելի է լիարժեք ապաքինման հասնել. ամենակարեւորը ժամանակի գործոնն է, հաղորդում է NewsMax Health-ը:
«Հյուսվածքների պլազմինոգենն ակտիվացնելու հատկությամբ աչքի ընկնող tPA-ն, որ նաեւ ալտեպլազ անվամբ է հայտնի, հիվանդների հաշմանդամության աստիճանը նվազագույնի հասցնելու ներուժ ունի», - նշել է հետազոտության համահեղինակ, Օքսֆորդի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամ Ջոնաթան Էմբերսոնը՝ հավելելով, որ հետազոտությամբ հաստատվել է, թե որքան վաղ են հիվանդները բուժում ստանում, այնքան արդյունավետ է այն գործում:
«Անչափ կարեւոր է, որ նվազագույն նյարդաբանական ախտանշանի առկայության դեպքում հիվանդը շտապ օգնության ծառայությանը դիմի», - հետազոտության արդյունքների հետ համաձայնել է Նյու-Յորքի Լենոքս Հիլ հիվանդանոցի ինտերվենցիոն նեյրոռենտգենոլոգիայի եւ ինսուլտի ամբիոնի վարիչ դոկտոր Ռաֆայել Ալեքսանդր Օրտիսը:
Արյան հոսքի հետ միասին ուղեղում հայտնված խցանումները ցրող դեղամիջոցները իշեմիկ ինսուլտով տառապող հիվանդներին են նշանակվում:
Հետազոտության շրջանակում Էմբերսոնի գլխավորությամբ գործող խմբի անդամները tPA-ի կլինիկական փորձարկումներին մասնակցած ավելի քան 6700 հիվանդների առողջական վիճակին են հետեւել:
Լիարժեք ապաքինման (ինսլուտից հետո՝ 3-6 ամիս անց նշանակալի հաշմանդամության բացակայություն) հավանականությունը 75 տոկոսով բարձր է գնահատվել այն մասնակիցների մոտ, որոնք, ի տարբերություն այլ դեղամիջոցների օգնությանը դիմած հիվանդների, ինսուլտի առաջին ախտանշանների ի հայտ գալու հետո՝ երեք ժամվա ընթացքում են tPA-ով բուժում ստացել:.
Թեեւ 3 ժամվա միջակայքը իդեալական է համարվում, մի փոքր ուշացումով բուժում ստացած հիվանդների մոտ եւս որոշակի առավելություն է նկատվել: Օրինակ, առաջին ախտանշաններից հետո՝ 4,5 ժամվա ընթացքում համապատասխան բուժօգնություն ստացած հիվանդների մոտ ցանկալի արդյունքի հավանականությունը 26 տոկոսով բարձր է գնահատվել: 15 տոկոսով բարձր են եղել նաեւ եղել այն հիվանդների՝ լիարժեք ապաքինման հասնելու շանսերը, որոնք 4,5 ժամից էլ ուշ են բուժօգնության դիմել:
tPA-ով բուժման առավելութունը բոլոր՝ ըստ տարիքի եւ հիվանդության բարդության բաժանված խմբերում է նկատվել:
Դեղամիջոցի հետ կապված աննշան ռիսկ եւս գոյություն ունի. ինսուլտի առաջացումից հետո՝ մի քանի օրերի ընթացքում ուղեղի արյունահոսության հետեւանքով մահացության մակարդակը, այլ դեղամիջոցների օգնությանը դիմած հիվանդների հետ համեմատությամբ, 2 տոկոսով բարձր է գնահատվել:






