Երիկամանի քարի պատճառած ցավին ծանոթ որեւէ մեկը երբեք չի ցանկանա նույն պատմության հետ երկրորդ անգամ առնչվել: Մայո կլինիկային կից՝ ուրոլոգիայի հետազոտական կենտրոնի աշխատակիցները ռեցիդիվի առաջացման հավանականությունը ճշգրտորեն հաշվարկող միջոց են հայտնաբերել: Նորահայտ նոմոգրաման, 11 հարցերի պատասխանները մշակելով, երկու, հինգ եւ 10 տարիների ընթացքում եւս մեկ երիկամային քարի առաջացման հավանականությունը կանխատեսելու նպատակ է հեապնդում, հաղորդում է Medical Daily-ն:

«Եթե պարզվում է, որ տվյալ հիվանդի մոտ եւս մեկ երիկամային քարի առաջացման բարձր հավանականություն է գործում, կարող ենք որոշակի կանխարգելիչ սննդակարգ մշակել կամ դեղամիջոցներ նշանակել, կամ էլ՝ սահմանափակումներից ու դեղամիջոցներից զերծ պահել այն մարդկանց, որոնց ռեցիդիվ չի սպառնում», - նշել է բուժհաստատության աշխատակիցներից մեկը՝ դոկտոր Էնդրյու Ռուլը: 

Վերջինս, իր գործընկերների հետ միասին, առաջին երիկամային քարը հեռացնելու նպատակով բուժհաստատության օգնությանը դիմած 2239 չափահաս հիվանդների առողջական վիճակին են հետեւել: 2012թ.-ի դրությամբ նրանցից 707-ի մոտ բարդյության կրկնություն է նկատվել: Երեւույթի դեմ պայքարի արդյունավետ միջոց մշակելու նպատակով, հետազոտական խմբի անդամները 11 հարց են մշակել, որոնց պատասխանների շնորհիվ ROKS (Recurrence of Kidney Stone) անունը կրող նոմոգրաման կարող է բարդության հետագա կրկնման հավանականության մասին հստակ պատկերացում կազմել: Մասնավորապես պարզվել է, որ երիկամային քարի առաջացման ընտանեկան պատմություն ունեցող, սպիտակամաշկ, երիտասարդ տղամարդիկ ռեցիդիվի նկատմամբ ամենախոցելի խումբն են կազմում: Ընդ որում, նրանց պարագայում երիկամային քարը գլխավորապես ոչ թե կալցիումային, այլ միզաթթվի բաղադրություն ունի եւ կարող է մեզի հետ արյան արտանետում հրահրել:

Գիտնականները հատկապես այն հանգամանքն են կարեւորում, որ հետագայում էլ կարող են հավելյալ փոփոխականներ ավելացնել հաշվարկի բանաձեւին՝ կանխատեսման ճշգրտությունը բարելավելու համար:

Երիկամային՝ հիմնականում միներալային եւ աղաթթվային բաղադրություն ունեցող քարերը մարդկության մինչեւ 9 տոկոսի օրգանիզմում կարելի է գտնել: Բարդության կրկնման կանխարգելմանը միտված բազմաթիվ՝ սննդակարգին առնչվող խորհուրդներ եւ դեղամիջոցները են մշակվել: Վերջիններս, այդուհանդերձ, բավականին թանկ արժեն եւ կարող են կողմնակի ազդեցություններ հրահրել: