Էնտերովիրուսային վարակների դեպքերի թիվը Հայաստանում նվազում է. եթե հունիսի սկզբին օրական մոտ 16-19 հոգի հոսպիտալացվում էր, ապա այսօր օրական արդեն գրանցվում է ընդամենը 7-9 դեպք: Այս մասին օգոստոսի 7-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Էնտերովիրուսներով վարակվածների մեծ մասը 5-9 տարեկան երեխաներ են. նրանց իմունային համակարգը դեռ բավական պինդ չէ՝ վիրուսի հետ պայքարելու համար, այդ պատճառով, հենց երեխաներն են ռիսկի խմբում: Վարակը նրանց մոտ արտահայտվում է բարձր ջերմությամբ, սրտխառնոցով եւ փսխումներով:
Գայանե Սահակյանի խոսքով՝ հունիսի մեկից մինչ օրս գրանցվել է էնտերովիրուսային վարակների 450 հոսպիտալացման դեպք:
Քանի որ էնտերովիրուսների դեմ պատվաստանյութ գոյություն չունի, Գայանե Սահակյանը խորհուրդ է տալիս խստորեն հետեւել հիգիենայի բոլոր կանոններին, քանի որ վարակը կարող է փոխանցվել կեղտոտ ձեռքերի կամ ոչ լավ լվացած սննդամթերքի միջոցով:






