Բերդ կատարած իր այցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ Բերդի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին, որոնք պլանավորված է ավարտել աշնանը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Շինհրապարակում շրջայցի ընթացքում նախարարը շինարարներին հիվանդանոցի կառուցման աշխատանքի որակի վերաբերյալ հանձնարարականներ տվեց:  

Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոնի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Համշախարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման համապատասխան վարկային ծրագրի շրջանակում: Բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն եւ լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքները, կտեղակայվեն բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում, իսկ կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունը կտեղափոխվի ինֆեկցիոն մասնաշենք:

Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվեն Բերդի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական եւ ինֆեկցիոն մասնաշենքերը, ինչպես նաեւ կկառուցվի կցակառույց` բոլոր բժշկական ծառայությունները տեղակայելով մեկ մասնաշենքերում: Բժշկական կենտրոնը շինարարական աշխատանքներից հետո կդառնա Բերդի տարածաշրջանի լավագույն բժշկական հաստատություններից մեկն ու առանց խոչընդոտների կսպասարկի տեղացիներին: Բժշկական հաստատությունը կհամալրվի լավագույն գործիքներով եւ տեխնիկական հագեցվածությամբ չի զիջի այլ կենտրոններին: