Քաղցկեղ առաջացնող գեները, որոնք «օնկոգեն» անվանումն են ստացել, սովորաբար մուտացիայի կամ ոչ ճշգրիտ արտահայտման արդյունքում են ի հայտ գալիս, երբ իրենց՝ սպիտակուցներ արտազատելու առաքելությունը չափազանց ջանասիրաբար կամ ծուլորեն են իրականացնում: Սակայն գոյություն ունեն մոլեկուլներ, որոնք օնկոգենների աշխատանքը կարգավորելու միտում են դրսեւորում: Իսկ հնարավո՞ր է, որ դրանք քաղցկեղի առաջացման գործում եւս դերակատարում ունենան:
Ստենֆորդի համալսարանին կից գործող բժշկական դպրոցի գիտահետազոտական խմբի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ քաղցկեղով հիվանդների 50 տոկոսի օրգանիզմում մեծ քանակությամբ Myc անունը ստացած սպիտակուց կարելի է գտնել, որը միկրոՌՆԹ-ների ընտանիքը ներկայացնող miR-17-92 գաճաճ մոլեկուլի օգնությամբ ԴՆԹ-ի փաթեթավորման եւ ուռուցքային բջիջների ոչնչացման համար պատասխանատու 5 գեների արտահայտումն արգելափակելու առաքելություն է իրականացնում: Ելնելով հետազոտության արդյունքներից, գիտնականները մտադիր են քաղցկեղի որոշ տեսակների բուժմանը միտված դեղամիջոցների մշակման գործին լծվել, հաղորդում է Medical Daily-ն:
ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի եւ սպիտակուցների «պարը»
Հաճախ ենք լսում, թե ԴՆԹ-ն մարդու կյանքի նախագիծն է, եւ որ այդ նախագիծը մեր օրգանիզմում առկա բջիջների միջուկի մեջ գործող սպիտակուցների տեսքով է արտահայտվում: Սակայն ԴՆԹ-ից սպիտակուցների անցման գործընթացը նաեւ միջանկյալ փուլ է պարունակում. խոսքը ՌՆԹ-ի մասին է, որը յուրաքանչյուր նորաստեղծ բջջին ԴՆԹ-ի նախագիծը փոխանցելու նպատակ է հետապնդում:
Ինչ վերաբերում է Myc սպիտակուցին, նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքները վաղուց էին բացահայտել, որ այն, բջջի մեջ բարձր բաղադրությամբ առկայության դեպքում, քաղցկեղ առաջացնելու միտում ունի: Սակայն այս եզրահանգումը միայն ընդհանուր պատկերացման մասին է խոսում: Այնպես որ, Ստենֆորդի համալսարականներին դեռ հարկավոր էր միկրոմակարդակով տեղի ունեցող գործընթացների էությունն ըմբռնել:
Հետազոտության հեղինակի՝ դոկտոր Դին Ֆելշերի գլխավորությամբ գործող խմբի անդամները, մասնավորապես, պարզել են, որ Myc սպիտակուցը miR-17-92 միկրոՌՆԹ-ի աճ խթանելու միտում ունի, ինչն էլ քաղցկեղի առաջացում հրահրող ազդեցություն է ապահովում: Այնուհետեւ պարզվել է, որ սպիտակուցի եւ մոլեկուլի ազդեցությամբ 401 գեների արտահայտման եղանակի փոփոխություն է նկատվում: Հիշյալ գեներից առանձնացվել են բոլոր նրանք, որոնք առավելագույն ճնշման են ենթարկվում. խոսքը վերոհիշյալ հինգ «դրսեւորումների» մասին է, որոնցից չորսը բջջի միջուկի մեջ տեղավորման համար անհրաժեշտ սպիտակուցների փաթեթի՝ քրոմատինի արտադրությունն են կարգավորում եւ դրանց մեջ առկա գեների հասանելիության մակարդակը որոշում, ինչը բջիջների պրոլիֆերացիայի եւ ծերացման տեսանկյունից որոշիչ գործոն է համարվում: Հինգերորդ գենը ուռուցքային բջիջների ապոպտոզ կամ ինքնաոչնչացում խթանող Bim սպիտակուցների կոդավորումն է իրականացնում: Ապոպտոզն անչափ կարեւոր նշանակություն ունի օրգանիզմի համար, քանի որ այդ կերպ վերջինս վնասված կամ ոչ անհրաժեշտ բջիջներից ազատվելու հնարավորություն է ստանում:






