ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գավառի պոլիկլինիկայում զրուցեց ընտանեկան բժիշկների, բուժքույրերի, նեղ մասնագետների հետ, հետաքրքրվեց, թե որքանով են բարձրացել նրանց աշխատավարձերըև ինչ խնդիրներ ունեն։ Այս մասին NEWS.am Medicine-ին հատնեցին Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Արմեն Մուրադյանը ծանոթացավ պոլիկլինիկայի հագեցվածությանն ու մատուցվող ծառայություններին եւ հորդորեց պոլիկլինիկայում առկա երկու ռենտգեն սարքերից շարժականը վերաբաշխել մարզի հիվանդանոցներից մեկին, որտեղ կա դրա խիստ անհրաժեշտությունը։
Համաշխարհային բանկի վարկային ծրագրով երեք տարի առաջ արդիականացված Գավառի բժշկական կենտրոնում նախարարը ծանոթացավ, թե ինչ ծավալով են օգտագործվում ժամանակակից սարքավորումներն ու ստեղծված հնարավորությունները։ Բուժաշխատողների հետ զրույցի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչպես են կիրառվում աշխատավարձերի ձևավորման նախարարության կողմից հաստատված չափորոշիչները։ Հանձնարարեց, առաջնորդվելով դրանցով, համամասնորեն բոնուսներ հատկացնել բոլորին` վիրաբույժից ու անեսթեզիոլոգից սկսած մինչև ընդունարանի բուժքույր, մայրապետ ու հարակից ծառայություններ մատուցողներ։
Վերջերս այստեղ աշխատանքի ընդունված սիրիահայ գաստրոէնտերոլոգ Հակոբ Թամիրյանն իր գոհունակությունը հայտնելով թե՛ կենտրոնի հագեցվածության, թե՛ բուժաշխատողների պատպաստվածության առթիվ` սփյուռքահայ իր գործընկերներին կոչ արեց գալ հայրենիքում աշխատելու։
Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարարն էլ իր հերթին ընդգծեց.
«Մարզային հիվանդանոցների արդիականացման ու կադրերով համալրման գործընթացը, որ շարունակվում է, մեծացնում է բնաչության և բուժաշխատողների վստահությունը համակարգի նկատմամբ»։
Ծանոթանալով Սևանի հիվանդանոցի աշխատանքներին և առկա խնդիրներին` Արմեն Մուրադյանը նշեց, որ թեև այն վերանորոգման, վերազինման ու կադրային հագեցվածության կարիք ունի, սակայն իր տեղակայումով առավել շահեկան վիճակում է և ճիշտ կառավարման դեպքում կարող է ավելի լավ արդունքներ ապահովել։ Տնօրենի նոր պաշտոնակատարին խորհուրդ տվեց առաջին հերթին գույքագրել հիվանդանոցի բոլոր խնդիրներն ու փորձել առանձին գրավիչ ծրագրերով հովանավորներ գտնել դրանք լուծելու համար։
Սևանի պոլիկլինիկայում նախարարն ընդգծեց, որ պետությունը, կարևորելով առողջության առաջնային պահպանման դերը, հուլիսի 1-ից բարձրացրել է միայն այս օղակի և շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը։ Սակայն սա միաժամանակ նոր մոտեցումներ ու նոր պահանջներ է ենթադրում։
«Հատուկ պայման է դրվում բնակչությանն առողջ պահել, ոչ թե բուժել։ Նոր չափորոշիչներով առաջնահերթ են դառնում կանխարգելիչ այցերը։ Ձեզ մոտ հավաքագրված բնակչության հետ մի փոքր ավելի երկար զրուցեք և սիրալիր ու հոգատուր վերաբերվեք։ Նրանց տեղեկացրեք ռիսկային 5 գործոնների մասին, որոնցով պայմանավորված է մեր երկրում արձանագրվող մահերի 90 տոկոսը», - ասաց Արմեն Մուրադյանը։ Նաև տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում էլեկտրոնային քարտերի ներդրման արդյունքում զգալի կպակասեն նրանց կողմից իրականացվող գրագրությունները։
Ծանոթանալով պոլիկլինիկայում ստեղծված լավ պայմաններին ու կատարվող աշխատանքներին` նախարարը հորդորեց հնարավորություններ գտնել բարելավելու նաև մանկական հատվածի պայմանները։
Արմեն Մուրադյանը եղավ նաև Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ հաջողությամբ դիսպանսեր հսկողություն է իրականացվում 1178 հոգեկան խանգարում ունեցողների նկատմամբ։ Դրա արդյունքում զգալիորեն բեռնաթափվում է հիվանդանոցային ծառայությունը։
Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում Արմեն Մուրադյանն ամենուր առաջին հերթին ուշադրություն էր դարձնում բժշկական օգնության որակի և անվտանգության ապահովմանը։ Բոլոր բուժհիմնարկներումանկաշկանդ զրույցներ էին տեղ ունենում կոլեկտիվների հետ, որի ընթացքում քննարկվում էին կադրային քաղաքականությանը, ֆինանսների արդյունավետ կառավարմանը, ընթացիկ խնդիրների լուծմանը վերաբերող և այլ հարցեր։ Արմեն Մուրադյանն անհրաժեշտության դեպքում նաև մասնագիտական խորհրդատվություն էր տալիս։






